«Ոչ հերոս եմ, ոչ՝ դավաճան, այլ հասարակ գրող և մարդասեր». Աքրամ Այլիսլի

2987

2016-ի մարտի 30-ին Բաքվում բերման էր ենթարկվել ադրբեջանցի դասական գրող Աքրամ Այլիսլին: Նա պետք է մեկներ Վենետիկ՝ մասնակցելու Incroci Di Civilta միջազգային գրական փառատոնին, սակայն սահմանապահները գրողին դուրս չեն թողել՝ ասելով, որ նրա ելքն Ադրբեջանից արգելված է: 11 ժամ ոստիկանության բաժանմունքում պահվելուց հետո Այլիսլիին բաց են թողել: Նրա կրտսեր որդին՝ Նաջաֆ Նաիբովը, լրատվամիջոցներին ասել է, որ «Քարե երազների» հրատարակումից հետո հորը հարցաքննության չեն կանչել: Ադրբեջանական www.contact.az կայքում հրապարակվել է ելույթի տեքստը, որով արձակագիրը պետք է հանդես գար վենետիկյան գրական փառատոնին: Այլիսլիի ելույթը թարգմանաբար, որոշ կրճատումներով՝ ստորև:

Բաքվում, երբ մտածում էի՝ ինչից սկսել ելույթս, եթե լինի դրա անհրաժեշտությունը, գլխումս միանգամից ծագեցին հետևյալ անհանգիստ մտքերը. «Ձեր առաջ կանգնած է բացարձակապես անպաշտպան մարդ»: Եվ այդ պահին հնչեց իմ ներքին վրդովված ձայնը. «Մի՛ բողոքիր, ծերունու պես մի փնթփնթա: Աշխարհում դու մենակ չես այդպիսին. կան շատ ավելի անպաշտպան մարդիկ»:

Ցավոք, հենց այդպես է, հարգարժան իմ գործընկերներ: Այսօր բոլորս ենք անպաշտպան աներևակայելիորեն դաժան ժամանակի առաջ:

Պատմության մեջ լինում են փուլեր, երբ մարդկային սրտերի դատարկությունը ոչինչ չի կարող լցնել՝ ո՛չ կրոնը, ո՛չ գիտությունը, ո՛չ գրականությունը:

Հոգևոր և գեղարվեստական հեղինակությունները կարծես անդառնալիորեն անցյալում են մնացել: Ամենազարգացած երկրների պետական ինստիտուտները պարզվում է՝ ի վիճակի չեն առաջարկելու ստեղծված բարոյական և հոգևոր փակուղուց դուրս գալու քիչ թե շատ ընդունելի գաղափար:

Ժամանակին հավատակից հայրենակիցներս անիծում էին խորհրդային իշխանությանը կրոնական տաճարների դռները մեր առաջ փակելու համար:

Այսօր իմ երկրում մզկիթների քանակը շուտով կհավասարվի դպրոցների քանակի հետ, սակայն դրանից իմ հայրենակիցներից ոչ ոք Աստծուն չմերձեցավ:

Եկեղեցիներում և մզկիթներում նեղվածք է, մտքերում՝ նույնպես: Մարդիկ այլևս հոգևոր ուժ չունեն՝ ապագային հույսով նայելու, ոչ էլ ժամանակ՝ սեփական ոգու մեջ նայելու համար:

Ամբողջ աշխարհում իջել է մշակութային նշաձողը: Մարդիկ հասկացան, որ մշակույթն էլ փրկություն չէ:

Մենք բոլորս այսօր անպաշտպան ենք դարձել: Անպաշտպան է դարձել ոչ միայն անհատը, անպաշտպան են ամբողջ ժողովուրդներ և ազգեր:

Ոչ ոք մտադիր չէ պատասխանատվություն կրել հանցավոր քաղաքական արկածախնդրությունների համար Չեչնիայում, Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Եմենում, Դոնբասում. դրանք խլեցին հարյուր հազարավոր կյանքեր և խեղեցին միլիոնավոր մարդկային ճակատագրեր:

Եթե այդպես շարունակվի, մոտակա ժամանակներում աշխարհը կհեղեղվի ամենասարսափելի հանցանքներով, որոնք այդպես էլ անպատիժ կմնան:

Ինչպես ասում էր Սոլժենիցինը՝ բռնություն և սուտ. այս երկու բաները մշտապես կողք կողքի են եղել:

Բռնությունը միայնակ չի ապրում և անկարող է միայնակ ապրել. այն անպայմանորեն միահյուսված է ստի հետ: Բռնությունը ստից բացի ոչնչով չի կարող քողարկվել:

Բռնությունը ոչ միայն ահաբեկչական գործողություններն են, որոնք աշխարհում իրականացվում են աննախադեպ ծավալներով, և որը մեզնից յուրաքանչյուրում անհանգստություն է ծնում սեփական կյանքի և հարազատների կյանքերի համար:

Այն պակաս սարսափելի չէ նաև նրանով, որ գաղտագողի ներթափանցում է գիտակցության մեջ, այլասերում մեր սրտերը, սպանում հավատն առ բարիություն և արդարություն, դարձնում մեզ անպաշտպան տգիտության և խավարամոլության առաջ:

Մարդկանց հսկայական քանակ, հոգում չունենալով ոչինչ կամ ունենալով չարագուշակ դատարկություն, կոծկվելով այսպես կոչված ազգային գաղափարով, անպատժելիորեն ատելություն է սերմանում ժողովուրդների ու ազգերի միջև, որոնք դեռ երեկ խաղաղ համագոյակցում էին:

Ազգայնականը նրանով է սարսափելի, որ բնույթով անսիրտ լավատես է, որը մերժում է կյանքի ողբերգական ընկալումը, ինչն արմատապես հակացուցված է ճշմարտությանը:

Դա ընդվզում է բանականության և մարդասիրության դեմ: Դա հանդուգն սուտ է, որն արտաբերում են սատանայաբար մոլեգնած մարդիկ, որոնք մեծ հանդգնություն են թույլ տալիս իրենց հռչակելու միակ ճիշտ գաղափարի կրողներ և ժողովրդի երջանկության համար պայքարողներ:

Իսկ վերևից պարտադրվող հայրենասիրությունը նման ֆաշիստական նկրտումներ ունեցող պոռնկորդիներին ժողովրդին անուղեղ ամբոխի վերածելու մեծ հնարավորություններ է ընձեռում: Սակայն մենք գիտենք, որ ամբոխին ամենամոտ կանգնածը ամենածախվածն է: Եվ որ զանգվածին որպես ժողովրդի դիմելը նշանակում է դրդել նրան տևական և չար խավարամոլության:

Երբ ապրում ես մեղսագործների մեջ, մեղքն անընդհատ քեզ է կպնում: Սակայն գրողը նրանով է գրող, որ նույնիսկ ամենածայրահեղ պայմաններում կարողանում է պահպանել հանգիստ գիտակցությունը իրական ճշմարտության առաջ:

«Ճշմարտությունը Նեկրասովից վեր է, Պուշկինից վեր է, ժողովրդից վեր է, վեր է Ռուսաստանից»,- ժամանակին գրել է Դոստոևսկին:

«Զգուշացե՛ք գրողներից, որոնք իրենց ազգի ձայնն են հռչակել»,- նախազգուշացրել է մեկ այլ ռուս մեծ գրող, մեր ժամանակակից Անդրեյ Բիտովը:

Զանգվածի սիրելին դառնալու համար կարելի է գրել ինչպես պատահի և ինչ պատահի: Սակայն ընթերցողիդ համար հարազատ մարդ դառնալը տրված է փոքրաթիվ գրողների:

Ամբողջ իրական գրականությունը դա ազնվորեն անցած ուղի է, ուղի մտքի ու զգացմունքի, որոնք ապրել է անձամբ գրողը:

Գրողը նրա համար չէ գրող, որ նրա համար խենթանում է ընթերցող հանրության զանգվածը: Նա անանց բարոյական արժեքների իսկական արտահայտող է, որին ժողովուրդը վստահում է իր ցավը: Եվ երբ ժողովուրդը սկսում է կորցնել դեմքը, դրանից ամենաշատը տառապում են գրողները:

Գրողը ուսուցիչ է ժողովրդի սրտից, և նա մեղավոր չէ, որ քաղաքական գործիչներին տրված չէ հասկանալ նրա այդ կախարդական առանձնահատկությունը:

Իշխանության հոգեբանությունը չի տանում գրողներին, որոնք ունեն սեփական հայացքը հասարակության կյանքում տեղի ունեցող ճակատագրական իրադարձություններին: Նման գրողներին իշխանությունը պատժում է դաժան և սարսափելի ձևով: Եվ իմ դեպքում այն գործեց նույն դաժան և անողորմ կերպով:

Սակայն այդ մասին չեմ ծավալվի՝ չեմ ցանկանում օտարերկրյա լսարանի առաջ խայտառակել իմ փոքր երկիրը, որին չսկսեցի պակաս սիրել նաև նրանից հետո, ինչ արեցին ինձ հետ նրա ներկայիս կառավարիչնեերը:

Իմ պատմության մեջ եղել են շատ տխուր դեպքեր, սակայն եղել են ոչ քիչ օգտակար և խրատական բաներ:

Կարծում եմ՝ իմ ոչ մեծ ստեղծագործությամբ, որն այժմ լույս է տեսել նաև իտալերեն, ինձ հաջողվեց հասնել իմ գլխավոր նպատակին՝ ես փրկեցի բազմաթիվ հայերի իմ ժողովրդի հանդեպ ատելությունից:

Եվ հասկացա, որ այդ արյունալի հակամարտության մեղավորը ո՛չ մենք ենք, ո՛չ հայերը. ժողովուրդները երբեք չէին պատերազմի, եթե քաղաքականությունը չմիջամտեր նրանց կյանքին:

Եվ ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր ժողովուրդներից յուրաքանչյուրը յուրովի լավն է, սակայն միասին նրանք պարզապես հիասքանչ են:

Միշտ իմացել եմ, որ անտեսանելիից դեպի տեսանելին կարելի է անցնել միայն տառապանքների միջոցով: Այժմ ես անցել եմ այդ ուղին սեփական քայլերով՝ փորձելով չսայթաքել և չընկնել: Երևի իմ հոգին պետք է վերջնականապես տանջվեր՝ կրկին գիտակցելու և ինքս ինձ ճանաչելու համար բազմաթիվ այն մարդկանց մեջ, որոնք հակված են այսրոպեական ծախվածության և սեզոնային դավաճանության:

Լինում են կյանքի դրվագներ, որոնք բազմաթիվ կյանքեր արժեն: Կյանքիս այս դրվագում ես ոմանց համար եղել եմ հերոս, ոմանց համար էլ՝ դավաճան: Ինքս էլ ոչ մի րոպե չեմ կասկածել, որ ոչ հերոս եմ, ոչ՝ դավաճան, այլ հասարակ գրող և մարդասեր, որն ունակ է կարեկցել ուրիշներին:

Ես հայտնվեցի Գալիլեյի դրության մեջ, որը ոչ մի վայրկյան չէր կասկածում իր ճշմարտացիության մեջ, սակայն իր այդ անվիճելի ճշմարտությամբ չկարողացավ հասնել հանրաճանաչ դոգմաների պահապանների սրտերին:

Ես կորցրեցի քունս ու բարեկեցությունս հանուն երկու ժողովուրդների մերձեցմանը միտված փոքր քայլի, ժողովուրդների, որոնք կապցած են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլև բազմադարյա պատմական ճակատագրով:

Եվ չունեմ ավելի նվիրական երազանք, քան նրանց կրկին միասին տեսնելն է:

Եվ ես շատ եմ ուզում ապրել մինչև այդ լուսավոր օրը»:

Ակնարկ

78-ամյա արձակագիր Աքրամ Այլիսլիին Ադրբեջանում սկսել են հետապնդել այն բանից հետո, երբ 2013թ. «Դրուժբա նարոդով» գրական հանդեսում հրապարակվել էր նրա «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը: Գիրքը համարձակ պատմություն է հեղինակի ծննդավայր Այլիսի՝ հայկական Ագուլիսի մասին: Գրքի գլխավոր հերոսները Բաքվում բնակվող ագուլիսցի ադրբեջանցիներ են, դեպքերը կատարվում են 1980-ականների վերջերին, երբ Սումգայիթում և Բաքվում տեղի էին ունենում հայկական ջարդերը: Գրքի հրատարակումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրողին դավաճան են անվանել, Բաքվում կազմակերպվել են բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում այրվել են Այլիսլիի լուսանկարներն ու գրքերը: Իլհամ Ալիևը հրամայել է զրկել Աքրամ Այլիսլիին «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից՝ որոշումը հիմնավորելով նրանով, որ գրողն իր վերջին ստեղծագործությունում «խեղաթյուրել է Ադրբեջանի պատմության հետ կապված փաստերը»: Վեպը քննարկման էր դրվել նաև Ադրբեջանի խորհրդարանում:

Ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում Այլիսլին ասել էր, որ «չի զղջում վեպը գրելու համար և դրանով ոչ թե նվաստացրել, այլ վեհացրել է իր ժողովրդին»:

Մեկ այլ հարցազրույցում Այլիսլին պատմել էր, որ «մանկուց միայն լավն է լսել հայերի մասին»:

2014թ. հասարակական մի շարք անվանի գործիչներ առաջարկել են Աքրամ Այլիսլիին առաջադրել որպես 2014թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու:

Թարգմանությունը՝ Ստելլա Մեհրաբեկյանի

www.civilnet.am