Ամերիկայի հայկական համագումարը` Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու շուրջ

580

«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Սենատորներ Բոբ Մենենդեզին և Թեդ Քրուզին, ովքեր շարունակեցին անվախ և անկոտրում առաջ նետվել՝ ապահովելու միաձայն համաձայնություն S.Res. 150-ի ընդունման համար, ինչը ուղղակիորեն հաստատում է ԱՄՆ-ի արձանագրությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, նպաստում է ցեղասպանության մասին կրթության և պայքարում է ցեղասպանության ժխտման դեմ»,- ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Իրենց հաստատակամության միջոցով նրանք հետևեցին իրենց հարգարժան նախկին գործընկերներ՝ Սենատորներ Բոբ Դոլի և Ուիլյամ Պրոքսմայրի օրինակին»,- հավելեց Արդունին: «Այս քայլով Սենատը միանում է Ներկայացուցիչների պալատին և նրա ճնշող մեծամասնությամբ քվեարկությանը՝ սատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հպարտ ամերիկյան արձանագրությանը: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսն ասել է իր խոսքը»:

«Այս օրինագծի ընդունումը հատկապես տեղին է այսօր՝ հաշվի առնելով, որ այս շաբաթվա ընթացքում նշվում է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի համար» ՄԱԿ-ի կոնվենցիայի տարելիցը, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների օրը: Էլեոնոր Ռուզվելտի խոսքերն այլ կերպ ներկայացնելով՝ համընդհանուր մարդու իրավունքները սկսվում են օջախի մոտ և մինչ դրանք այնտեղ նշանակություն չունեն, դրանք ցանկացած այլ տեղ քիչ նշանակություն ունեն: Սենատի այսօրվա քայլը միանշանակ իմաստ է հաղորդում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատմանը և հզոր ուղերձ է հղում աշխարհին, որ ԱՄՆ-ը մարդու իրավունքների կողմնակից է»,- շարունակեց Արդունին:

1948թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից միաձայն հաստատվելուց հետո՝ Նախագահ Հարի Թրումանը Սենատին հանձնեց «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի համար» կոնվենցիան՝ կոչ անելով արագ ընդունել այն: «Մենք աշխարհի առջև սահմանել ենք մեր առաջին և հստակ քաղաքականությունը (ցեղասպանության) հանցագործության նկատմամբ»,- գրեց Թրումանը:

Ցեղասպանության պայմանագիրը, այնուամենայնիվ, սառեցված մնաց Սենատում հաջորդող 20 տարիների ընթացքում, մինչ Սենատոր Ուիլյամ Պրոքսմայրը (Դեմոկրատ, Վիսկոնսին) իր վրա չվերցրեց պայքարը դրա ընդունման համար: 1967թ.-ի հունվարի 11-ին Սենատոր Պրոքսմայրը հայտարարեց. «Ես այսօր ծանուցում եմ, որ… ես մտադիր եմ օրեցօր խոսել» պալատում, մինչև Սենատը կոգեկոչի Ցեղասպանության պայմանագիրը: 19 տարի անց և ավելի քան 3000 ելույթներից հետո Սենատոր Պրոքսմայրի համառությունը հատուցում ստացավ: 1986թ.-ի փետրվարի 19-ին Սենատը գրեթե միաձայն հաստատեց Պայմանագիրը՝ իր նվիրված աջակցության շնորհիվ:

Հայկական համագումարը հիշում է նաև նախկին Սենատոր Բոբ Դոլի (Հանրապետական, Կանզաս) ջանքերը, ով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության վերահաստատման անխոնջ քարոզիչ էր: 1989թ.-ին Հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և Հայկական ազգային ինստիտուտի (ANI) տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանը միացան Սենատոր Դոլին Սենատում երկարատև և կոշտ պայքարում՝ S.J.Res.212-ը՝ այն ժամանակվա Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունելու համար: Գրիգորյանը և դոկտոր Ադալյանը աշխատեցին անմիջապես Սենատոր Դոլի հետ՝ հավաքելով ԱՄՆ արխիվային և այլ նյութեր՝ ամբողջ ուժով գործող ցեղասպանության ժխտման մեքենան կասեցնելու նպատակով:

Սենատոր Դոլը չընկրկեց և Սենատին ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը փաստող պատմական բազմաթիվ փաստաթղթեր: Բանավեճերի երկու փուլեր տեղի ունեցան. առաջինը տևեց երեք օր՝ փետրվարի 20-ից 22-ը, երկրորդը՝ փետրվարի 27-ին էր, սակայն Սենատոր Դոլը զիջման չգնաց: Քվեարկությանը խոչընդոտող չափից դուրս երկար ելույթով Սենատոր Դոլը երկու անգամ կողմ քվեարկեց ժամանակի սահմանափակում կիրառել, ինչը պահանջում է Սենատի երեք հինգերորդի հաստատումը` չափից դուրս երկար ելույթը կանխելու համար: Բանաձևը չընդունվեց Սենատի կողմից և Սենատոր Դոլը հայտարարեց. «Ես դեռ կարծում եմ, որ «Դավիթը» հաղթեց բանավեճում, սակայն միանգամայն պարզ է, որ «Գողիաթը» հաղթեց քվեարկությունում»:

«Բացի Սենատորներից, մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել աշխատակազմին և բոլոր նրանց, ովքեր աշխատել են այս հարցի վրա այս գումարման Կոնգրեսում և տասնամյակների ընթացքում, ներառյալ նրանց, ովքեր մեզ հետ չեն, ժպտում երկնքից՝ օգնելով այսօրը իրականություն դարձնել»,- ասաց Արդունին:

Այժմ, երբ արձանագրությունը շտկված է, Ամերիկայի հայկական համագումարը կկրկնապատկի իր ներգրավվածությունը ցեղասպանության կանխարգելմանը և էթնիկ զտումների հարցերում, ոչ միայն վտանգված համայնքներում ապրող հայերի համար, այլև բոլոր ազգությունների և կրոնական խմբերի համար, որոնք ենթարկվում են մարդու իրավունքների կոպիտ չարաշահումների:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է: