Համաշխարհային պատերազմը և հայ ժողովուրդը. Սիմոն Վրացյան

1281

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը սկսվում է մաս-մաս ներկայացնել Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի Հայաստանի Հանրապետություն կոթողային աշխատությունը: 

Սկիզբն երկանց

Գլուխ Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ԺԹ դարի վերջերին մրցակցությունն ու հակամարտությունը եվրոպական մեծ պետությունների միջև, շահաստանների և գաղութների շուրջ, հասան ծայրահեղ աստիճանի: Հաջորդ դարի սկիզբը արդեն ձևակերպված էին եվրոպական մեծ պետությունների երկու խմբակցությունները՝ այսպես կոչված Եռյակ դաշնակցությունը հանձին Անգլիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի և Եռյակ զինակցությունը՝ Գերմանիա, Ավստրո-Հունգարիա և Իտալիա: Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ անմիջական դերակատար չէին Համաշխարհային մեծ քաղաքականության մեջ և մեկուսացած երկու օվկիանոսների միջև, հետևում էին Մոնրոյի իրենց ավանդական վարդապետությանը, թեև, Հին Աշխարհի վեճերն ու պայքարները հետզհետե մոտենում էին և իրենց ափերին:

Երկու խմբակցությունները՝ Եռյակ դաշնակցություն և Եռյակ զինակցություն, իրենց աշխարհակալական ձգտումներով բախվում էին երկրագնդի գրեթե բոլոր մասերում և խելահեղ թափով զինվում՝ ուժով լուծելու համար այն հարցերը, որոնց առջև դիվանագիտությունը անզոր է: Խաղաղասեր, ազատական տարրերը և ընկերվարական կուսակցությունները իզուր աշխատում էին պատերազմի հրդեհի առաջը առնել, աշխարհը ակնհայտ կերպով գնում էր դեպի պատերազմ, թեև հանրային կարծիքը, ինչպես և կառավարական շրջանակները ճիգ էին գործ դնում հեռացնելու այդ վայրկյանը:

Եվ ահա, ինչպես կայծակը անամպ երկնքից, 1914 թվի ամառը, պայթեց համաշխարհային պատերազմը: Ազգեր ելան ազգերի դեմ: Աշխարհը իրար խառնվեց: Եվ քաղաքակրթության զարգացումն ու մարդկության առաջադիմությունը կանգ առան երկար ժամանակով:

Պատերազմը ահավոր փորձություն եղավ ամբողջ երկրագնդի, մանավանդ, հայ ժողովրդի համար: Նա բռնկվեց այն պահին, երբ հայ-թուրքական հարաբերությունների լարումը հասել էր ծայրահեղ աստիճանի, երբ հայը Թուրքիայում նորից դարձել էր «խային» ազգ, «պետական դավաճան», «կույր գործիք մեծ պետությունների ձեռքին»…

Նոր էր ստորագրվել բարենորոգումների ծրագիրը: Օսմանյան սահամանդրության հաջորդող հայ-թուրքական համերաշխության մեղրամիսը կարճ տևեց: Կիլիկիայի ջարդը, ներքին ճնշումները, կառավարության կասկածոտ վերաբերումը դեպի հայ տարրը, հողային հայակործան քաղաքականությունը Արևելյան վիլայեթներում, թուրք ազգայնամոլության հարաճուն զարգացումը: Իթթիհատի ծոցում՝ այս և ուրիշ բազմաթիվ պատճառներ վերջնապես համոզեցին հայերին, որ առանց արտաքին  օգնության, միա՛յն թուրքական միջոցներով  անկարելի է ձեռք բերել կյանքի բարելավում: Եվ նորից ամենքի հայացքը ուղղվեց դուրս՝ դեպի «մարդասեր Եվրոպան»:

Սահմանադրության օրերին ամբողջ թուրքահայությունը, չնչին բացառությամբ, կանգնել էր օսմանյան պետականության հողի վրա: Հ. Յ. Դաշնակցությունը, հայ ժողովրդի մեծագույն կուսակցությունը՝ գործակցելով Իթթիհատի հետ՝ ձգտում էր իրականացնել համապետական նպատակներ: Երեսուն տարիների հեղափոխական մաքառումներից հետո, հայը անվերապահ կերպով դառնում էր օսմանյան քաղաքացի, հավատարիմ տարր օսմանյան «վերածնվող հայրենիքի»: Ի՞նչ ավելի հարմար առիթ թուրք գործիչների համար՝ օգտագործելու հայ ժողովրդի այս ինքնաբուխ զգացմունքները:

Մարտյան հետաշրջական օրերին հայ ժողովուրդը, մի մարդու պես, ոտքի կանգնեց՝ պաշտպանելու համար հասարակաց հայրենիքն ու նոր վարչաձևը: Եվ երիտասարդ թուրքերի հաղթանակը զգալի չափով արդյունք էր նաև հայերի օժանդակության:

Երբ Իտալիան հարձակվեց Տրիպոլիի վրա, թուրքահայ ժողովուրդը, հակառակ Ադանայի արյունոտ հիշատակների, նորից կառավարության կողքին էր՝ անվարան նպաստելով երկրի պաշտպանության գործին: Պետության սպառնացող վտանգը հայությունն ընդունում էր վտանգ և իրեն համար:

Եվ, սակայն, թուրքերը ո՛չ միայն չգնահատեցին հայ ժողովրդի այս անկեղծ զգացմունքները, ո՛չ միայն չաշխատեցին նրա մեջ խորացնելու և ամրացնելու օսմանյան պետականության գաղափարը, այլ, կարծես դիտավորյալ կերպով, թափեցին ամեն ճիգ ու ջանք՝ սառեցնելու համար հայերի նման վերաբերումը, հետ մղելու նրանց իրենցից ու Թուրքիայից: Երբ 1912-ին սկսվեց թուրք-բալկանյան պատերազմը, հայերի մեջ այլևս հավատ ու խանդավառություն չէր մնացել: Պատրիարքարանը, կուսակցությունները, հանրային կարծիքը, բովանդա՛կ ժողովուրդը եկել էին այն համոզման, որ առանց դրսի միջամտության հայերի վիճակը չի բարեփոխվի: Այս տրամադրության հեևանքով էր, որ օրինակ, պատերազմի ընթացքում բուլղարահայությունը կազմակերպեց Թուրքիայի դեմ Անդրանիկի կամավորական խումբը:

Նույն տրամադրության հետևանքով ծնունդ առավ նաև կաթողիկոսական պատվիրակությունը Եվրոպայում՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ: Հայերը նորից բռնեցին քաղաքական այն ուղին, որով ընթացել էին Բեռլինի վեհաժողովից ի վեր՝ փշոտ, վտանգավոր, թե՛ հայերի և թե՛ թուրքերի համար հավասարապես փորձություններով հարուստ ուղի: Սակայն, ուրիշ հեռանկար չէր տեսնվում. «վերածնվող» Թուրքիան էլ, ինչպես առաջներում սուլթանական Թուրքիան, հայերին մղում էր դեպի ա՛յդ ուղին:

Եվ այս անգամ, կարծես հաջողությունը ժպտում էր հայերին. մեծ պետությունների կամ, ավելի ճիշտ, ռուս-գերմանական երկար ու տաղտկալի վեճերից ու սակարկություններից հետո, որոնց ընթացքին Գերմանիան ոգի ի բռին պաշտպանում էր թուրքերին, իսկ Ռուսաստանը պնդում էր հայկական բարենորգումների վրա, վերջ ի վերջո, 1914 թ. հունվարի 26-ին, մեծ վեզիր Սայիդ Հալիմի և Ռուսաստանի Պոլսի գործակատար Գուլկևիչի միջև ստորագրվեց բարենորոգումների ծրագիրը: Գերմանիան հրաժարվեց դնել իր ստորագրությունը այդ թղթի տակ:

Համաձայն այդ ծրագրի՝ հայկական վեց վիլայեթներին պիտի կցվեր Տրապիզոնի նահանգը ևս, և այդ ամբողջ շրջանը պիտի բաժանվեր երկու ընդհանուր քննչությունների, կամ, ինչպես սիրում էին ասել հայերը, մարզպանությունների: Առաջին շրջանը պիտի բաղկանար Էրզրումի, Տրապիզոնի և Սըվազի վիլայեթներից, երկրորդը՝ Վանի, Բիթլիսի, Խարբերդի և Տիգրանակերտի: Ընդհանուր քննիչները պետք է լինեին եվրոպացիներ: Նրանց նշանակումը կատարելու էր Բարձր Դուռը՝ համաձայն մեծ  պետությունների առաջարկելիք թեկնածուների:

Ընդհանուր քննիչների հակակշռին պիտի ենթարկվեին շրջանի վարչությունը, արդարադատությունը, ոստիկանությունն ու ժանդարմերիան: Ի հարկին, տեղական զորքերն ևս պիտի տրամադրվեին նրանց՝ հանրային անդորրության պահպանության համար: Նրանք իրավունք պիտի ունենային նշանակել, հեռացնել և դատի ենթարկել պաշտոնյաներին. բարձր պաշտոնյաներ նշանակելիս պիտի առնեին սուլթանի հավանությունը: Հողային վեճերը պիտի լուծվեին քննիչների անմիջական հսկողության տակ: Օրենքներն ու կառավարական կարգադրությունները պիտի հրատարակվեին տեղական լեզուներով, և ազգաբնակչությունը իրավունք  պիտի ունենար գործածել իր լեզուն վարչության ու դատարանի մեջ: Յուրաքանչյուր ազգ պետական բյուջեից կրթական գործի համար պիտի ստանար որոշ գումար՝ համեմատ իր վճարած հարկի, այլև իրավունք պիտի ունենար նույն նպատակով նշանակել  ազգային տուրք: Զինվորական ծառայությունը պիտի կատարվեր իր վայրում: Համիդիե գնդերը պիտի ջնջվեին: Ժողովուրդների, կրոնների և լեզուների իրական փոխհարաբերությունները պիտի ճշտվեին մարդահամարով, որը պիտի կատարվեր ընդհանուր քննիչների հսկողության տակ: Վիլայեթներում գոյություն պիտի ունենային ժողովրդից ընտրված ընդհանուր և վարչական խորհուրդներ:

Այսպիսով, հունվարի 26-ի բարենորոգումների ծրագիրը Հայաստանում հաստատում էր համարյա նույն դրությունը, ինչ որ կար արդեն Լիբանանում, ա՛յն հիմնական տարբերությամբ, որ Լիբանանի ընդհանուր նահանգապետը թուրքահպատակ էր, մինչդեռ այստեղ՝ պետք է լինեին եվրոպացիներ: Сборник дипломатических документов. Реформы в Армении. Изд. Министерства иностр. дел., Петроград, 1915.

Այս ծրագիրը լիովին չէր համապատասխանում հայերի բաղձանքներին: Նրանք դժգոհ էին հայկական նահանգները երկու շրջանի բաժանելուց: Բայցի այդ, նրանց շատ էր անհանգստացնում ծրագրի շուրջ հարուցված հակամարտությունն ու թուրք կառավարության բռնած բացահայտ թշնամական դիրքը, մի փաստ, որի վրա մատնանշում էր և Գուլկևիչը իր կառավարության ներկայացրած հաղորդագրության մեջ: «Հայկական հարցի մասին Բարձր Դռան հետ համաձայնության հաջորդ օրը, հունվարի 27-ին, կայսերական դեսպանին պետք եղավ հաղթահարել մեծ դժվարություններ: Մի կողմից նա ստիպված էր հաշվի առնել հայերի բնական ձգտումը, ըստ կարելվույն, ավելի լայն բարենորոգումներ ստանալու, մյուս կողմից՝ Բարձր Դռան համառ դիմադրությունը, որով նա աշխատում էր ի չիք դարձնել առաջարկված բարենորոգումները և այդ նպատակով ծառանում էր մեր նախագծի բոլոր էական կետերի դեմ: Իսկ ինչ վերաբերում է Գերմանիային, նա մեզ հետ հայկական հարցի մասին համաձայնության մտավ երկու նպատակով. նախ՝ որպեսզի կարողանա ասել Բարձր Դռանը, որ ինքը Ռուսաստանին հետ է պահել լայն բարենորոգումներից՝ տալով իր համաձայնությունը Թուրքիայի համար վտանգ չներկայացնող համեստ ծրագրի. երկրորդ՝ որպեսզի ձեռք բերի հայերի համակրանքը, հայերի, որոնք շատ թանկ են  Գերմանիայի համար, իբրև մեծամասնություն Կիլիկիայում, որը Գերմանիան համարում է իր ազդեցության շրջան: Այդ պատճառով, Գերմանիայի վարմունքը, ամբողջ ժամանակ, աչքի էր զարնում անկեղծության բացակայությամբ և նրա աջակցությունն ուներ զուտ ցուցական բնույթ (հայերի համար): Իրապես, գերման դիվանագետները թուրքերի հավատարիմ խորհրդատուներն էին»: Сборник дипломатических документов. Реформы в Армении. Изд. Министерства иностр. дел., Петроград, 1915, էջ 173-174:

Այս բոլորը տեսնում էին և հայերը, և նրանցից խորատեսները լուրջ անհանգստությամբ էին նայում ապագային: Բայց լայն հասարակությունը և, մանավանդ, բարենորոգումների աշխատանքը տանող շրջանները՝ Փարիզից մինչև Էջմիածին՝ համակված էին հաղթողի գոհունակությամբ:

1914 թվի գարունը և ամառը անցան բարենորոգումների գործի կազմակերպման աշխատանքներով: Պետությունների առաջարկած թեկնածուներից, Բարձր Դուռը ապրիլի 2 (15)-ին ընդհանուր քննիչներ ընտրեց հոլանդացի Վեստենենկին և նորվեգացի Հոֆին ու մայիս 10 (23)-ին ստորագրեց նրանց հետ վերջնական պայմանը: Եվ նախնական անհրաժեշտ աշխատանքները լրացնելուց հետո, Հոֆը մեկնեց իր պաշտոնատեղին՝ Վան. կարճ ժամանակից հետո պիտի մեկներ և Վեստենենկը:

Ճիշտ է, թուրք կառավարությունը և Իթթիհատը չէին ծածկում իրենց դժգոհությունը հայերից և հակառակությունը բարենորոգումների ծրագրից: Ճիշտ է, ճանապարհին և Վանում թուրք իշխանություններն ու հասարակությունը թշնամանքով ընդունեցին Հոֆին, իսկ Վանում թուրք պաշտոյաները նույնիսկ հրաժարվեցին նրան ենթարկվելուց, բայց և այնպես «բարենորոգումները սկսել էին գործադրվել», իսկ այս ինքնին արդեն կարևոր նվաճում էր համարվում: Պատճառ չկար կասկածելու, որ, վերջ ի վերջո, թուրքերը տեղի կտան, և բարենորոգումները կմտնեն ուժի մեջ: Հայ ժողովրդի առջև բացվում էին նոր, անսահման, հրապուրիչ հորիզոններ…

Այսպես էր դրությունը, երբ հուլիսին, Էրզրումում, բացվեց Հ. Յ. Դաշնակցության 8-րդ ընդհանուր ժողովը: Մեծ կարևորություն էր տրվում այդ ժողովին ո՛չ միայն դաշնակցականների, այլև դրսի խավերի կողմից. բարենորոգումների գործադրության նախօրյակին, հայրենի երկրի կենտրոններից մեկում գումարված հայ կյանքին գույն և բովանդակություն տվող կուսակցության ընդհանուր ժողովը, անկասկած, ունենալու էր խոշոր նշանակություն, մասնավորապես բնագավառի համար: Եվ հիրավի, Հ. Յ. Դ. 8-րդ Ընդհանուր ժողովը իր ուշադրության և աշխատանքի գլխավոր մասը նվիրեց երկրին՝ նրա ներքին կազմակերպությանը, հողային խնդրին, արտագաղթին, կառավարության վարած հակահայ քաղաքականությանը, ինքնապաշտպանությանը, բարենորոգումներին և այլն:

Վերջին հարցի մասին ընդունվեց հետևյալ բանաձևը.

«Ընդհանուր ժողովը՝ լսելով բարենորոգումների մասին տրված զեկուցումը և վիճաբանության ենթարկելով, առհասարակ, կուսակցության բարենորգչական գործունեությունը, դիվանագիտական և քաղաքական ճանապարհով, ընդունեց, որ կուսակցությունը սկզբունքով կարող է որդեգրել բարենորոգչական այդ գործունեությունը, իբրև նպատակահարմար, սակայն, պարտք կդնի ձեռնհաս մարմինների վրա ավելի քիչ տարվել դիվանագիտական ուղղությամբ՝ միշտ շարունակելով գերակշռությունը տալ կազմակերպական իրական ուժի զարգացմանը:

Գալով 1914թ. հունվարի 26-ի բարենորգմանց ծրագրին, այն ձևով, որ ընդունված է Պոլսո եվրոպական դեսպանների, թուրք կառավարության և ընդհանուր քննիչների կողմե, կնկատե զայն իր ամբողջության մեջ անբավարար և օգտակար չի գտներ, որ նույն ծրագրի գործադրության ժամանակ կազմակերպությունը կուսակցորեն աջակցություն ցույց տա և այդպիսով որոշ պատասխանատվություն ստանձնե. կթելադրե միջամտության գործը թողուլ ազգային պաշտոնական մարմիններու:

Ասոր հետ միասին, չբացասելով հանդերձ, որ հիշյալ բարենորգմանց ծրագիրը կպարունակե կարգ մը կետեր՝ համապատասխան մեր նվազագույն պահանջներուն, և որ, իրոք, կառավարությունը կջանա իր բոլոր հնարավոր միջոցներով ջլատել նույնիսկ այդ համեստ ծրագրի իրագործումը, ինչպես նախապես առաջադրված բարենորգչական սկզբունքները, ընդհանուր ժողովը կհրահանգե, որ կուսակցությունը, անհրաժեշտության պարագային, ընդդիմանա կառավարության կողմե նույն ծրագրին իրագործման դեմ հանված խափանարար միջոցներուն և պաշտպանե հայ ժողովուրդին իրավունքները»:

Ինչպես տեսնում ենք, առանձին խանդավառություն չկա դեպի բարենորոգումների ծրագիրն ու դիվանագիտական գործունեությունը: Ընդհանուր ժողովը անհրաժեշտ էր համարում նվիրվել ներքին աշխատանքի ու սեփական ուժերի կազմակերպման:

Օրակարգի հարցերը սպառված չէին դեռ, երբ ստացվեց եվրոպական պատերազմի լուրը, որը արտակարգ եռուզեռ առաջ բերեց թուրք ղեկավար շրջաններում, որոնց առաջին գործն եղավ, իհարկե, բարենորգումների խափանումը: Ընդհանուր քննիչ Հոֆը անմիջապես մեկնեց Վանից: Թուրքիայում հայտարարվեց ընդհանուր զորահավաք, և ամեն կողմ սկսվեցին տեսնվել շտապ նախապատրաստություններ: Թուրքիան սկսեց տենդագին պատրաստվել պատերազմի:

Այս ընդհանուր կացության հանդեպ, այլև աչքի առաջ ունենալով թուրք իշխանությունների կասկածոտ ու բծախնդիր վերաբերումը՝ Հ. Յ. Դ. Ընդհանուր ժողովը կարճ կապեց իր օրակարգը և ցրվեց՝ նախօրոք քննության առնելով Թուրքիայի պատերազմի մեջ մտնելու հավանականությունը և այդ առթիվ որոշեց հրահանգել իր մարմիններին և ընկերներին մնալ օրինապահ իրենց ապրած երկրի վերաբերմամբ և կատարել իրենց բաժին հասած քաղաքացիական պարտականությունները: Միաժամանակ, Ընդհանուր ժողովը ընտրեց 7 հոգիանոց հատուկ մի մարմին, որին և հանձնվեց, պատերազմի դեպքում, լուծել ծագելիք բոլոր գործնական խնդիրները: Իբրև ընդհանուր հրահանգ, որոշվեց ամեն գնով Թուրքիային հետ պահել պատերազմին մասնակցելուց՝ նկատելով, որ նման քայլը կործանարար կլինի ո՛չ միայն հայ ժողովրդի, այլև օսմանյան պետության համար:

Ընդհանուր ժողովն արդեն փակված էր, երբ Էրզրում հասան Իթթիհատի լիազորներ Բեհաեդդին Շաքիրը և Նաջի բեյը՝ իրենց հետ բերելով մի քանի տասնյակ կովկասցի պարսիկ-ազրբեջանցի գործակալներ ու մարտիկներ: Նրանց նպատակն էր կազմակերպել հակառուս քարոզչություն ու պայքար Կովկասում և Հյուսիսային Պարսկաստանում, այլև պատերազմական նախապատրաստություններ տեսնել Արևելյան նահանգներում: Նրանց հանձնարարված էր նաև բանակցություններ վարել Հ. Յ. Դ. Ընդհանուր ժողովի հետ Ռուսաստանի դեմ մեկ ճակատ ստեղծելու համար:

Իթթիհատի լիազորները առաջարկեցին Հ. Յ. Դաշնակցության ներկայացուցիչներին, որ դաշնակցականները ռուս-թուրքական պատերազմի ընթացքում միանան  թուրքերին՝ աշխատելով ռուսների դեմ ապստամբեցնել կովկասահայերին: Նրանք պնդում էին, որ վրացիք ու կովկասյան թուրքերը արդեն տվել են իրենց համաձայնությունը և սկսել են պատրաստվել ապստամբության: Եվ, հիրավի, իթթիհատական լիազորների հետ Էրզրում էին եկել և կովկասցի թուրքեր, որոնք հավաստիացնում էին, թե գնում են Կովկաս՝ խռովություններ և ապստամբություններ առաջ բերելու և, պատերազմի պարագայում, ռուս բանակի թիկունքը կազմալուծելու նպատակով:

Բեհաեդդին Շաքիրն ու Նաջի բեյը համարում էին վայրկյանը հասած, երբ կովկասյան ժողովուրդները պետք է ազատվեն ռուսական լծից: Նրանց ասելով՝ Թուրքիան մտադիր չէ գրավելու Կովկասը, այլ ձգտում է վերածել թուրքական հովանավորության տակ գտնվող ինքնավար պետության, որ պատվար լինի իր և ռուսների միջև, մասնավորապես, հայերին խոստանում էին ստեղծել հայկական ինքնավար մի իշխանություն ռուսահայ և նաև թուրքահայ որոշ հողամասերից: Ընդհակառակը, հայերի չմիանալը վրացիներին և կովկասյան թուրքերին կարող է առաջ բերել ծանր հետևանքներ:

Հ. Յ. Դաշնակցության ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք կտրականապես դեմ են Թուրքիայի պատերազմի խառնվելուն, որովհետև համոզված են, որ վերջնական հանթանակը պատկանելու է դաշնակիցներին, իսկ այդ դեպքում պատերազմող կողմ դարձած Թուրքիան կարող է չարաչար տուժել: Նրանք ապացուցում էին, որ Թուրքիայի շահերը պահանջում են պահպանել չեզոքություն. չեզոք Թուրքիան անհամեմատ ավելի շատ կշահի, քան պատերազմող Թուրքիան: Պատերազմի մասնակցել՝ նշանակում է երկիրը նետել աններելի արկածախնդրության գիրկը:

Իթթիհատի լիազորները, սակայն, անդրդվելի էին իրենց առաջարկի վրա: Նրանց համար պատերազմի հարցը որոշված էր. հանցանք կլիներ ձեռքից փախցնել հարմար առիթը և մեկ անգամ ընդմիշտ չազատվել ռուսական մղձավանջից: Գերմանիայի հաղթությունը կասկածի առարկա չէր նրանց համար, իսկ հաղթական Գերմանիա՝ նշանակում էր հաղթական Թուրքիա: Նրանք համոզում էին հայերին ևս միանալ իրենց և ձեռք ձեռքի տված կռվել հասարակաց թշնամու դեմ: Բայց Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ եթե, այնուամենայնիվ, իրենց կամքի հակառակ, պատերազմը պայթի, Դաշնակցության Թուրքիո հատվածի բոլոր անդամները լրիվ կերպով կկատարեն իրենց պարտքը հանդեպ պետության: Ինչ վերաբերվում է կովկասահայերին՝ Դաշնակցությունը չի կարող հանձնառություն ստանձնել նրանց ապստամբեցնելու, մանավանդ որ թուրքերը իրենց վերջին հինգ տարվա քաղաքականությամբ թուրքահայերի վերաբերմամբ այնպիսի վիճակ չստեղծեցին, որ կարողանային գրավել ռուսահայերի համակրանքը:

Այս պատասխանը թուրքերի ուզածը չէր: Նրանք պահանջում էին ավելի շոշափելի ապացույցներ «օսմանյան հայրենասիրության», մանավանդ բարենորոգումների ծրագրի առթիվ իրենց և հայերի միջև առաջ եկած  պաղությունից հետո: Հայերը չէին կարող խոստանալ ավելին. հոգեբանորեն, մարդկայնորեն հնարավոր չէր այդ: Ո՛չ միայն կովկասահայերին ապստամբեցնել, թուրքահայերին իսկ դժվար էր ոգևորել «օսմանյան հայրենասիրությամբ»՝ այնքա՜ն վարկաբեկված էր թուրքական ռեժիմը հայ ժողովրդի աչքին:

Ընդհակառակը, պատերազմի պարագայում, ավելի հավանական էր հակաթուրք զգացմունքների պոռթկումը: Այդպես էլ պատահեց: Դեռ թուրք-ռուսական պատերազմը չսկսված Կովկասում ծայր տվեց ուժեղ, բառի իսկական իմաստով տարերային կամավորական շարժում, որը կլանեց հայ ժողովրդի համարյա բոլոր խավերն ու կազմակերպությունները: Կարճ ժամանակամիջոցում կազմակերպվեցին 4 կամավորական խմբեր, որոնց մեջ մտնել փափագողների թիվը պահանջվածից մի քանի անգամ ավելի էր: Ասպարեզ եկան հայդուկային կռիվների մեջ թրծված խմբապետներ՝ Անդրանիկ, Վարդան, Քեռի, Համազասպ, Դրո, Խեչո և շատ ուրիշներ, որոնք կանգնեցին խմբերի գլուխը: Կամավորական շարժման նախաձեռնող և ընդհանուր ղեկավար եղավ Ազգային բյուրոն: Հ. Յ. Դաշնակցության կովկասյան Շրջանային ժողովը, 1914 սեպտեմբերին, յուրացրեց և գործոն դեր կատարեց կամավորական շարժման գործադրության մեջ: Զուտ վարչական կազմակերպական գործը ամփոփվեց Կարգադրիչ մարմնի ձեռքը: Շարժման քաղաքական նշանաբանն էր՝ «Ինքնավարություն 6 վիլայեթների և նրանց անբաժան մաս Կիլիկիայի՝ Ռուսաստանի հզոր հովանավորության տակ»: Ռուս դիվանագիտությունն ու զորահրամանատարությունը քաջալերում էին այս տրամադրությունը և ուղղակի կամ անուղղակի կերպով զգացնել էին տալիս, որ հայերի բաղձանքները կկատարվեն լիովին: Այդ իմաստով արտահայտվեց ցարը Ամենայն Հայոց կաթողիկոսին, ընդունելության միջոցին Թիֆլիսում: Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը նույն հավաստիացումները տվեց կաթողիկոսին առանձին մի գրությամբ:

Կամավորական խմբերը սկզբում 4 էին՝ Անդրանիկի, Քեռիի, Դրոյի, Համազասպի, որոնց մեջ մտնում էին մոտ 2500 կռվողներ: Ապա՝ ավելացավ մի նոր խումբ՝ գնդ. Ջամփոլադյանի հրամանատարության տակ, Ազգային բյուրոյից անկախ: 1915-ի գարնանը Քեռիի, Դրոյի և Համազասպի խմբերը միավորվեցին Արարատյան ջոկատի մեջ, Վարդանի ընդհանուր հրամանատարության ներքո, որ Վանի գրավման գլխավոր ուժը հանդիսացան: Նույն 1915-ին կազմակերպվեց Իշխանի՝ Հովսեփ Արղությանի խումբը: Ի վերջո, հայ կամավորական խմբերի թիվը հասավ յոթի: 1916 թվին այդ խմբերը վերակազմվեցին հայկական հրացանաձիգ գնդերի, սպաների հրամանատարության տակ և մտցվեցին ռուսական կանոնավոր բանակի մեջ: Ռուս քաղաքականությունը փոխվում էր հայերի վերաբերմամբ, և հայ կամավորական խմբերը այլևս պետք չէին:

Կամավորական խմբեր կազմակերպելով՝ Կովկասի հայ ղեկավար շրջանները նպատակ ունին՝ մի կողմից մասնակցելով պատերազմին Թուրքիայի դեմ՝ արագացնել թուրքահայերի ազատությունը, մյուս կողմից՝ զինված ուժեր ունենալով ռազմաճակատի առաջավոր մասերում՝ նպաստել այնտեղի հայ ժողովրդի ինքնապաշտպանության գործին: Ենթադրվում էր, որ կամավորական խմբերը արագ շարժումներով կարող էին առաջն առնել կամ մեղմացնել կոտորածները:

Իրականության մեջ, կամավորական խմբերը խաղացին, գլխավորապես, զինվորական դեր և, այս տեսակետից, անգնահատելի ծառայություն հասցրին ռուս բանակին: Նրանք ո՛չ միայն առաջապահ-հետախուզական պաշտոններ էին կատարում, այլև մասնակցում էին ընդհանուր ճակատամարտերի կամ լուծում էին ռազմական ուրույն խնդիրներ: Կովկասյան ռուս բանակի տարեգրության մեջ հայ կամավորական խմբերն ունեն իրենց պատվավոր տեղը թե՛ կատարած հերոսական գործերով և թե՛ տրված բազմաթիվ ու թանկագին զոհերով: Բացի հարյուրավոր շարքային մարտիկներից, պատերազմի դաշտում ընկան շատ քաջ և անվանի խմբապետեր, ինչպես Քեռին ու Խեչոն: Հայ կամավորական շարժումը դեռ սպասում է իր պատմագրին: Նրա մասին որոշ գաղափար է տալիս զոր. Գ. Ղորղանյանի գիրքը՝ La participation des Arméniens à la guerre mondiale sur le front du Caucase (1914-1918), Paris, 1927, որ հրատարակվեց նաև հայերեն լեզվով «Հայրենիք» ամսագրի 1926-27 թթ. համարներում:

Խմբապետներից ու կամավորներից շատերը վարձատրվեցին քաջության նշաներով: Մի ահագին թիվ հայ երիտասարդների խմբերի մեջ ձեռք բերեց զինվորական փորձառության և հետագայում, մանավանդ, Հայաստանի անկախության շրջանում, մեծ չափով օգտակար եղավ հայ ժողովրդի և հանրապետության պաշտպանության գործին: Այդ օրերին, դեկտեմբերի առաջին կեսին, Կովկաս այցելեց ցար Նիկոլայ Բ և ցնծությամբ ընդունվեց մասնավորապես Թիֆլիսի հայերի կողմից: Ցարը, իրեն ներկայացնող Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի միջոցով հայտնեց, թե Ռուսաստանը, պատերազմից հետո խոստանում է ապահովել Թուրքահայաստանի ինքնավարություն Ռուսաստանի հովանավորության ներքև:

Կամավորական խմբերը, սակայն, մի կաթիլ էին համեմատած այն ահագին օժանդակության հետ, որ հայ ժողովուրդը բերեց Ռուսաստանին պատերազմի ընթցքում: Ըստ պաշտոնական հաշվի, հայերի 13%-ը զինվոր էր զանազան ռազմաճակատներում: Ուրիշ խոսքով, 2 միլիոնանոց ռուսահայությունը ավելի քան 250 000 զինվոր տվեց ռուս բանակին: Բացի այդ, նա իր ուժերը հասցրեց գերագույն լարման և թիկունքում՝ մասնակցելով ռազմաճակատի օգնության հատկացվող բազմապիսի ձեռնարկների: Եվ այդ ամենը կատարվում էր մեկ նպատակով. թուրքահայկական դատի լուծման, Թուրքահայաստանի ազատագրության համար (Բ.):

Պատերազմի սկզբին հայկական շրջաններում տիրում էր ընդհանուր համոզում. մի քանի ամսվա մեջ ռուսները կգրավեն Վանն ու Էրզրումը, և հայկական շրջանները կազատվեն թուրքական լծից: «Ինչի՞ս պետք են կոշիկ ու մուշտակ,- ասում էր Անդրանիկը պատերազմի սկզբին,- զինվորին կուտամ չարուխ ու հալվա՝ և հինգ օրեն Վան եմ…»

Այս հավատն էր, անշուշտ, պատճառն այն համազգային խանդավառության, որ առաջ բերեց կամավորական շարժումը: Սակայն, օրեր ու ամիսներ անցան, և հայկական նահանգները մնացին չգրավված: Ավելին դեռ. 1914-ի դեկտեմբերին քիչ մնաց Ռուսահայաստանի մի մասն էլ վրա գնար. Էնվերի գնդերը հասել էին արդեն Սարիղամիշի բարձրունքները, և Կովկասի մայրաքաղաքը մատնվել էր խուճապի: Փոխարքան պատրաստվում էր փախչելու դեպի լեռների ա՛յն կողմը, և կովկասյան թրքությունը ցնծության մեջ էր (Գ.):

Հրաշքը միայն, ավելի ճիշտ, արտակարգ ձմեռը, փրկեց Կովկասը թուրքական ներխուժումից: Ջարդված Սարիղամիշի տակ՝ Էնվերն իր զայրույթի բովանդակ թույնը թափեց թուրքահայ ժողովրդի գլխին: Հայերի բնաջնջման դավը վաղուց էր նյութված Իթթիհատի որջում: Առիթ էր հարկավոր՝ ահա և առիթը. հայերն էին թուրքերի պարտության պատճառը: Հարկավոր էր մաքրել ռազմաբեմը այդ վնասակար տարրից: Եվ ահա գործադրության է դրվում տեղահանության ծրագիրը: Պրուսական ու բելգիական ճակատներում տեղահանություն նշանակում էր տնտեսական քայքայում, Թուրքիայում՝ ջարդ ու կոտորած: Եվ 1915թ. ապրիլից սկսած, ամիսներ շարունակ, թուրքերը զբաղվեցին հայերի ծրագրված բնաջնջումով: Ապրիլի 11-ին զանգվածորեն ձերբակալվելով՝ դեպի մահ քշվեց պոլսահայ մտավորականությունը: Ապա՝ գյուղեր ու քաղաքներ դատարկվեցին և ավարի ենթարկվեցին: Մի միլիոնից ավելի ժողովուրդ մորթոտվեց կամ մեռավ տեղահանության ճանապարհին և արաբական անապատների ավազանում: Դարերով կուտակված անհաշիվ հարստություն, տնտեսական ու մշակութային թանկագին նյութեր կորստյան մատնվեցին (Դ.): Մի ամբողջ քաղաքակիրթ ժողովուրդ խաչ հանվեց ու նահատակվեց վայրագորեն՝ աշխարհի աչքի առջև. ոչ ոք չըմբոստացավ ու չմիջամտեց: Եվ ո՞վ կարող էր, ո՞վ սիրտ ու կամք ուներ միջամտելու, երկրագունդը խեղդվում էր արյան մեջ: Մարդկության խիղճը քար էր կտրել…

Թուրքահայկական խնդիրը լուծվում էր թուրքերի ձեռքով: Թուրքահայաստան առանց հայերի՝ այս համապատասխանում էր և ռուսների հաշիվներին: Մինչ թուրքերը կլանված էին հայկական տեղահանություններով ու ջարդերով, այստեղ ռուս զորավարները կադրիլ էին խաղում թուրքական ռազմաբեմում: Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ՝ ռուս բանակը անվերջ առաջխաղացում և նահանջ էր անում, որոնց ընթացքում իսպառ քար ու քանդ եղան և իթթիհատական դահիճներից ազատ մնացած Ալաշկերտն ու Վասպուրականը: Դիտում կա՞ր այդ նահանջների մեջ, թե՞ նրանք իսկապես ռազմագիտական անհրաժեշտություն էին՝ միևնույնը չէ՞ր հայ ժողովրդի համար: Նա գաղթում, տնաքանդ էր լինում և ամեն գաղթի հետ կորցնում էր և՛ իր տնտեսական ու բարոյական կորովը, և՛ մարդկային հավաքական կերպարանքը:

Ռուսաստանի հայությունը անխտիր բոլոր կազմակերպություններով իր բովանդակ ուժերը լարել էր մեղմացնելու համար համազգային այս աղետը: Առաջին հերթին նյութական և բարոյական ճիգ էր թափվում փրկելու համար պատերազմի թատերաբեմ դարձած վայրերից փախած գաղթականների ֆիզիկական գոյությունը, բայց նույնչափ հուզում էին և ազգային-քաղաքական հարցերը. ի՜նչ էր սպասվում և ի՜նչ դուրս եկավ…

1916 թ. սկզբներին, միաժամանակ, թե Թիֆլիսում, Ազգային բյուրոյի շրջանակում, և թե Պետրոգրադի, Մոսկվայի հայության մեջ, զգացվեց համազգային խորհրդաժողով գումարելու պահանջը, քննելու համար օրվա խնդիրները և նոր կացության համապատասխան քաղաքական ուղեգիծ որոշելու: Ժողովի գումարման նախաձեռնությունը ստանձնեց Մոսկվայի հայկական կոմիտեն իր կորովի նախագահ Ստ. Մամիկոնյանի գլխավորությամբ:

Երկար բանակցություններից հետո կառավարությունը արտոնեց հայկական խորհրդաժողովի գումարումը, Կովկասից հեռու, Պետրոգրադում, և այն պայմանով, որ զուտ գաղթականների օգնության հարցից դուրս ազգային կամ քաղաքական բնույթ կրող որևէ խնդիր չդրվի ժողովի օրակարգի վրա:

Պետրոգրադի խորհրդաժողովը գումարվեց 1916թ. մայիսին: Ժողովին մասնակցում էին գաղթականական գործերով զբաղվող կազմակերպությունների և Ազգային բյուրոյի ներկայացուցիչները, Պետական դումայի հայ անդամները և հրավերով անհատ գործիչներ Թիֆլիսից ու Կովկասի մյուս հայկական կենտրոններից, Պետրոգրադից, Մոսկվայից, Նոր Նախիջևանից և այլն: Բազմանդամ և մեծաղմուկ ժողով էր, որ, սակայն, լավ կազմակերպված չէր և, կարելի է ասել, շոշոփելի ոչ մի հետևանք չունեցավ:

Խորհրդաժողովին նախագահում էր Մոսկվայի Հայկական կոմիտեի նախագահ Ստ. Մամիկոնյանը, որ և պատասխանատու էր կառավարության առջև: Ժողովականներ էին, ի միջի այլոց, Պետրոգրադի Հայկական կոմիտեն իր ամբողջ կազմով՝ պրոֆեսոր Ն. Ադոնց, պրոֆեսոր Վարդանյան, Ասրիբեգյան, Պետական դումայի անդամներ՝ Մ. Պապաջանյան, Մ. Աջեմյան, Մոսկվայի կոմիտեն նույնպես գրեթե ամբողջ կազմով՝ Ս. Մամիկոնյան, պրոֆ. Ճիվելեկյան, Իվ. Ամիրյան, Հ. Թադևոսյան և այլն, Ազգային բյուրոյից փոխնախագահ՝ Հ. Խունունց, Ն. Աղբալյան, Խ. Կարճիկյան, Ս. Հարությունյան, Վանից՝ Արամ Մանուկյան, Ա. Թերզիբաշյան, օսմանյան երեփոխան Վահան Փափազյան և շատ ուրիշներ: Ներկա էր և սոցիալ-դեմոկրատ, աղմկարար մի խմբով՝ Սարգիս Սրապիոնյան (Լուկաշին), Արտ. Կարինյան և այլն:

Ժողովը զբաղվեց գլխավորապես գաղթականական հարցերով, բայց գաղտնի հավաքույթներում քննության առնվեցին և Հայկական հարցի հետ կապված քաղաքական խնդիրները: Եթե գաղթականական հարցը պարզ և որոշ էր՝ նպաստամատույց գործի կազմակերպում, նյութական օգնության համար վարկերի ապահովում կառավարությունից և ազգային մարմիններից, բժշկական և կրթական աջակցություն և այլն, և այս հարցի շուրջ սուր տարակարծություններ չկային, թեև նկատելի էին անհամաձայնությունն ու պայքարը զանազան մարմինների միջև, քաղաքական խնդիրները բուռն վեճերի առարկա եղան: Այս ժողովում էլ, ինչպես և դուրսը, անհամաձայնությունը ազգային քաղաքականության շուրջ հետևանք էր ի վաղուց անդի հայ կյանքում գոյություն ունեցող երկվության. մի կողմից ազատախոհ մտախոհությունը, որ Նալբանդյան-Արծրունի ուղիղ գծով հասել էր Հ. Յ. Դաշնակցության, իբրև հայ ժողովրդի մեծամասնության ազգային ապրումների արտահայտություն, մյուս կողմից ծայրահեղ պահպանողական և ծայրահեղ ձախակողմյան փոքրամասնությունը: Մանավանդ այս վերջինը, ապագայ հայ բոլշևիկները, խորհրդաժողովում խափանարար երևալու աստիճան աղմկոտ պայքար մղեցին, առանց որևէ հաջողության:

Ժողովը, իր մեծամասնության մեջ, երկու հարցերում էլ՝ գաղթականական և քաղաքական, միակամ դուրս եկավ. շարունակել մինչև այդ որդեգրված ազգային-քաղաքական ուղղությունը թուրքահայ դատի և գաղթականների օգնության գործի վերաբերմամբ:

Օրակարգը դեռ չսպառած՝ կառավարության կողմից անպաշտոն թելադրություն եկավ շուտով վերջ տալու խորհրդաժողովին: Հապճեպով կատարվեցին բոլոր ձևակերպությունները, և համագումարը փակվեց արտաքնապես իր պարտականությունը կատարողի գոհունակությամբ, բայց, ինչպես ասացինք, առանց որևէ շոշափելի ազդեցություն գործելու հայ կյանքում, որ նորից առարկա էր դարձել ռուսացման բիրտ քաղաքականության:

Թուրքահայկական նահանգների պարպումից հետո հետզհետե փոխվեց և ռուսների վերաբերումը դեպի հայերը: 1916 թվին  այլևս «հայկական ինքնավարության» մասին խոսք չէր լսվում. կամավորական խմբերը լուծվեցին: Կովկասում իշխում էր մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչը՝ հակահայ քաղաքականության ներշնչողներից մեկը: Մտածվում էր գրավված վայրերը հանձնելու ռուս գաղթականներին: Ծրագրվում էր Ալաշկերտի ու Եփրատյան կազակություն հաստատել: Թուրքահայ գաղթականների վերադարձը արգելվեց իրենց տեղերը: Ինչ-որ մութ, այն օրերին դեռևս անհասկանալի դավ էր լարվում հայ ժողովրդի դեմ: Հետագայում, սակայն, հայտնի դարձավ, որ դաշնակից պետությունները հայերի գլխին խաղացել էին ամենանենգ խաղերից մեկը:

1916 թվի գարնանը, Լոնդոնում ու Պետրոգրադում կատարված բանակցությունների հետևանքով, Ֆրանսիան, Մեծ Բրտանիան և Ռուսաստանը ստորագրել էին Թուրքիայի անդամահատման գաղտնի համաձայնությունը, ըստ որի հայերին խոստացված հողերը բաժանվում էին երկու մասի. Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայեթները ստանում էր Ռուսաստանը, Սիրիան ու Կիլիկիան մինչև Խարբերդ ստանում էր Ֆրանսիան: Այսպիսով, իրագործվում էր Գալիցինների ու Լոբանով-Ռոստովսկիների երազը՝ Հայաստան առանց հայերի:

Համաձայն այս նոր պայմանների ու մտայնության ձևակերպվեց և ռուսական քաղաքականությունը թուրքահայկական վիլայեթների նկատմամբ. «Հնարավոր է,- գրում էր 1916թ. 14 (27) հունիսին Կովկասի փոխարքային արտաքին գործոց նախարար Սազոնովը,- տրամադրել հայերին, որոշ շրջանակում, դպրոցական և եկեղեցական ինքնուրույնություն, լեզվից օգտվելու իրավունք, այլև քաղաքային գյուղական ինքնավարություն՝ պայմանով, որ ընտրությունների ժամանակ հարգվի ազգաբնակչության տոկոսային համամատությունը: Ոչ քրիստոնյա տարրերի վերաբերմամբ պետք է կիրառել նույն սկզբունքները, որքան այդ թույլ կտան տեղական պայմաններն ու նրանց մշակութային զարգացման աստիճանը»:

Ի պատասխան այս գրության, Կովկասի փոխարքա Նիկոլայ Նիկոլաևիչը 3 (16) հուլիսի նամակով նույնպես գտնում էր «խիստ ցանկալի, որ մինչև պատերազմի վերջը մշակվեն այն ղեկավարող սկզբունքները, որոնցով պետք է Ռուսական կայսրության սահմանների մեջ մտցվեն մեր կողմից պատերազմի իրավունքով գրավված թուրքական հողերը», և մերժելով Թուրքահայաստանի ինքնավարության գաղափարը՝ «կատարելապես համամիտ» է Սազոնովին, որ «կարելի է հայերին տրամադրել դպրոցական ու եկեղեցական ինքնուրույնություն, եկեղեցական գույքերն ու դրամագլուխները կառավարելու և լեզվից օգտվելու իրավունք, պայմանով, սակայն, որ բոլոր պաշտոնական դեպքերում առաջնությունը պատկանի ռուսական բարբառին…»: Раздел Азиатской Турции по секретным документам б. мин. ин. дел, под ред. Е. А. Адамова. Изд. Литиздата НКИД, Москва, 1924.

Այս սկզբունքների համեմատ էլ կազմվեց Թուրքիայից գրավված վայրերի կառավարության ծրագիրը 1916 թ. հունիսի 6-ին, որից հետո, հաստատվեց, զոր. Պեշկովի հռչակավոր ընդհանուր-նահանգապետությունը իր հայակեր պաշտոնեությամբ ու գործելակերպով:

Ահա ձեզ «ինքնավարություն վեց վիլայեթների և նրանց անբաժան մաս Կիլիկիայի՝ Ռուսաստանի հզոր հովանավորության տակ»: Ի՜նչ դառն հեգնություն…

Արմատական փոփոխության ենթարկվեց ռուսների հայկական քաղաքականությունը և ներքին կյանքում. հայերն այլևս բարեհաճ ուշադրության առարկա չէին: Վերականգնվում էր նախապատերազմյան վերաբերումը: Խստացվում էր գրաքննությունն ու ոստիկանական հսկողությունը քաղաքական կուսակցությունների և ազգային բարեգործական կազմակերպությունների գործունեության վրա: Մասնավորապես, անբաղձալի տարր էին դառնում թուրքահայ գաղթականները և կամավորական խմբերից հեռացած զինվորները: Ոստիկանությունը նրանց դեմ կիրառում էր խիստ միջոցներ՝ այլևս պետք չուներ նրանց:

Եվ, հասկանալի է, հայ ժողովրդին համակում էր դառն հիասթափությունն ու վիշտը: Ի՞նչ էր սպասվում, ինչ դուրս եկավ: Թուրքահայաստանի ինքնավարության փոխարեն՝ ահա ռուս բանակի կողմից դրավված ու ռուսացման ենթակա ամայի հողեր: Թուրքահայ գյուղերն ու քաղաքները՝ ավերակ: Ժողովուրդը կա՛մ ոչնչացված, կա՛մ տարագիր ու բնաջնջման ենթակա և կամ ավելի քան 300 000 հոգի գաղթական վիճակում՝ ապաստանած Անդրկովկաս: «Մեծ դաշնակիցները» Հայաստանը բաժանել էին իրենց միջև, իբրև պատերազմական ավար: Հայերին վեհանձնորեն շնորհվում էր… «Եկեղեցական ինքնուրույնություն»:

Փա՛ռք «մեծ դաշնակիցներին»…

Միևնույն դառն ապրումներն ուներ և գաղութահայությունը, որ նույնպես խանդավառված էր պատերազմից ստացվելիք բարիքներով: Ամերիկայի և Բալկանների հայերը լայն մասնակցություն էին բերել կամավորական շարժման՝ դրամով ու մարդկային ուժով և սպասում էին, որ, իբրև հետևանք հայերի մատուցած ծառայությանց, Հայստանին կտրվի ինքնավարություն:

Արտասհմանի հայության իղձերի թարգմանը և քաղաքական գործունեության կենտրոն շարունակում էր մնալ Պողոս Նուբարի պատվիրակությունը Փարիզում, որ գործում էր Ազգային պատվիրակության անունով: Նա ներկայացնում էր հայկական դատը պետությունների առջև և հենված Ամենայն հայոց կաթողիկոսից ստացած լիազորության և համահայկական վստահության վրա՝ գործում էր ի նպաստ Հայաստանի ինքնավարության: Ինչպես Ազգային բյուրոն Կովկասում, Ազգային պատվիրակությունը ևս արտասահմանում մեծ պետությունների պետական գործիչներից ու կառավարություններից ստանում էր խոստումներ ու հավաստիացումներ, որ հայկական բաղձանքները լիովին կգոհացվեն դաշնակիցների հաղթությունից հետո:

Այս հավաստիացումների հիման վրա էր, որ Ազգային պատվիրակությունը նախաձեռնեց, կովկասյան կամավորական շարժման հաշվեհարդարից հետո,  հայկական լեգեոնի կազմակերպումը դաշնակիցների արևելյան բանակում: Հայկական լեգեոնը, իր հեղինակների գաղափարով, պետք է ապագայում կազմեր ինքնավար կամ անկախ Հայաստանի բանակի կորիզը: Եվ ինչպես կամավորական խմբերը Կովկասում, հայկական լեգեոնը ևս Պաղեստինի ճակատի վրա և ապա՝ Կիլիկիայում, երևան բերեց մարտական ոգու հերոսական արտահայտություններ, մասնակցեց ճակատամարտերի, կատարեց պատասխանատու դերեր, շոշափելի կերպով նպաստեց դաշնակից բանակների զենքի հաջողության և արժանացավ անգլիական ու ֆրանսիական հրամանատարության բարձր գնահատության:

Բացի զուտ ազգային ձեռնարկներից՝ հայ կամավորական խմբեր և անհատ մարտիկներ մասնակցեցին պատերազմին և ուրիշ ճակատներում՝ դաշնակիցների զանազան զորամասերի մեջ՝ ֆրանսիական և ամերիկյան բանակներում: Եթե հաշվելու լինենք բոլոր ճակատներում և բոլոր բանակներին մասնակցող հայ զինվորների ու կամավորների ընդհանուր թիվը, հայ ժողովուրդը, ամենահամեստ հաշվով, մոտ 300 000 կռվող տրամադրեց դաշնակիցներին պատերազմի ամբողջ տևողության ընթացքում: Եվ վարձատրությո՞ւնը…

Ռուսաստանում տեսանք այդ վարձատրությունը՝ բացարձակ խաբեություն ու զրկանք: Նույնը կատարվեց և Եվրոպայում: Մի կողմից ֆրանսիական և անգլիական կառավարությունները հրապարակով հայտարարում էին, որ պատերազմի նպատակներից մեկն էլ Հայաստանի ազատագրությունն է, մյուս կողմից, դիվանագիտական առանձնասենյակներում, գաղտնի բանակցում էին Հայաստանի բաժանման մասին: Հայաստանի անդամահատության ծրագիրն, ի վերջո, հաստատվեց առանց հաշվի առնելու հայ ժողովրդի շահերն ու բաղձանքները:

Այսպիսով, թե՛ Ռուսաստանում և թե՛ արտասահմանում հայ ժողովրդի բոլոր հույսերն ի դերև ելան: Խաբված ու լքված դաշնակիցներից, ավերված ու ջարդված իր հայրենիքում, ծանրաբեռնված հարյուր հազարավոր գաղթականներով ու պատերազմի զոհերով, առանց հեռանկարի, հայ ժողովուրդը նմանը չտեսնված տագնապով ոտք կոխեց 1917 թվականը: Եվ ով գիտե ի՞նչ կլիներ վախճանը, եթե վրա չհասներ հրաշքը:

1917 թվի փետրվարի 28-ին, անսպասելի կերպով, պայթեց Ռուսական մեծ հեղափոխությունը: