Հետաձգե՛լ ՀՖՖ նախագահի ընտրությունը. իշխանությունը և նախկին իշխանությունը միջամտելու իրավունք չունեն

795

Յուրաքանչյուր ընտրություն ենթադրում է մրցապայքար և լարվածություն:

Դեկտեմբերի 23-ին սպասվող ՀՖՖ նախագահի ընտրությունը ո՛չ մրցապայքար է, ոչ էլ՝ լարվածություն սոսկ: Գնալով կրքերը թեժանում ու բորբոքվում են, պայքարին ակնհայտ կերպով միջամտում են քաղաքական ուժերը՝ և՛ ներկաները, և՛ նախկինները, ինչն անթույլատրելի է:

Զգայուն այս պահին և ընդհանրապես, մենք չենք ուզում անուններ ու պիտակավորումներ տալ, որովհետև դա կոռեկտ չէ և կարող է ընկալվել քարոզչություն մեկի օգտին կամ հակաքարոզչություն մյուսի կամ երրորդի դեմ:

Հայկական ֆուտբոլի ծովում մեր ներդրումը մի կաթիլ էլ չկա: Մենք ընդամենը մեկուկես տարվա անցյալ ունենք և որևէ ձևով հավակնություն չունենք տեղի-անտեղի մեզ մեջտեղ բերել: Մյուս կողմից, սակայն, այս պայմաններում ընտրություների գնալը, մեր համեստ կարծիքով՝ միայն ու միայն վնասելու է հայկական, այդ թվում՝ ակումբային ֆուտբոլին:

Ո՛չ գործող, ո՛չ նախկին իշխանությունները, իրավունք չունեն միջամտել ՀՖՖ նախագահի ընտրություններին, ինչը, ցավոք, արվել է նախկինում, այդ թվում՝ ՀՖՖ նախագահի վերջին՝ 2018թ. ընտրություններում:

Մենք առաջարկում ենք դեկտեմբերի 23-ի ՀՖՖ արտահերթ ժողովում ՀՖՖ նախագահ չընտրել, հետաձգել ընտրությունները մինչև գարուն (դրանից հայկական ֆուտբոլը չի տուժելու, մանավանդ, որ մինչև մարտ արձակուրդներ են), իսկ այս ընթացքում հստակեցնել չափորոշիչները, թե որ ակումբներն իրավունք ունեն և որոնք իրավունք չունեն ընտրելու, հստակեցնել այլ չափանիշներ ու սկզբունքներ, որոնց մասին կարելի կլինի խոսել ու քննարկել հանգիստ պայմաններում:

Մենք ունենք մեկ ձայն, դեկտեմբերին 23-ին այդ մեկ ձայնը կարող ենք տալ կամ չտալ ՀՖՖ նախագահի երեք թեկնածուներից մեկին, մյուսին կամ երրորդին, կարող ենք նաև չքվեարկել և մեր ձայնը չտալ որևէ թեկնածուի, կարող ենք նաև չմասնակցել արտահերթ ժողովին:

Մեզ մտահոգում է ստեղծված անառողջ վիճակը, իշխանությունների և նախկին իշխանությունների ակնհայտ միջամտությունը:

Այս հայտարարությամբ մենք նաև կոչ չենք անում որևէ ակումբի միանալ մեր առաջարկին: Մենք մեր չափը լավ ենք ճանաչում: Մենք, պարզապես, ներսից որոշ չափով տիրապետելով իրավիճակին, համոզված ենք, որ դեկտեմբերի 23-ը հայկական ֆուտբոլի համար շահեկան օր չէ:

Մենք մեր խղճի ու ձայնի տերն ենք և կարող ենք ճիշտ ընտրություն կատարել կամ չկատարել ընդհանրապես:

Հարգանքներով՝

Թաթուլ Հակոբյան

Դովեղ ֆուտբոլային ակումբ ՀԿ

15 դեկտեմբեր, 2019