Թուրքիայում ստեղծվել է «1915.gov.tr» կայքը. ևս մեկ քայլ դեպի Հայոց ցեղասպանության ժխտողականություն

625

Թուրքիայի նախագահական տեղեկատվական վարչությունը ևս մեկ քայլ է արել դեպի Հայոց ցեղասպանության ժխտում՝ ստեղծելով  «1915.gov.tr» անվամբ կայք, որի աշխատանքային լեզուն անգլերենն է: Կայքի նպատակ է հռչակված պայքարել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ», տեղեկացնում է ՍիվիլՆեթը:

Թուրքիայի նախագահականի տեղեկատվության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, մեկնաբանելով նոր կայքի հիմնումը, ասել է. «Այս կայքը, հենվելով պատմական փաստերի վրա, միջազգային ասպարեզում պատասխանելու է ամեն առիթով մեր դիմաց դրվող Հայոց ցեղասպանության մասին զրպարտությանը»:

Կայքում կան հետևյալ բաժինները՝

«1915-ի իրադարձություններ»,

«Պաշտոնական հրամանագրեր»,

«Դատարանի վճիռներ»,

«Հայկական ահաբեկչություն»,

Հարցուպատասխան»:

Կայքում քարոզվում են Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ թուրքական պետության առաջ քաշած այնպիսի թեզեր, ինչպիսիք են «պատմությունը պատմաբաններին թողնելու», «արխիվները բացելու», «ընդհանուր ցավի» «երկկողմանի զոհերի», «երրորդ երկրների խորհրդարանների որոշումներով հայ-թուրքական կարգավորմանը վնասելու» գաղափարները:

Կայքում առանձին բաժնով ներկայացվում են 1975-85 թթ. «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ԱՍԱԼԱ) գործողություններից սպանված թուրք դիվանագետների մասին տեղեկություններ:

Աղբյուր` Ermenihaber.am