Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության կարգը և մտածողությունը պետք է փոխել

576

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ունի նոր նախագահ՝ մարզական լրագրող Արմեն Մելիքբեկյանը: Մինչ Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահներ են եղել անվանի հայ ֆուտբոլիստներ Նիկոլայ Ղազարյանն ու Արմեն Սարգսյանը, ներքգործնախարար Սուրեն Աբրահամյանը, ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Այս անգամ ընտրությունները, ի տարբերություն նախորդների, մրցակցային էին, իսկ մինչև ընտրության պահը վերջնականապես հստակ չէր, թե ով է դառնալու ՀՖՖ նոր՝ վեցերորդ նախագահը:

Այդուհանդերձ, այս ընտրակարգով անթույլատրելի է կազմակերպել ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրությունը: Առաջարկում եմ այսօրվանից սկսել շահագրգիռ կողմերի, առաջին հերթին՝ ակումբների ներգրավմամբ քննարկում, թե ինչպես կազմակերպել հաջորդ ընտրությունները:

Ներկայացնեմ քննարկման երեք հարթություն. առաջին՝ ովքեր կարող են առաջադրվել նախագահի պաշտոնի համար, երկրորդ՝ որ ակումբները իրավունք պետք է ունենան քվեարկելու, երրորդ՝ քվեարկողներից ամեն մեկը քանի ձայնի իրավունք կարող է ունենալ:

Առաջին. պետք է հստակեցնել, թե ովքեր և ինչ չափանիշներով կարող են մասնակցել ՀՖՖ նախագահի ընտրություններին: Պետք է հստակեցնել նաև, թե ինչ ասել է ֆուտբոլային գործունեություն: Օրինակ, մարզական լրագրողը, որ 50 տարի ֆուտբոլ է մեկնաբանում, նա իրավունք ունի՞ առաջադրվել: Կամ՝ մարդը, որ Հայաստանից դուրս ֆուտբոլում ներդրումներ է արել և կամ նշանավոր ֆուտբոլիստ է ու մարզիչ Ֆրանսիայում, բայց կապ չունի Հայաստանի հետ, նա կարող է՞ առաջադրվել: Իսկ ընդհանրապես, պարտադիր է՞, որ ՀՖՖ նախագահը լինի ֆուտբոլային մարդ, ինչպիսին չէին Վանեցյանն ու Աբրահամյանը, նաև՝ Հայրապետյանը: Չափորոշիչները պետք է լինեն հնարավորին հստակ ու անխոցելի և տարատեսակ մեկնաբանությունների տեղ չպետք է թողնեն։

Երկրորդ. պետք է հստակ լինի, թե որ ակումբներն իրավունք ունեն քվեարկելու: Իմ կարծիքով, այն ակումբները, որոնք ընտրության պահին չեն վճարել իրենց անդամավճարները կամ ունեն պարտք ֆեդերացիային, նրանք չպետք է իրավունք ունենան մասնակցել ընտրություններին, առավել ևս՝ քվեարկել, առաջադրել նախագահի կամ գործկոմի անդամի թեկնածուի: Անշուշտ, կարելի է ներկայացնել այլ չափանիշներ ևս: Օրինակ, ակումբը, որը վերջին երկու տարվա ընթացքում որևէ թիմով՝ լինի տղամարդկանց, թե կանանց ֆուտբոլ կամ ֆուտզալ, լինեն Բարձրագույն ու Առաջին խմբի կամ մանկապատանեկան առաջնություններ, ապա նրանք ևս չպետք է ունենան քվեարկելու իրավունք:

Երրորդ և ամենակարևորը. անթույլատրելի է ՀՖՖ բոլոր անդամներին տալ մեկ ձայնի իրավունք: Այսպես, դեկտեմբերի 23-ի ընտրություններում կային ակումբներ, որոնք այդ պահին ոչ մի թիմ չունեն առաջնությունում, մինչդեռ, օրինակ, «Փյունիկն» ունի 10 թիմ: Ինչու պետք է «Փյունիկն» ու առաջնությունում թիմ չունեցող ակումբը ունենան մեկական ձայն: Սա առավել քան անարդար է։ Այդ պատճառով, պետք է մտցնել քվեարկության ճկուն և արդար համակարգ:

Եթե ակումբը քվեարկության պահին մուծել է տարվա/տարիների անդամավճարը, չունի պարտք ֆեդերացիային, վերջին երկու տարվա ընթացքում ունեցել է գոնե մեկ թիմ՝ Բարձրագույն խմբում կամ մանկապատանեկան ֆուտբոլում, լինի կանանց ֆուտբոլում և ֆուտզալում, ապա այդ ակումբը կարող է ունենալ 1 ձայն:

Եթե ակումբը ունի մեկից ավելի թիմ և ներկայություն Առաջին խմբում, ինչպես օրինակ, «Վան»-ն է կամ «Լոկոմոտիվ»-ը, ապա կարող է ունենալ 2 ձայն:

Եթե ակումբը ունի թիմ Բարձրագույն խմբում, ապա նրան տալ 3 ձայն:

Եթե ակումբը ունի թիմեր Բարձրագույն և Առաջին խմբերում, ինչպես նաև մանկապատանեկան բոլոր առաջանություններում, ինչպես օրինակ «Փյունիկ»ն է «Ուրարտու»-ն, «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Շիրակ»-ը, ապա նրանց տալ 4 ձայն:

Եթե ակումբը, վերոնշյալին գումարած ունի նաև աղջիկների և ֆուտզալի թիմ, ապա նրան տալ 5 ձայն:

Սա ընդամենը տարբերակ է, որը կարելի է կատարելագործել և ներդնել ՀՖՖ հաջորդ ընտրությունների ժամանակ:

Եվ դա պետք է անել ընտրություններից առնվազն երկու տարի առաջ:

Բացի այդ, պետք է ներդնել ընտրական մի համակարգ, համաձայն որի՝ ՀՖՖ նախագահը կամ փոխնախագահը կամ նրանցից առնվազն մեկը լինեն ակումբի ներկայացուցիչ և ներկայացնեն ակումբների շահերը։ Անընդունելի է այսօրվա վիճակը, երբ և՛ նախագահը, և՛ փոխնախագահը չեն ներկայացնում ակումբային ֆուտբոլը։ Ճիշտ է, այս նոր գործկոմը ներկայացված է գերազանցապես ակումբների ներկայացուցիչներով, ինչը կարող է հակակշիռ լինել։

Ֆուտբոլային հանրությունում կա ընկալում, որ ՀՖՖ-ն տիրակալն է, իսկ ակումբները՝ նրա ձեռքի տակ աշխատող մարմիններ։ Իրականում, սակայն, քանի դեռ չկա պրոֆեսիոնալ լիգա (իսկ դա դժվար թե լինի առաջիկայում), ակումբները պետք է գոնե 50/50 հարաբերակցությամբ ներկայություն ունենան ՀՖՖ-ում։ Ակումբները պետք է հասկանան, որ ՀՖՖ-ն պատժիչ մարմին չէ, այլ ընդամենը հայկական ֆուտբոլի կարգավորիչ։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ