Հայաստան-Պարսկաստան հարաբերությունների պատմությունից, 1921-1922 թթ.

12547

Հայաստանի Ս. Խ. հանրապետության՝ Պարսկաստանի լիազոր ներկայացուցչության բացումը Թեհրանում

1921թ. դեկտեմբերի 26-ին Սփահսալար Ազամի պարտեզում տեղի ունեցավ Հայաստանի սոց. խորհ. հանրապետության լիազոր ներկայացուցչական բացման հանդեսը: Հյուրերին ընդունում էին Հայաստանի ժամանակավոր լիազոր ներկայացուցիչ ռուսական դեսպան Ռոտշտեյնը, Հայաստանի հյուպատոս Երնջակյանը: Հանդեսին ներկա էր նաև Պարս-Հնդկաստանի թեմակալ առաջանորդ Սահակ արքեպիսկոպոս Այվատյանը: «Խորհրդային Հայաստան», թիվ 11, 13 հունվար, 1922թ.

 

Խորհրդային Հայաստանի հյուպատոսությունը Ատրպատականում

1921թ. դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի սոց. խորհ. հանրապետության՝ Ատրպատականի գլխավոր հյուպատոսության բացումը: Ներկա էին Ատրպատականի ընդհանուր նահանգապետ Մուխբիր էս Սալթանեն, պարսից պաշտոնյաներ, ռուսական և կովկասյան հանրապետությունների կողմից՝ ՌՍՖԽՀ նորեկ հյուպատոս Դումբիսը, անգլիական հյուպատոսը, իտալական հյուպատոսը, ամերիկյան միսիոներության և նպաստամատույցի ներկայացուցիչները, հայ համայնքի ներկայացուցիչներ: Խոսք ասաց ընդհանուր հյուպապտոս Երզնկյանը: Ուշադրության արժան էր ՀՍՀԽ դիվանագիտական ներկայացուցիչ Լևոն Սարգիսյանի շնորհավորական հեռագիրը այն մասին, որ միևնույն օրը միևնույն ժամին կատարվում է Խորհրդային Հայաստանի դեսպանատան բացումը [Թեհրանում]: «Խորհրդային Հայաստան», թիվ 4, 5 հունվար, 1922թ.

 

Ընկեր Լևոն Սարգսյանի ներկայանալը շահին

ՀՍԽՀ լիազոր ներկայացուցչի ճառը

Հայ և պարսիկ ցեղակից ժողովրուրդների հարաբերությունները ունեն 2500 տարիների պատմական անցյալ: Այսօր ևս համայն աշխարհին հայտնի են Արևելեքի այդ ամենահին երկու ժողովուրդների ջերմ բարեկամական կապերը, որոնց չեն կարողացել խախտել հարևան երկրներում տեղի ունեցած ցավալի ազգայնական անցքերը: Հայաստանի Սոց. Խորհ. հանրապետությունը խորապես համոզված է, որ Արևելքի աշխատավոր ժողովուրդների բախտը պահանջում է՝ հաստատել նրանց միջև եղբայրական համերաշխություն և խաղաղ համագործակցություն, ինձ վրա քաղցր պարտականություն է դրել իրագործել մեր սիրած Իրանում այդ մեծ սկզբունքը: Ներկայացնելով իմ մանդատը, խնդրեմ բարեհաճեցեք վերաբերվել կատարյալ վստահությամբ ինձ համակող ջերմ բարեկամական զգացմունքներին և իմ անշեղ վճռին՝ նվիրել իմ բոլոր ջանքերը երկու հարևան ժողովուրդների բարեկամական հարաբերութոյւնների խորացման ու ամրապնդման և Իրանի բարգավաճման ու վերածնության:

Շահի պատասխանը Հայաստանի լիազոր ներկայացուցչին

Պարոն Լիազոր ներկայացուցիչ.

Մեծ ուրախությամբ ենք ընդունում ժողովրդական կոմիսարների նախագահ պարոն Մյասնիկյանի Ձեզ հանձնված մանդատը, որով Ձեզ Հայաստանի ՍԽՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ է ներկայացնում մեր արքունիքում: Մեծ ուրախության պատճառ է դառնում այն զգացմունքները, որը արտահայտում եք հանդեպ մեր երկրի: Այս առթիվ խորին ուրախությամբ ենք արտահայտվում, որ պարսից կառավարության հարաբերությունը հայ ազգի հետ միշտ եղել է վերին աստիճանի բարեկամական ու անկեղծ: Հայ ազգի բարօրության հարցը միշտ պարսից բարձրագույն կառավարության ուշադրության առարկան և նրա սրտին մոտ է եղել և մեր հայ հպատակները, որոնք Պարսկաստանում կատարյալ ապահովությամբ և անդորրությամբ են ապրել, վայելում են մեր շնորհը և հովանավորությունը: Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքները, մենք վստահ ենք, որ դուք անձամբ այդ հարաբերության հաստատման և ամրապնդման խնդրում վերին աստիճանի հոգատարություն ցույց կտաք և նույն այդ վստահությամբ մենք մեր կառավարության իշխանությանը հրահանգել ենք, որ ձեր նշանակյալ պարտականությունների կատարման մեջ, այն է՝ բարեկամական հիմունքների ամրապնդման գործում, որը դուք ստանձնել եք, ձեզ աջակցեն և օգնություն ցույց տան: «Խորհրդային Հայաստան», թիվ 21, 27 հունվար, 1922

 

Լուսանկարում՝ Արաքս գետը Հայաստան-Իրան սահմանում, լուսանկարը՝ www.epress.am