Ղարաբաղ կոմիտեի կոչը՝ զերծ մնալ ադրբեջանցիների դեմ բռնություններից. 1988թ նոյեմբեր

3244

ՂԱՐԱԲԱՂ կոմիտեի ավագագույն անդամ, հանգուցյալ Ռաֆայել Ղազարյանը իր հուշերի “Հաշվետու եմ…” գրքում (էջ 211-212) 1988-ի նոյեմբերի այս օրերին Ադրբեջանում սկսված հակահայկական հերթական ալիքին, մի շարք շրջաններում հայերի ջարդերին ու տեղահանումներին անդրադառնալով, գրում է. “Հայության բռնություններով ուղեկցող տեղահանումը հղի էր համարժեք գործողությունների բռնկումով Հայաստանում: Նման ցավալի միջադեպ պայթեց Կիրովականի մոտակա թուրքաբնակ գյուղում: Ավետիք Իշխանյանի և Վիտյա Այվազյանի հետ մեկնեցինք Կիրովական: Տեղի ակտիվիստների հետ կազմակերպված հանրահավաքում կոչ արեցինք, ի հեճուկս Մոսկվայի սպասելիքների, տուրք չտալ կրքերին, խուսափել ամեն տեսակի բռնարարքներից”:

1390821505,4739

Երևանում ՙՂարաբաղ՚ կոմիտեն դիմել էր նմանատիպ կոչերով. “Սույն թվականի նոյեմբերի 20-ից Ադրբեջանում բարձրացել է հակահայկական մոլուցքի մի նոր ալիք: Հանրապետության ողջ հայ ազգաբնակչությունը ենթարկվում է ամենօրյա բռնությունների, ահաբեկումների, ուղղակի ֆիզիկական հաշվեհարդարի: Կան զոհեր, բազմաթիվ անհայտ կորածներ, հարյուրավոր վիրավորներ, ավերվել, հրկիզվել և թալանվել են հայերին պատկանող հազարավոր տներ և բնակարաններ: Օգտվելով ստեղծված խառը իրավիճակից` ադրբեջանական իշխանություններն իրականացնում են հազարավոր տարիներ իրենց պապենական հողի վրա բնակվող Գանձակի ու Հյուսիսային Արցախի հայությանը տեղահանելու հրեշավոր մի ծրագիր, որով Լեռնային Ղարաբաղը նվաճելու հող է նախապատրաստվում: Արդեն շուրջ 120 հազար հայ բռնի տեղահանվել է Ադրբեջանից: Ահաբեկված հայերի տեղահանության ահավոր չափերից, ենթարկվելով Ադրբեջանի իշխանությունների հրահրումներին` զանգվածային արտագաղթի պրոցես է սկսվել նաև Հայաստանում բնակվող ադրբեջանցիների շրջանում, որի հետևանքով արդեն շուրջ 80 հազար ադրբեջանցիներ լքել են հանրապետության սահմանները: Դատելով այն բանից, որ տեղական և մանավանդ զինվորական իշխանությունները ոչ միայն չեն խոչընդոտում հայ և ադրբեջանցի բնակչության զանգվածային տեղափոխությանը, այլև հակառակը, կարծես արագացնում են այդ պրոցեսը` ակնհայտ է դառնում, որ այն եթե ոչ ծրագրված, ապա գոնե խրախուսվում է Մոսկվայի կողմից: Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն կոչ է անում անել ամեն ինչ` խուսափելու համար տեղահանություններին ուղեկցող բախումներից, որոնք հանրապետության տարբեր շրջաններում արդեն հանգեցրել են որոշ ցավալի հետևանքների”: