Սորոսը Սերժի և Քոչարյանի ժամանակ

2868

Հայաստանի գործող իշխանություններին, որոնք ընտրվել են ազատ և արդար ընտրությունների արդյունքում և ստացել ժողովրդի 70 տոկոս քվեն 2018-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում, նախկին իշխանություններին պաշտպանող փոքր խմբերը մեղադրում են նաև սորոսական լինելու մեջ:

Վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին մեղադրում էին Արցախում հողերը ծախելու, Ստամբուլյան կոնվենցիայով (ստորագրել են ՀՀԿ-ականները. Դավիթ Հարությունյանը հարցը ներկայացրել է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության քննարկմանը, և այն ընդունվել է առանց քննարկման) հայ ավանդական ընտանիքը քայքայելու, բանակն ու հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելու և բազում այլ մեղքերի մեջ:

Սորոսականության թեման «Երկիր Մեդիա»-ի հայտնի հարցազրույցում շրջանառության մեջ դրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անմիջապես այն ժամանակ, երբ նրան մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով: Հեգնական է, որ Սորոսի Երևանի գրասենյակից, այսինքն՝ Բաց հասարակության հիմնադրամներից, ժամանակին ավելի քան 150 հազար դոլար դրամաշնորհ ստացել է «Երկիր Մեդիա»-ն:

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Կապանում, 25 հունվար, 2020

Ընդհանրապես, 1997-ից ի վեր, երբ Հայաստանում հաստատվեց Սորոսի գրասենյակը՝ Բաց հասարակության հիմնադրամները, հայկական տասնյակ լրատվամիջոցներ ու հասարակական կազմակերպություններ ստացել են ավելի քան 53 միլիոն դոլարի դրամաշնորհ: Այդ լրատվամիջոցներն ու ՀԿ-ները հրաշալի աշխատանք են կատարել: Առաջին դրամաշնորհները Բաց հասարակության հիմնադրամները տվել է 1998-ից, երբ պալատական հեղաշրջման և ապա կազմակերպված ընտրությունների արդյունքում Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրեց Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանի, ապա և նույնքան վիճելի ընտրությունների ճանապարհով իշխանության եկած Սերժ Սարգսյանի նախագահության 20 տարիներին է, որ հայկական լրատվամիջոցներին ու տարբեր կազմակերպությունների տրվել է նշված 53 միլիոն դոլարի մեծագույն մասը:

Սորոսական լինելու թեման, սակայն, Քոչարյանի ու Սարգսյանի նախագահության տարիներին ակտուալ չէր: Այն շրջանառության մեջ դրեցին հենց Քոչարյանն ու նրան աջակցող փոքր խմբերը: Քոչարյանը խոստովանեց, որ ինքը անգամ ցանկություն է ունեցել կասեցնել Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաաստանում:

Ի դեպ, Սորոսի գրասենյակները փակվել են Հայաստանի հարևան մի շարք ոչ ժողովրդավարական երկրներում: Վիկիլիքսի բազմաթիվ փաստաղթղթերում խոսվում է այն մասին, որ Քոչարյանը և Մարտի 1-ի գործով անցնող Արմեն Գևորգյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների հետ փակ զրույցներում խոսել են ամերիկյան ոչ կառավարական այլ կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում արգելելու անհրաժեշտության մասին, քանի որ նրանք միջամտում են երկրի ներքին գործերին, հատկապես ընտրական գործընթացներում: Դրանցից մեկը ամերիկյան NDI-ն էր:

Ընդհանրապես, Քոչարյանի ժամանակ պետության թշնամի էին որակվում ոչ միայն օտարերկրյա, այլ նաև տեղական կազմակերպությունները: Քոչարյանի ուղղակի միջամտությամբ փակվեց «Ա1 պլյուս» հեռուստաընկերությունը՝ ժամանակի ընդդիմադիր և իշխանությունների կողմից չվերահսկվող ալիքը:

Մարտի 1-ի գործով անցնող Քոչարյանը Հայաստանի գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչների համարում է «Սորոսի սաներ»: Ճիշտ է, և՛ Ազգային ժողովում, և՛ կառավարական շրջանակներում այսօր կան անհատներ, որոնց կազմակերպությունները դրամաշնորհներ են ստացել Սորոսի գրասենյակից: Սակայն արդյոք միայն նրա՞նք են ստացել: Եվ ամենակարևորը՝ այդ ո՞վ է որոշում, թե որ կառույցն է հանուն հայրենիքի աշխատում և որ կառույցը՝ ընդդեմ: Եվ դա պետք է Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կամ նրանց աջակցող փոքր խմբե՞րը որոշեն:

Պարոնա՛յք, դու Ձեր լացը լացեք: Դուք և Ձեր ընտանիքի անդամները ներգրավված են կոռուպցիոն բազմապիսի գործարքների մեջ:

Սորոսի գրասենյակից դրամաշնորհներ ստացել են Մարտի 1-ի գործով անցնող Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը, Սորոսի դեմ անհաշտ պայքար մղող Հայկ Բաբուխանյանը և բազմաթիվ այլ քաղաքական, հասարակական գործիչներ:

Կրկնենք, որ մենք անուններ տալիս ենք ոչ թե մարդկանց ամոթանք տալու, թե ինչու են Սորոսի գրասենյակից դրամաշնորհ ստացել, այլ ցույց տալու իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ Սորոսի դրամաշնորհները տրվում են շատ թափանցիկ կերպով, կոռուպցիայի ռիսկը նվազագույն է, իսկ ստացված դրամաշնորհներով օգտակար ծրագրեր են իրականացվել Հայաստանում: Օրինակ, «Հետք» օնլայն հարթակը, որը հետևողականորեն բացահայտում է բարձրագույն իշխանությունների կոռուպցիոն գործունեությունը, դրամաշնորհներ ստացել է Սորոսի գրասենյակից: Կամ Փաստերի ստուգման օնլայն հարթակը, որը նույնպես դրամաշնորհներ է ստանում Սորոսի գրասնեյակից, այսօր լավ հետաքննություններ է իրականացնում:

Ընդհանրապես, կոռումպացված, ընտրություններ կեղծող, բռնի ուժով իշխանություն պահող կառավարությունների (ինչպիսին եղել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգյանի կառավարությունները) թիվ մեկ թշնամին բաց հասարակությունն է: Բաց հասարակության պայմաններում են ջրի երես գալիս այդ կառավարությունների մութ գործերը: Ահա այդ պատճառով է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին աջակցող փոքր խմբերը կռիվ են տալիս կյանքի մայրամուտին մոտեցած Սորոսի դեմ:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք. Հայաստանին տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլար դրամաշնորհներ տրամադրել են ամերիկյան, եվրոպական, ասիական տարբեր կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ, ընդ որում, ինչպես Սորոսի հիմնադրամի դեպքում, տրվել են այն տարիներին, երբ իշխանության էին Քոչարյանն ու Սերժը:

Ինչո՞ւ են նախկին իշխանությունները շրջանառում Սորոսի և դրամաշնորհների թեման: Երկու հիմնական պատճառ կա մեր կարծիքով:

Առաջին, Սորոսի և դրամաշնորհների թեման շրջանառում են, որպեսզի վարկաբեկեն մաքուր, զտարյուն, Հայաստանում և հայկական միջավայրում ձևավորված Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Հայ ժողովուրդն է մերժել Սերժին և քոչարյանասերժական անցյալը, և այդ գործում որևէ դերակատարություն չեն ունեցել ո՛չ Սորոսը և ո՛չ էլ դրսի որևէ ուժ: Եթե, իրավամբ, Քոչարյանը, Սերժը և նրանց աջակցող փոքր խմբերը համոզված են, որ դրսի ուժերն են տապալել իրենց, ապա շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվել Հայաստանում 2018-ի ապրիլին:

Երկրորդ, Սորոսի թեման շրջանառելով՝ նախկինները փորձում են գրավել ռուսների ուշադրությունը: Ռուսաստանում Սորոսը և նրա հիմնադրամը անցանկալի են, իսկ մեր հայրենակիցներին թվում է, թե հակասորոսկան աղմուկով Պուտինը պետք է գա և օգնի իրենց:

Ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժը Պուտինի ընկերը չեն և ոչ էլ՝ բարեկամը: Ռուսաստանը ունի շահ, և որքան էլ Քոչարյանն ու շրջապատը փորձի իրենով կապել հայ-ռուսական հարաբերությունները, դա չի ստացվելու: Դա չի ստացվելու առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հասարակությունը աջակցում է Փաշինյանին և նրա իշխանությանը: Այն պահին, երբ այդ աջակցությունը նվազի կամ լինի շատ փոքր, գուցե Պուտինը օգտագործի Քոչարյանին կամ այլ ուժի: Բայց ոչ հիմա:

Հիմա հանգիստ նստեք տեղերում:

Թաթուլ Հակոբյան

Այս հոդվածը գրվել է 2019-ի օգոստոսին

ՍիվիլՆեթ