Հայաստանը անկեղծությամբ և վճռականությամբ կամենում է հաշտություն կնքել Թուրքիայի հետ

1381

1920 թվականի աշնանը քեմալական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, մի քանի շաբաթների ընթացքում գրավեցին Հայաստանի Հանրապետության մաս կազմող Սուրմալուի գավառը, Կարսի մարզը, ապա Ալեքսանդրապոլը՝ ընդհանուր առմամբ շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ու հայկական կողմին պարտադրեցին զինադադար և հաշտության բանակցություններ Ալեքսանդրապոլում: Այս խմբագրականը լույս է տեսել Երևանում հրապարակվող ՀՅԴ պաշտոնաթերթ ՅԱՌԱՋ-ի դեկտեմբերի 1-ի համարում, որը ՅԱՌԱՋ-ի վերջին թիվն է:

ՅԱՌԱՋ-ի նախորդ օրերի խմբագրականները կրում են Հաշտության խնդիրը և մեր կողմնորոշումը, ԶինադադարըԴեպի հաշտությունՀաշտության բանակցությունների առիթով, 1:

Հաշտության բանակցությունների առիթով

2

Մեր ժողովրդի լայն խավերի մեջ, ինչպես նաև մեր մտավորական շրջանակներում, զինադադարի կնքումից հետո ծայր է տվել մի բութ և կրավորական մտայնություն, որ կարող է աղետաբեր հետևանքներ ունենալ մեր պետության համար, եթե օր առաջ չսթափվենք և չզգաստանանք:

Մի այդպիսի մտայնություն կարող էր դեռ ներելի և թույլատրելի լինել այն ժամանակ միայն, երբ ոչ թե զինադադարը, այլ հաշտությունը կնքված կլիներ:

Զինադադարը ռազմական գործողությունների մի ժամանակավոր դադար է, որին կարող է հետևել դարձյալ պատերազմ, եթե կռվող կողմերին չհաջողվի զինադադարի ընթացքում համաձայնության գալ և հաշտության դաշինք կնքել:

Հաշտության բանակցությունները թուրքերի հետ սկսվել են նոյեմբերի 24-ին: Արդեն մեկ շաբաթ է ուրեմն, որ տևում են բանակցությունները, բայց մենք չունենք որևէ որոշ դրական տվյալ, որ մեզ իրավունք տար հանգիստ սպասելու բանակցությունների վախճանին:

Կամենո՞ւմ է արդյոք մեր թշնամին անվերապահորեն և շիտակորեն ճանաչել մեր ժողովրդի անկախ և ինքնիշխան ապրելու և զարգանալու անբռնաբարելի իրավունքը:

Կամենո՞ւմ է մեր թշնամին առանց հետին նպատակների ընդառաջ գնալ մեր ժողովրդի և պետության ամենատարրական ու անվիճելի պահանջներին:

Կամենո՞ւմ է նա իրապես մեզ հետ կապել մի հաստատուն և հարատև հաշտություն, որ հիմք դառնար հայ և թուրք ժողովուրդների անկեղծ մերձեցման և բարեկամության:

Թե՞ բանակցությունների միջոցով մեր թշնամին կամենում է քնեցնել մեզ և նորանոր դավեր է նյութում մեր ժողովրդի և պետության գոյության դեմ:

Այս բոլոր մտահոգիչ հարցերը շարունակում են տակավին մնալ մահասարսուռ խորհրդավորութան մեջ: Եվ ամբողջ հայությունը սրտատրոփ դեռ սպասում է թշնամու խոսքին:

Եվ քանի դեռ այդ խոսքը ասված չէ որոշ և կտրուկ կերպով, որպեսզի մեջտեղից վերանա ամեն մի կասկած և հոռի ենթադրություն, քանի դեռ ոչ մի հաստատուն երաշխիք չկա, որ մեր թշնամին իսկապես ցանկանում է հաշտություն կնքել մեզ հետ և ոչ թե մահվան դատավճիռ ստորագրել տալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար, ոչ մի հիմք չկա անձնատուր լինելու ընդհարմացուցիչ հանգստության և զինաթափման:

Մեր ժողովուրդը, այո, կարոտ է հանգստության և պատրաստ է շատ զոհողությունների՝ ձեռք բերելու հաշտություն իր դարավոր հարևանների հետ: Մեր պետությունը, ընդունելով զինադադարի չափազանց ծանր պայմանները, անհերքելի ապացույցներ տվեց ամբողջ աշխարհին և մասնավորապես, մեր թշնամուն, որ Հայաստանը ամենայն անկեղծությամբ և վճռականությամբ կամենում է հաշտություն կնքել Թուրքիայի հետ:

Բայց եթե մեր թշնամին, օգտագործելով մեր երկրի ներկա աննպաստ պայմանների դասավորումից, կամենա թելադրել մեր ժողովրդին ոչ թե հաշտություն, այլ մահվան դատավճիռ, պարզ է, որ մեր ժողովուրդը և նրա հարազատ կառավարությունը անկարող պիտի լինեն իրենց ձեռքով ստորագրել իրենց մահվան դատավճիռը:

Այդ դեպքում բանակցությունները պիտի խզվեն անխուսափելիորեն, և մեր թշնամին պիտի հարկադրի մեզ՝ վերջին օրհասական կռիվը մղել իր դեմ՝ մեր ժողովրդի գոյության համար:

Մեր կառավարությունը, նկատի ունենալով Հայաստանի ծանր վիճակը, պարտավոր է սպառել բոլոր միջոցները՝ թշնամու հետ հաշտություն կնքելու համար: Բայց եթե բոլոր միջոցները սպառվեն, եթե պարզվի, որ որևէ հաշտություն, թեկուզ՝ վատ հաշտություն, անկարելի է կնքել թշնամու հետ, հայ ժողովուրդը պիտի ստիպված լինի նորից զենքի դիմել, եթե չի ուզում կոտորվել ոչխարի նման:

Ահա թե ինչու ոչ մեր ժողովուրդը, ոչ էլ մեր … [թերթի վնասված լինելու հետևանքով մի քանի բառ չի կարդացվում] չպետք է կորցնեն իրենց զգաստությունը, արթուն միտքը և պաշտպանվելու կամքը, մանավանդ այս ճակատագրական օրերին, երբ Ալեքսանդրապոլում տեղի են ունենում հաշտության բանակցությունները, որոնք … [մի քանի բառ անընթեռնելի է] փրկություն և կործանում:

Ինքնապաշտպանության առողջ բնազդը մեզ բոլորիս թելադրում է լինել պատրաստ՝ դիմագրավելու ամենածանր պատահականությունն անգամ:

Որքան ավելի հոռետես լինենք, այնքան ավելի պատրաստ կլինենք պաշտպանելու մեր գոյության սրբազան իրավունքները:

Հաշտության ձգտենք, բայց միշտ պատրաստ լինենք կռվի:

Այլապես, հաշտություն երբեք չենք ունենա:

Յառաջ, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, չորեքշաբթի, 1 դեկտեմբեր, 1920, թիվ 264