Օզակոմի օրերը. Սիմոն Վրացյան

950

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի Հայաստանի Հանրապետություն կոթողային աշխատությունը: 

Գլուխ Բ

Օզակոմի օրերը

Հեղափոխությունը շրջեց ամեն բան:

Ցարական գահի փլատակների հետ միասին հեղափոխության ալիքը սրբեց-տարավ և կովկասյան սատրապներին: Անփառունակ ու դողալով՝ փախավ Թիֆլիսից փոխարքա Նիկոլայ Նիկոլաևիչը իր բոլոր արբանյակներով ու ռուսացման ծրագրերով: Հեղափոխական իշանությունը հետ բերեց նոր գաղափարներ, նոր ոգի, նոր գործելակերպ ու նոր հույսեր:

Ժամանակավոր կառավարության մարտի 9-ի որոշումով Անդրկովկասի համար կազմվեց հատուկ իշխանություն՝ Անդրկովկասյան առանձին կոմիտե, կամ, կրճատված, Օզակոմ անունով: Հետագայում, սեպտեմբերի 3-ին գրի առնվեցին նրան տրված ղեկավար «հրահանգները», որոնք հետևյալն էին.

«1. Իր գործունեության մեջ Առանձին կոմիտեն անմիջապես ենթարկվելու է ժամանակավոր կառավարությանը: 2. Առանձին կոմիտեի մեջ կենտրոնանում է Անդրկովկասի բոլոր քաղաքական գործերի տեղական բարձր վարչությունը: 3. Կոմիտեին հանձնված իշխանության էությունը բացառապես գործադիր է: Առանձին կոմիտեն չի կարող իր իշխանությամբ սահմանել ո՛չ մի նոր օրենք կամ վերացնել գոյություն ունեցող որևէ օրենք: 4. Առանձին կոմիտեի իրավունքների և պարտականությունների շրջանը երկրի կառավարության գործում որոշվում են կովկասյան փոխարքայության օրենքներով, ա՛յն սահամանափակումով, որ Առանձին կոմիտի իշխանությունը տարածվում է միայն Անդրկովկասյան նահանգների ու շրջանների վրա»:

Սկզբում, Օզակոմը ուներ ավելի անորոշ ծրագիր. «1. Ապահովել իրականացումը խղճի ազատության՝ կազմակերպելով բոլոր դավանանքերի հոգևոր գործերը: 2. Սահմանել երկիրը կառավարելու կարգ՝ նոր կյանքի բոլոր շրջաններում՝ հայրենիքի ծառայության կոչելով տեղական հասարակական ուժերը: 3. Նոր կարգի պահանջներին համապատասխան՝ վերակազմել քաղաքային ինքնավարությունը և միջոցներ ձեռք առնել, որպեսզի անմիջապես ռամկավար սկզբունքներով գավառական ինքնավարություններ մտցվեն, ընտրովի հաշտարար դատավարություն հաստատվի և վերակազմվի գյուղական խիստ թերի դատարանը»: Այլև միջոցներ ձեռք առնվեն՝ կարգավորելու հողային, աշխատանքի, հաղորդակցության և այլ խնդիրները:

Այսպիսի լիազորություններով օժտված՝ Անդրկովկասյան առանձին կոմիտեն, մարտի 16-ին, հասավ Թիֆլիս, ուր գտավ արտակարգ խանդավառ ընդունելություն ազգաբնակչության բոլոր խավերի և կազմակերպությունների կողմից: Այն բաղկացած էր 5 հոգուց. նախագահ՝ Խառլամով, անդամներ՝ Ա. Չխենկելի, Քիթա Աբաշիձե, Մ. Ջաֆարով և Մ. Պապաջանյան: Վրացիները ամեն միջոց գործ էին դրել, որպեսզի ունենան ավելի անդամ, մի բան, որ սաստիկ դժգոհություն առաջ բերեց բոլորի մեջ:

Հայկական լայն խավերը գոհ չէին մասնավորապես Օզակոմի հայ ներկայացուցչությունից: Մինչ վրացի ու թուրք անդամները հարազատորեն ներկայացնում էին իրենց ազգի ընկերային-քաղաքական շերտավորումն ու տրամադրությունները, Մ. Պապաջանյանը արտահայտիչ էր հայկական շատ նոսր՝ բուրժուական խավերի, այն էլ՝ միայն կադետական կուսակցության փոքրաթիվ խմբակի: Այդ պատճառով, նա կտրված էր հայ իրականությունից: Այս փաստը լայնորեն օգտագործվեց իր վրացի և թուրք պաշտոնակիցների կողմից, որոնք Օզակոմի կյանքի առաջին օրերից հենց բռնեցին ազգային ուղղություն և համապատասխան իշխանություն լինելուց ավելի, ներկայացնում էին իրենց ազգը, աշխատում էին նախ և առաջ կարգադրել իրենց ազգին վերաբերող գործերը: Աշխատանքի բաժանումն էլ այդ հաշվով էր կատարված: Հայ պատգամավորին տրվել էր արդարադատության և նման, ա՛յն օրերի համար, անարժեք գործերի ղեկավարությունը, մինչ ներքին գործերը վերցրել էր Չխենկելին, հաղորդակցությունը՝ Ջաֆարովը և այլն:

Հասկանալի է, որ այս ձևով կազմված և նման մտայնությամբ առաջնորդող մի իշխանություն չէր կարող լինել հեղինակավոր: Եվ, հիրավի, նրա կազմած հանձնաժողովները մնացին մեռած մարմիններ. նրա հրատարակած կարգադրությունից քչերն էին կատարվում: Օրավուր, նրա ազդեցությունն ընկավ ժողովրդի աչքին և, վերջ ի վերջո, նրա իշխանությունը սահամանափակվեց Թիֆլիսի պալատով:

Դժբախտ կազմ ու տխուր վախճան ունեցավ Անդրկովկասյան առանձին կոմիտեի գործունեությունը, բայց սկզբի օրերին նրա հետ մեծ հույսեր էին կապվում: Սպասվում էր, որ նա կդարմանի հին ռեժիմի բացած վերքերը, կյանքի կկոչի նոր հիմնարկություններ, կանցկացնի բարենորոգումներ, կմեղմացնի պարենավորման տագնապը, ազգային հակամարտությունները, երկրին կտա արդարամիտ ու կորովի իշխանություն, կուժեղացնի ռազմաճակատի պաշտպանության գործը: Դրանցից և ո՛չ մեկը տեղի չունեցավ: Հակառակը, քայքայումն ու կյանքի պայմանների դժվարացումը աճեց ու զարգացավ անընդհատ:

Հեղափոխության առաջին շրջանում կուսակցություններն ու կովկասյան ժողովուրդները, ընդհանուր առմամբ, ասպարեզ էին գալիս համապետական գաղափարներով և աշխատում էին իրենց ազգային ձգտումները հաշտեցնել համառուսական պետական շահերի հետ: Ազգային ուրույն խնդիրները հարուցանելուն դեմ էր և բանակը: Այսպես կովկասյան բանակի համագումարը, որ բացվեց Թիֆլիսում մարտի 5-ին, մերժեց զբաղվել ազգային հարցերով՝ գտնելով, որ «ազգային հարցի լուծումը իր ամբողջության մեջ հնարավոր է միայն Սահամանադիր ժողովում: Այս հարցը լուծելու մյուս բոլոր փորձերը մինչև Սահմանադիր ժողով վտանգավոր են և անթույլատրելի»: Իսկ բանվորների և գյուղացիների շրջանային ժողովում, հունիսին, Ն. Ժորդանիան հետևյալ ձևով էր ներկայացնում ազգային խնդիրը:

Նա ազգային շարժումը համարում էր հետևանք մի ազգի բուրժուազիայի քաղաքական իշխանության տիրանալու ձգտումի, ինչպես նաև ազնվականության՝ իր նախկին դիրքերը պահելու ցանկության: Բանվորության և գյուղացիության ազգային խնդիրը իր լեզուն ազատ գործածելու ցանկության մեջ է: «Մինչդեռ բուրժուազիան և ազնվականությունը ձգտում են քաղաքական տիրապետության, բանվորությունն ու գյուղացիությունը հետապնդում են զուտ մշակութային նպատակներ: Այս հիման վրա բուրժու և ազնվական կուսակցությունները պահանջում են ազգային հարցի լուծումը պետական ինքնօրինության իմաստով, իսկ բանվորությունը պահանջում է ազգային ինքնավարություն»:

«Ազգային ինքնավարությունը հնարավոր է որոշ բնաշխարհի մեջ, եթե որևէ ազգ այնտեղ մեծամասնություն է կազմում: Անդրկովկասյան երեք խոշոր ժողովուրդներ կան՝ վրացիներ, հայեր և թուրքեր: Այն բնաշխարհների համար, ուր որևէ ազգ մեծամասնություն ունի, կազմվում է ազգային- բնաշխարհիկ ինքնավարություն. ազգային տեսակետով խառը շրջանների մեջ՝ խառն ինքնավարություն՝ ամեն ազգի տալով ինքնօրինություն մշակույթի խնդրում:

Ֆեդերացիան, իբրև ազգային հարցի լուծում ընդունելի չէ, որովհետև նա չի համապատասխանում տնտեսական և հասարակական զարգացման: Ֆեդերացիան նշանակում է պետությունների միություն, մինչդեռ մի պետության կտրատումը անջատ պետությունների՝ չի համապատասխանում պատմության ընթացքին: Ռուսաստանի համար հնարավոր է մի ճանապարհ՝ կենտրոնական ռուսական հանրապետություն և ազգաշրջանային ինքնավարություններ: Այդ ինքնավարության իրավասությունները պետք է լինեն հետևյալը.

1) Դպրոց (ստորին, միջին, բարձր): 2) Ժողովրդական առողջապահություն, անասնաբուժություն:  3) Տեղական բնույթ ունեցող հաղորդակցության միջոցներ: 4) Աջակցություն տեղական գյուղատնտեսական և առևտրաարդյունաբերական ձեռնարկների: 5) Հողերի շահագործում: 6) Դատարան: 7) Քաղաքային ձեռնարկներ: 8) Տեղական կարիքների համար հարկեր հավաքելու իրավունք: 9) Կառավարություն, գործադիր իշխանություն: 10) Օրենսդրական նախաձեռնություն»:

Այս ծրագիրը կազմեց վրաց սոցիալ-դեմոկրատիայի ա՛յն ժամանակվա գործունեության հիմքը: Նա, ըստ ամենայնի, համապատասխանում էր «հեղափոխական դեմոկրատիայի» ցանկություններին: Սակայն որքան էր արտահայտում վրաց ժողովրդի իրական բաղձանքները և վրաց սոցիալ-դեմոկրատիայի գործնական քաղաքականությունը՝ այդ կարելի է ըմբռնել, եթե նկատի առնենք նրանց ներքին-ազգային աշխատանքը: Թվում է, թե վրաց ազգի քաղաքական ապրումներն ավելի ճիշտ և անկեղծ ներկայացնում էին վրաց ազգային-դեմոկրատները, որոնք իրենց համագումարում, հունիսին, բանաձևել էին հետևյալ պահանջները. 1. Վրաստանում պետք է հաստատվի քաղաքական-հողային ինքնավարություն՝ ռամկավար-հանրապետական կազմի սկզբունքներով: 2. Ինքնավար Վրաստանի սահմանադրությունը մշակում է Թիֆլիսում գումարված  Ազգային սեյմը: 3. Վրաց Սահմանադիր ժողովի ընտրությանը մասնակցում են Վրաստանի բոլոր չափահաս քաղաքացիները, առանց սեռի, դավանանքի և ազգի խտրության, ընդհանուր, հավասար, ուղղակի, գաղտնի և համապետական քվեարկության սկզբունքով: 4. Վրաց ինքնավար օրենսդրության և կառավարության են ենթարկվում, Վրաստանի հողի սահմաններում, բոլոր հարցերը, բացառությամբ  հետևյալների. ա) պատերազմ և խաղաղություն. բ) արտաքին քաղաքականություն և պետական բյուջե:

Սա այն սաղմն է, որից աճեց ու զարգացավ Վրաստանի անկախությունը և որին, սկզբում գաղտնի, ամաչելով, իսկ հետո բացահայտ կերպով միացան և վրաց սոցիալ-դեմոկրատները: Առհասարակ, պետք է նկատել, որ հեղափոխության սկզբի ամիսներին, վրացի սոցիալ-դեմոկրատները վրաց ազգային խնդիրներում, հոժարությամբ առաջ էին քշում ազգայնականներին, իսկ իրենք՝ պահելով միջազգային ու համառուսական դեմքն ու լեզուն՝ բավականանում էին ձեռքի տակ եղած օգնությամբ: Ազգային-դեմոկրատների ջանքերով և վրացի սոցիալ-դեմոկրատների աջակցությամբ, շատ շուտով, հայտարարվեց վրաց եկեղեցու անջատումը համառուսական ուղղափառ եկեղեցուց և վրաց կաթողիկոսության վերականգնումը: Քիչ հետո, վրաց սոցիալ-դեմոկրատները դեն շպրտեցին այս թզենու տերևն էլ: Նոյեմբեր ամսին, Թիֆլիսում գումարվեց վրաց ազգային համագումարը բոլոր դասակարգերի և կուսակցությունների կատարյալ համերաշխությամբ: Ն. Ժորդանիան զեկուցում տվեց քաղաքական կացության և վրաց ազգի քաղաքականության մասին: Եվ համագումարը, միաձայնությամբ ու խանդավառ ծափերով, ընդունեց նրա առաջադրած կետերը. 1) Վրաստանը, սեփական հողի վրա, պետք է լինի ինքնավար և ունենա ազգային օրենսդրական մարմին. 2) Պետք է որոշվեն Վրաստանի սահմանները՝ հարևան երկրների հետ. 3) Վրաստանում ապրող ազգային փոքրամասնություններին պետք է տրվեն մշակութային զարգացման երաշխիքներ. 4) Համառուսական սահմանադիր ժողովի չգումարվելու պարագային հրավիրել համակովկասյան և առանձին սահմանադիր ժողովներ և այլն: Ի՞նչ տարբերություն ազգային-դեմոկրատիայի ու այս ծրագրի միջև:

Համապետական ոճ էին գործածում և մահմեդականները, թեև, վրաց ազգայնականների նման, նույնպես դնում էին ազգային կամ, ավելի ճիշտ, համիսլամական պահանջներ: Ռուսաստանի հեղափոխությունը նրանց համար երկնքից ընկած պարգև էր, որ գալիս էր ազատագրելու մահմեդական ազգին: Այս տրամադրության ցայտուն արտահայտիչը հանդիսացավ կովկասյան մահմեդականության ներկայացուցիչների առաջին համագումարը, որ բացվեց Բաքվում, ապրիլի 15-ին: Այդ համագումարում հանդիսավորապես հայտարարվեց մահմեդական շիա և սուննի աղանդների միությունը, որ աննկարագրելի խանդավառություն առաջ բերեց ժողովականների մեջ: Ձեռք ձեռքի՝ բեմ բարձրացան Մուֆթին ու Շեյխ-ուլ-Իսլամը և ամենքի աչքի առջև հանդիսավորապես համբուրվեցին: Արտասանվեցին կրակոտ ճառեր մահմեդական ցեղերի եղբայրության մասին:  Առանձնապես ուժեղ տպավորություն թողեց համագումարի նախագահ Ալի Մարդան բեգ Թոփչիբաշիևի մահմեդականության միությունը դրվատող ճառը:

Ազգային-քաղաքական հարցի մասին համագումարում զեկուցում ներկայացրեց «Աչըկ Սեոզ» թերթի խմբագիր և ապագա Մուսավաթի պարագլուխ Մահմեդ Էմին Ռասուլ Զադեն, որ պաշտպանեց Ռուսաստանը դաշնակցային հանրապետության վերածելու անհրաժեշտությունը: Դաշնակցությանը, իբրև հիմք, պետք է դրվեր ազգային սկզբունքը, ազգային ամենալայն ինքնորոշման իրավունքը: Ռուսաստանը պետք է կազմեր ինքնավար ազգերի միությունների միություն, որի կենտրոնական իշխանությանը պետք է վերապահվեր միայն արտաքին քաղաքականությունը, երկրի պաշտպանության գործը, հաղորդակցության միջոցները:

Ռասուլ Զադեի զեկուցման հիմքով համագումարը միաձայնությամբ որոշեց. «1. Ռուսաստանի ապագա պետական-քաղաքական կազմը պետք է լինի ռամկավար հանրապետություն՝ հողային-դաշնակցային սկզբունքներով, որպիսի կազմով միայն հնարավոր է լայնորեն ապահովել մահմեդական ժողովուրդների ազգային շահերը: 2. Ընդունելով, որ մահմեդական կրոն դավանող բոլոր ժողովուրդները կապված են իրար հետ հոգևոր-մշակութային կյանքով՝ մահմեդականների համագումարը անհրաժեշտ է համարում ամբողջ Ռուսաստանում առաջ բերել ընդհանուր մահմեդականության կենտրոնական մի մարմին՝ օրենսդրական իրավասություններով՝ պաշտպանելու համար վերև առաջադրված նպատակները»:

Պատերազմի խնդրում համագումարը որոշեց. «Ամբողջությամբ հարել Ռուսաստանի դեմոկրատիային, որը պահանջում է պատերազմը վերջացնել առանց հողագրավումի և ռազմատուգանքի»:

«…Կովկասյան ազգությունների նկատմամբ համագումարը անհրաժեշտ է գտնում սերտ ու համերաշխ հարաբերություն ստեղծել ամենքի հետ՝ նպատակ դնելով իրականացնել կյանքում փոխադարձ համերաշխության և հարգանքի վրա հիմնված ռամկավար իդելաները»:

Կովկասյան ժողովուրդների մեջ, ըստ էության, ամենից ավելի համապետական հողի վրա կանգնած էին հայերը: Հեղափոխության սկզբին երկու խնդիր էր զբաղեցնում նրանց. թուրքահայկական հարցի լուծումը և Անդրկովկասի վարչական վերաբաժանումը՝ ազգագրական սկզբունքով:

Առհասարակ, վարչական նոր սահմանագծման խնդիրը կովկասյան ժողովուրդներին ամենից շատ զբաղեցնող ու փոխադարձ դժգոհություն պատճառող խնդիրներից մեկն էր: Տակավին հին ռեժիմի օրով, փոխարքայության կից գումարված զեմստվոյական խորհրդակցությունների միջոցին, 1916թ. ապրիլի 26 – մայիս 7-ին, հայ ներկայացուցիչները դրել էին նոր «գյուղատնտեսական շրջաններ» կազմելու առաջարկը, բայց մնացել էին փոքրամասնության մեջ. վարչական նոր բաժանման թաքուն ծրագիր էր այդ: Հեղափոխությունից հետո, երբ զեմստվո մտցնելու հարցը ստացավ գործնական նշանակություն, հայերը նորից առաջ քաշեցին վարչական վերաբաժանման պահանջը, առանց որի նոր զեմստվոյի մեջ հայերը, գրեթե ամեն տեղ, պիտի կազմեին փոքրամասնություն: Հեղափոխությունը պարտավոր էր սրբագրել հին իշխանության գործած չարիքները՝ վերացնելով կամայականորեն գծված անարդար սահմանները: Օզակոմի հայ անդամի կողքին կազմված միջկուսակցական մարմինը, գյուղատնտեսներ Հ. Փիրալյանի, Ս. Կամսարականի և Ավ. Շահխաթունյանի ու Գ. Խատիսյանի աշխատանքով, մշակել էր Անդրկովկասի վարչական բաժանման նոր ծրագիր, որ և Ավ. Շահխաթունյանի միջոցով ուղարկվեց Պետրոգրադ պատշաճ իշխանություններին ընդունել տալու համար:

Հեղափոխությունից հետո Պետրոգրադում կազմվել էր Սահմանադիր ժողովի գումարման նախապատրաստական աշխատանքները կատարող մի հանձնախումբ, որի մեջ ներկայացուցիչներ ունեին Ռուսաստանի բոլոր ազգերը: Հայերի կողմից այդ աշխատանքերին մասնակցում էր Գ. Խատիսյանը: Նույն ժամանակ, ներքին գործոց նախարարությանը կից գործում էր տեղական ինքնավարությունների հանձնախումբը Բ. Վեսելովսկու նախագահությամբ: Օգտվելով առիթից՝ Վեսելովսկին հրավիրեց խորհրդակցության Պետրոգրադում գտնվող անդրկովկասցի գործիչներին՝ Անդրկովկասի զեմստվոյական հարցը քննելու նպատակով: Հայերից այդ խորհրդակցությանը մասնակցեցին Ավ. Շահխաթունյանը և Գ. Խատիսյանը, որոնք կարողացան համոզել, զեմստվո մտցնելուց առաջ, Անդրկովկասը ենթարկել վարչական նոր բաժանման: Քննության առնվեց Հ. Յ. Դաշնակցության ներկայացուցչի առաջարկած նախագիծը, որը, երկու խոսքով, հետևյալն էր:

Արևելյան Անդրկովկասը բաժանվում էր երկու մասի՝ թուրքական և հայկական: Հայկական մասի մեջ մտնելու էին Ղազախ, Գանձակ, Ջիվանշիր և Շուշի գավառների լեռնային հայաբնակ մասերը և ամբողջ Զանգեզուրը, բացի Բարգուշատի հովտի մի քանի թուրք գյուղական հասարակություններից, որոնք միացվելու էին Կարյագինի թուրքական գավառին: Գանձակ քաղաքը բաժանվելու էր երկու մասի՝ թուրքական և հայկական: Ախալքալաքը, Լոռին և Ծալկայի հայկական մասը պետք է միացվեին նոր կազմվելիք Ալեքսանդրապոլի նահանգին:

Այսպիսով, ստեղծվելու էր հոծ հայ ազգաբնակչություն ունեցող մի շրջան՝ բաժանված 4 նահանգի՝ Գանձակի, Երևանի, Ալեքսանդրապոլի և Կարսի: Համապատասխան ձևով կազմվելու էր և հոծ թուրքական շրջան:

Այս ծրագրի դեմ հանձնախմբում, ըստ էության, առարկեցին միայն վրացի ազգային-դեմոկրատները, որոնք գտնում էին, որ Ախալքալաքն ու Լոռին, իբրև վրացական սեփականություն, պետք է մտնեին Վրաստանի սահմանների մեջ: Թուրք ներկայացուցիչները հայտարարեցին, թե իրենք լավ չեն ուսումնասիրել խնդիրը, համապատասխան լիազորություն չունեն և, հետևաբար, չեն կարող մասնակցել հարցի լուծմանը: Հանձնախումբը, իր ամբողջության մեջ, հավանություն տվեց հայկական նախագծին, որը հետո նախարարության կողմից ընդունվեց իբրև հիմք կառավարական օրինագծի: Այս վերջինը ուղարկվեց Թիֆլիս՝ Օզակոմին, որը, մի ամսվա ընթացքում, իր կարծիքի հետ միասին պետք է վերադարձներ նախարարությանը: Օզակոմը նախագծի քննությունը հանձնեց միջազգային մի հանձնախմբի, որը ունեցավ երկար խորհդակցություններ, բայց կարելի չեղավ հանգել ընդհանուր եզրակացության: Առանձին ազգերի ներկայացուցիչների դիրքը հանձնախմբում լիովին երևան բերեց քաղաքական այն ձգտումները, որոնցով տոգորված էին այդ ազգերը: Հայերը, բացի հայ սոցիալ-դեմոկրատներից, որոնք ինքնուրույն կարծիք չունեին, պաշտպանում էին կառավարական նախագիծը. վրացի սոցիալ-դեմոկրատները, հանձին Ժորդանիայի և Ռամիշվիլիի, համաձայն էին հայկական ծրագրին: Մյուս կուսակցությունները շարունակում էին պնդել Ախալքալաքն ու Լոռին Վրաստանին միացնելու պահանջի վրա: Թուրքերը հիմքից մերժում էին նախարարական նախագիծը. նրանք առաջարկում էին Անդրկովկասը բաժանել ավելի մանր վարչական՝ զեմստվոյական միությունների, այդ միջոցով կամենալով ապահովել մահմեդական տարրերի գերակշռությունը Կովկասում: Այս տարակարծություններն ու վեճերը մինչև վերջ էլ մնացին չլուծված և, ի վերջո, ճակատագրական դեր կատարեցին կովկասյան ժողովուրդների կյանքում:

Պետք է նկատել, որ թե՛ վարչական սահմանգծման և թե՛ այլ հարցերում, հենց սկզբից, նկատելի դարձավ թուրք-վրացական ընդհանուր հասկացողություն ու գործակցություն: Բոլոր կարևոր խնդիրներում, երբ հրապարակ էր գալիս կովկասյան ժողովուրդներին վերաբերվող ընդհանուր մի խնդիր, թուրք ու վրացի ներկայացուցիչները դուրս էին գալիս համերաշխ ու միացյալ ճակատով: Հեղափոխության առաջին օրերից սկսած մինչև վերջ, թուրք-վրացական ընդհանուր ճակատը հայերի հետ առընչություն ունեցող բոլոր դեպքերում մնաց իրողություն, և այս հանգամանքը դարձավ անդրկովկասյան կյանքի կարևոր գործոններից մեկը: Այդ գաղտնի թե բացահայտ գործակցությունը ունեցավ չափազանց աղետալի հետևանքներ կովկասյան ժողովուրդների համերաշխ մեկ ընտանիք կազմելու տեսակետից: Վրաց-թուրքական գործակցությունը, մասնավորապես այլանդակ ձևերով արտահայտվեց անդրկովկասյան գյուղացիական համագումարում, երբ վրացի սոցիալ-դեմոկրատները և թուրք բեգերն ու աղալարները, ձեռք ձեռքի տված, պայքար մղեցին սոցիալիստ-հեղափոխականների և Հ. Յ. Դաշնակցության հողային բանաձևի դեմ և կամենում էին հայ գյուղացիությանը պարտադրել սոցիալ-դեմոկրատական հողային ծրագիրը: