800 հազարից՝ 3.5 միլիոն. աննախադեպ հայահավաքի 70 տարիները

1724

Յոթ տասնամյակ շարունակ ամեն տարի նոյեմբերի 29-ը Խորհրդային Հայաստանում նշվել է մեծ շուքով, երգ ու պարով, խինդ ու ծիծաղով, Արամ Խաչատրյանի օրհներգով ու Լենինի հրապարակով անցնող տողանցով, նշվել է որպես Հայաստանի խորհրդայնացման օր (իրականում Հայաստանի Առաջին Հանրապետությունը խորհրդայնացվել է 1920թ. դեկտեմբերի 2-ին, երբ նոյեմբերի 30-ին իշխող ՀՅԴ-ն իր Բյուրոյի որոշումով իշխանությունը զիջեց Հայհեղկոմին՝ հայ բոլշևիկներին):

Այդ 70 տարիներին մենք, որպես Խորհրդային Միության մաս կազմող միավոր, իսկ 1936-ից որպես Խորհրդային Հայաստան միութենական հանրապետություն, ունեցանք հաջողություններ ու ձախողումներ, թռիչքի ու վայրէջքի պահեր, ստալինյան տեռոր ու հայրենադարձություն, կուլակաթափություն ու համեմատաբար բարեկեցիկ հայ գյուղ, 1965, Արարատ-73 ու 1988:

Այդ յոթ տասնամյակները չեն եղել սև ու սպիտակ: Այո, տասնյակ հազարավոր հայերի, նաև՝ սփյուռքահայերի համար, ավա՜ղ, եղել են կտտանքների ու մահվան, Գուլագի, եղել են մղձավանջի սև տարիներ:

Այդ յոթ տասնամյակները, ինչպես Անկախության այս 28 տարիներն ու Հայաստանի Առաջին  Հանրապետության 1000 օրերը եղել է մե՛ր պատմությունը:

Արդեն մի քանի տարի ես ամեն օր իմ ժամանակի մի մասը նվիրում եմ Առաջին, Երկրորդ և Երրորդ հանրապետությունների պատմության ուսումնասիրությանը:

Այդ 70 տարիները նաև աննախադեպ հայահավաքի տարիներ էին:

1921 թվականին 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա հայերի թիվը շուրջ 800 հազար էր, 1991-ին՝ շուրջ 3.5 միլիոն:

Այսինքն՝ յոթանասուն տարիներին հայ բնակչության թիվը իր պատմական հայրենիքի մի փոքր մասի վրա ավելի քան քառապատկվեց:

Այսինքն՝ ամեն տարի Խորհրդային Հայաստանի բնակչությունը միջին հաշվով ավելացել է 40 հազարով:

Երրորդ հանրապետության, այսինքն՝ անկախ Հայաստանի բնակչությունը ամեն տարի միջինը պակասում է շուրջ 40 հազարով:

Պատկերացնում ե՞ք:

Այս կարճ գրությունը ձոն չէ Խորհրդային Հայաստանին, նոյեմբերի 29-ին:

Սա կարոտախտի գիր չէ:

Նոյեմբերի 29-ը կամ դեկտեմբերի 2-ը, կոմունիստական յոթ տասնամյակները մեր պատմության մի մասն է:

Թաթուլ Հակոբյան