Թաթուլ Հակոբյանը հանդիպել է Թովմաս Գրիգորյանի հետ

1062

Այսօր, դեկտեմբերի 22-ին, «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը կես ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել «Լոռի» ՖԱ-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ՝ վերջինիս առաջարկով:

Սա վերջին օրերին նրանց միջև երկրորդ հանդիպումն էր: Ավելի վաղ Հակոբյանը հանդիպել էր նաև ՀՖՖ փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի և նշանավոր հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի հետ՝ կրկին վերջիններիս առաջարկով: Հովհաննիսյանի հետ կայացել է երկու հանդիպում:

Երեկ, երբ հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը հանում է ՀՖՖ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը, մրցապայքարում մնացին երկու հոգի՝ Արմեն Մելիքբեկյանն ու Թովմաս Գրիգորյանը:

Վաղը, դեկտեմբերի 23-ին, կկայանա ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունը:

Այսօրվա հանդիպման ընթացքում Գրիգորյանն ու Հակոբյանը քննարկել են ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը և մի շարք մտահոգիչ զարգացումներ:

Հակոբյանն ասել է, որ ինքը չի քվեարկելու ՀՖՖ նախագահի երկու թեկնածուներից և ոչ մեկի օգտին, քանի որ չի ցանկանում մաս կազմել քաղաքական քվեարկության և ընտրության: Նա անթույլատրելի է համարել ֆուտբոլի անհիմն քաղաքականացումը (ինչի բացասական արդյունքները քաղել է հայկական ֆուտբոլը), ներքին քաղաքական հարց դարձնելը, իսկ ՀՖՖ նախագահի ընտրությունը ներկաներ-նախկիններ հակամարտության վերածելը:

Նախորդող օրերին Հակոբյանը դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունների, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի  մանկապատանեկան, Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հետ կապված խնդիրներ քննարկել է Գործկոմի անդամության թեկնածուներ «Փյունիկի» տնօրեն Հայկ Ղազազյանի, «Նոա»-ի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի և «Առաջին Հայկական Ճակատ» շարժման համահիմնադիրներից Կարեն Շաբոյանի հետ՝ վերջիններիս առաջարկով։

Ի գիտություն

Դովեղ ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն, որ հիմնադրվել է 2018-ի մարտին, չի առաջադրել ՀՖՖ նախագահի կամ գործկոմի անդամի թեկնածու, ինչի հնարավորությունը ունեցել է, ինչպես մյուս ակումբները:

Դովեղ ՖԱ ՀԿ-ն մեկ ձայնի իրավունքով մասնակցելու է դեկտեմբերի 23-ի արտահերթ ժողովին և չի քվեարկելու ՀՖՖ նախագահի երկու թեկնածուներից և ոչ մեկի օգտին:

Դովեղ ֆուտբոլային ակումբ ՀԿ

22 դեկտեմբեր, 2019