In Ani. հունվարի 15-ից՝ Երևանի գրախանութներում

1311

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ այսօրվանից՝ հունվարի 15-ից, Երևանի գրախանութներում վաճառքի կհանվի Արտաշես Վրույրի «Անիում» աշխատության անգլերեն տարբերակը՝ In Ani:

Մասնավորապես, արժեքավոր այս հատորը հնարավոր կլինի ձեռք բերել Արթբրիջ, Բուկինիստ և Նոյյան Տապան գրատներից: Արժեքը՝ 4.800 դրամ: Գիրքը կարելի է ստանալ նաև ԱՆԻ կենտրոնից:

Գիրքը հայերենից անգլերեն թարգմանել է Հեղինար Մելքոմ Մելքոմյանը, խմբագիրը՝ Թաթուլ Հակոբյանն է, լուսանկարների հեղինակը՝ Գևորգ Հարոյանը:

Գրքի թարգմանության ծախսերը հոգացել են Եդուարդ և Վերժին Մսըրլեանները Սան Ֆրանցիսկոյից:

ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը առաջաբանում գրում է

Անիի վերջին բնակիչները՝ Արտաշես Վրույրի «Անիում» գիրքը

Երեք տարի առաջ Երևանում գտնվող իմ բարեկամներից Եդուարդ Մսըրլեանը (Սան Ֆրանցիսկո) ինձ փոխանցեց այս գրքի երկրորդ՝ 1979 թվականի հրատարակությունը։ Ասաց՝ ժամանակ ունենաս, կարդա։

Կարդացի շապիկի գրությունը՝ Արտաշես Վրույր, Անիում։

Վրույր ազգանունը ինձ ծանոթ էր Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնից։ Այնտեղ, հայ մշակույթի երախտավորների կողքին, հանգչում է հայ նշանավոր դերասաններից Արամ Վրույրը։ Արտաշեսը նրա որդին էր և հոր հետ 1900-ական թթ առաջին երկու տասնամյակներում՝ հունիս, հուլիս, օգոստոս ամիսները՝ իր մանկության և պատանեկության ամառները, անց է կացրել Բագրատունիների վերջին մայրաքաղաքում՝ Անիի ավերակներում։

Մի քանի էջ կարդալուց հետո որոշեցի մաս-մաս հրատարակել ԱՆԻ կենտրոնի կայքում։

Մեր հաջորդ հանդիպման ժամանակ Եդուարդ Մսըրլեանին պատմեցի, որ գիրքը մի շնչով եմ կարդացել և իմ կարդացած հատորներից միակն է, որը նկարագրում է Անիի վերջին բնակիչներին, վերջին վանահորը․․․

Որոշեցինք այն հրատարակել հայերեն ու նաև՝ թարգմանել անգլերեն։

Բացի այդ, անհրաժեշտ նկատեցինք հին՝ 100 և ավելի առաջ տարիներ արված լուսանկարների կողքին դնել այսօրվա Անիի լուսանկարները։

Հատուկ այդ նպատակով ՍիվիլՆեթի լուսանկարիչ Գևորգ Հարոյանի հետ 2019-ի սեպտեմբերին մեկնեցինք Անի։

Անիում եղել եմ շատ անգամներ։ Այս այցելությունը այլ էր։ Մեկ ամբողջ օր քայլեցինք 1000-ամյա մայրաքաղաքում, նկարեցինք բոլոր եկեղեցիները՝ կանգուն, կիսավեր ու ավերակ, զովացանք Ախուրյան ու Անի գետերի ջրերով։

Գևորգը փոխանցեց նաև վերջին մի քանի տարիներին Անիում արած իր այլ լուսանկարներ:

Ես ավելացնելու այլ բան չունեմ, բացի իմ շնորհակալությունը հայտնել Գևորգին, հայերենից անգլերեն թարգմանությունը կատարած Հեղինար Մելքոմ Մելքոմյանին, հայերեն տեքստի մուտքագրող Արմենուհի Մանուկյանին և Լուսակն հրատարակչությանը։

Հատուկ շնորհակալություն իմ բարեկամ Եդվարդ Մսըրլեանին և տինոջը՝ Վերժինին, որոնք ոչ միայն դարձան այս գրքի վերահրատարակության ոգեշնչողը, այլ ֆինանսապես աջակցողները։ Շնորհակալություն բարեկամության և Անին, թեկուզ ավերակ, մեր սրտերում, մեր մտքերում ու մեր աղոթքներում պահելու համար։

Մնացյալը՝ գրքում։

1979 թվականի հրատարակության առաջաբանում ասվում է

Արտաշես Վրույրը իր մանկության և պատանեկության տարիներին (1901-1917թթ.) եղել է Անիում, որտեղ նրա հայրը՝ նշանավոր դերասան Արամ Վրույրը, Մառի գիտարշավի հետ տարիներ շարունակ մասնակցել է հնավանդ քաղաքի պեղումներին:

Հետագայում ինքը՝ Արտաշես Վրույրը, արդեն երիտասարդ, դառնում է էքսպեդիցիայի խանդավառ աշխատակիցներից մեկը և ակտիվ մասնակցում է Անիի և շրջապատի վանքերի ու հուշարձանների ուսումնասիրության և նկարահանման գործին:

Պատմական Անին իր հոյակապ հուշարձաններով, վանքերով ու եկեղեցիներով, բերդերով ու պարիսպներով խորը, անջնջելի տպավորություն է թողել մանուկ Արտաշեսի վրա: Եվ նա իր մանկա-պատանեկան վառ տպավորություններով ու հուշերով, չթուլացող հետաքրքրությամբ, այնպես է պատմում, որ ընթերցողի առաջ ուրվագծվում են հնադարյան քաղաքի կիսակործան շենքերը, բերդերը, պարիսպները, ընդհատակյա ուղիներն ու լաբիրինթոսները, շրջակա ձորերն ու բլուրները և Անիի ոտքերի տակ հավիտյան թավալվող Ախուրյանը:

Արտաշես Վրույրն իր հուշերում սիրով ու երախտագիտությամբ է նկարագրում գիտարշավի անձնազոհ ու նվիրական աշխատանքը Անիում, ուր Մառի գլխավորությամբ մասնակցում էին՝ Աշխարահբեկ Լոռու-Մելիք Քալանթարը, Հովսեփ Օրբելին, Թ. Թորամանյանը, Ն. Բունիաթյանը, Տարագրոսը, Ն. Տոկարսկին, Լևոն Քալանթարը, Արամ Վրույրը, Գ. Չուբինովը և ուրիշներ:

Հեղինակը թեև չի մտադրվել տալ գիտարշավի մասնակիցների բնութագիրը, բայց պեղումների, նկարահանումների, հավաքույթների և զանազան դեպքերի սեղմ և պատկերավոր նկարագրությունը հնարավորություն է տալիս ընթերցողին պատկերացնել գիտարշավի շատ մասնակիցներին:

Արտաշես Վրույրը Ժլատ, բայց այնպիսի բնորոշ գծերով է բնութագրել հատկապես մի քանի շարքային աշխատողների, որոնք ընդմիշտ մնում են ընթերցողի հիշողության մեջ: