«Դովեղ» ակումբը 2020-ին ֆուտբոլի դպրոցականների առաջնություններ կկազմակերպի Ճամբարակի, Տաշիր-Ստեփանավանի, Ամասիա-Աշոցքի և Մեղրիի շրջաններում

1494

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին դպրոցականների միջև ֆուտբոլի առաջնություններ կկազմակերպի Հայաստանի սահմանային հետևյալ 4 շրջաններում․

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջան՝ Հայաստան-Ադրբեջան սահման,

Լոռու մարզի Տաշիր-Ստեփանավան շրջան՝ Հայաստան-Վրաստան սահման,

Շիրակի մարզի Ամասիա-Աշոցք շրջան՝ Հայաստան-Թուրքիա սահման,

Սյունիքի մարզի Մեղրու շրջան՝ Հայաստան-Իրան-Նախիջևան սահման։

Բոլոր չորս մարզերում մրցումների անցկացման ժամկետների, վայրի և մյուս մանրամասների համար կտեղեկացնենք առաջիկայում։

Հիշեցնենք, որ «Դովեղ» ֆուտբոլային ակումբը 2019 թվականի հունվարին երկուական տարիքային խմբերում դպրոցականների երկու մրցաշարեր է անցկացրել Տավուշի մարզի սահմանային Նոյեմբերյանի և Բերդի շրջաններում։

Այդ մրցաշարերը հնարավոր էին եղել անցկացնել Թուֆենկյան հիմնադրամի և Եդուարդ Մսրլեանի աջակցության և ֆինանսական նվիրատվության շնորհիվ։

«Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը բացատրել է, թե ինչու են 2020 թվականի համար ընտրվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի, Լոռու մարզի Տաշիր-Ստեփանավանի, Շիրակի մարզի Ամասիա-Աշոցքի և Սյունիքի մարզի Մեղրու շրջանները։

«Այս շրջաններում մանկապատանեկան ֆուտբոլ գրեթե գոյություն չի ունեցել։ Սրանք այն շրջաններն են, որոնք Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնություններում՝ 13-ից մինչև 18 տարեկան, այսօր որևէ թիմով չեն խաղում։ Մենք փորձում ենք դպրոցների ու դպրոցականների միջև նման մրցաշարեր կազմակերպելով արթնացնել հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ»,- ասել է Հակոբյանը։

Եթե կան անհատ բարերարներ, ՀԿ-ներ կամ հիմնադրամներ, որոնք ցանկություն ունեն իրենց ներդրումը բերել վերոնշյալ 4 մարզերում դպրոցականների միջև մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը՝ համաֆինանսավորելով այն, կարող են գրել «Դովեղ» ֆուտբոլային ակումբի էլեկտրոնային հասցեին՝ doveghfc@gmail.com և կամ ֆեյսբուքի էջին՝ Դովեղ ֆուտբոլային ակումբ/Dovegh Football Club:

Կարող եք նաև զանգահարել «Դովեղ» ակումբ՝ 098 65 53 21 հեռախոսահամարով։

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ

2019 թվականի հունվարին Բերդում և Նոյեմբերյանում «Դովեղ» ֆուտբոլային ակումբի կազմակերպած դպրոցականների մրցաշարերի մասին կարդալ․

10-ից 16 տարեկան ավելի քան 200 երեխա մասնակցեց սահմանային Բերդի շրջանի մինի-ֆուտբոլի մրցաշարին

«Նիկարմը», Ոսկեվանը, Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցը. Տավուշի մրցաշարի (2006-2008 թթ) հաղթողները

«Դովեղը», «Նիկարմը» և Կողբի թիվ 1 դպրոցը. Տավուշի մարզի ֆուտբոլի մրցաշարի հաղթողները