Գյումրեցիները թուրքերին աղ ու հացով չեն դիմավորել, երբե՛ք

4560

Հայ ժողովրդի պատմությունը ունի գրքերից գրքեր, սերունդներից սերունդներ անցնող գրավոր ու բանավոր, բայց հորինված ու կեղծ պատումներ։

Դրանցից մեկը 1920 թվականի աշնանը Կարսը գրաված և Ալեքսանդրապոլ (այսօր՝ Գյումրի) ներխուժած թուրք-քեմալականներին իբր աղ ու հացով դիմավորած գյումրեցիների պատմությունն է։

Իրականությունը հետևյալն է։

1920 թվականի սեպտեմբերին սկսվեց հայ-թուրքական վերջին պատերազմը։ Արդեն հոկտեմբերի 30-ին թուրք քեմալականները Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ գրավեցին Հայաստանի Հանրապետության մեծությամբ չորրորդ քաղաքը՝ Կարսը։

Առանց լուրջ դիմադրության թուրքերը գրավել էին նաև Օլթիի ածխահանքերը, Մերդենեկը, Սարիղամիշը, Կաղզվանը։ Դրոյի հրամանատարությամբ հայկական բանակը լուրջ դիմադրություն ցույց տվեց միայն Իգդիր-Սուրմալուի ճակատում, սակայն թուրքերը գրավեցին նաև մինչև այդ երբեք Օսմանյան կայսրության մաս չկազմած Իգդիր-Սուրմալուն, ապա Բագրատունիների Անի մայրաքաղաքը՝ ավերակները։

Նոյեմբերի առաջին օրերին թուրքական զորքը անցավ Ախուրյանը, իսկ նոյեմբերի 6-ին գրավեց ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Ալեքսանդրապոլը, որն այդ ժամանակ ուներ մոտավորապես 30 հազար բնակչություն, այնքան, որքան Երևանը։

Եվ ահա, երբ թուրքերը հասան Ալեքսանդրապոլի մատույցներ, տեղի բոլշևիկյան Հեղկոմը օրիորդ Նուշիկ Զավարյանի առաջնորդությամբ դիմավորեց թուրքերին հետևյալ խոսքերով՝ «Ողջու՛յն թուրք ազատարար բանակին, որ գալիս է ազատելու մեզ դաշնակցականների դժոխքից»։

Ինքը՝ Նուշիկ Զավարյանը, ծնվել է Լոռու մարզի Իկահատ, այնուհետ Դանուշավան դարձած, այսօր՝ Այգեհատ գյուղում։ Նա եղել է ՀՅԴ հիմնադիրներից Սիմոն Զավարյանի հարազատ քույրը։ Սիմոն Զավարյանը մահացել էր 1913 թվականին։ Քույրը՝ Նուշիկը, 1938-ին, զոհ գնաց ստալինյան տեռորին։

Ի՞նչ կապ ունեն գյումրեցիները այս ամենի հետ։ Ոչ մի կապ։ Հենց գյումրեցիներն էին ու Շիրակի դաշտավայրի ողջ բնակչությունը, որ պիտի շուրջ կես տարի կրեին թուրք-քեմալականների ավերը, բռնություններն ու կոտորածը։ Թուրքերը մինչև 1921 թվականի ապրիլի 22-ը մնացին Ալեքսանդրապոլում և Շիրակի դաշտավայրում։ Այդ ընթացքում տասնյակ հազարավոր մարդ է սպանվել ու գերվել, ամբողջովին թալանվել ու ավերվել են տասնյակ բնակավայրեր։ Թուրքերի վայրագությունների մասին օրվա մամուլը լի է վկայություններով։

Ի դեպ, նշենք, որ 1920-ի աշնանը, երբ քեմալականները արևմուտքից զավթում էին Հայաստանի Հանրապետության տարածքները, այդ նույն ժամանակ բոլշևիկյան բանակները Հայաստան էին ներխուժում արևելքից՝ Արցախից և Տավուշից։

Ավելին, բոլշևիկյան բանակներին միանում էին նաև արցախցի և տավուշցի բնակիչները, ինչը հաստատված է այդ օրերի մամուլի բազմաթիվ հրապարակումներում և պաշտոնական հաղորդագրություններում։

Ի վերջո, Բաքվում ձևավորված Հայհեղկոմը Սարգիս Կասյանի գլխավորությամբ Հայաստան մտավ Աղստաֆայից և Քարվանսարայում, այսօր՝ Իջևան, հռչակեց խորհրդային կարգեր 1920-ի նոյեմբերի 29-ին։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ