Կիրովաբադից, Նախիջևանից հայերը օգնություն են խնդրում. 1988թ. նոյեմբեր

3325

1988 թվականի նոյեմբերի այս օրերին հայկական ջարդեր էին իրականացվում Կիրովաբադում, Ադրբեջանի այլ հայաշատ վայրերում: Ներկայացնում ենք այդ մասին Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի հայտարարությունները, որոնք վերցրել ենք http://www.hambardzum.am/ կայքից:

ԱՆԻ կենտրոն

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի տեղեկագրությունը Կիրովաբադ քաղաքի հայության վիճակի մասին նոյեմբերի 26-ի ժամը 14-ի դրությամբ

/1/

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, ստուգելով և ամփոփելով տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ Կիրովաբադ քաղաքի հայության հատուկ կոմիտեից ստացված տեղեկությունները, հայտնում է հետևյալը.

Ս/թ նոյեմբերի 26-ի ժամը 14-ի դրությամբ Կիրովաբադ քաղաքի հայկական թաղամասը դեռևս հուսալիորեն պաշտպանվում է զորքերի և հայ աշխարհազորայինների կողմից: Թաղամասի վրա կատարվող զանգվածային հարձակումների փորձերը դադարել են: Հայկական թաղամասում ապահովված է բնակիչների ազատ երթևեկությունը: Մինչ այժմ զոհված են երկու հայ /Ռոզա Մելքումյան, մյուսի անունն անհայտ/, վիրավորների թիվը պարզված չէ:

Արձանագրվել է բռնաբարության երեք դեպք: Զգացվում է բժշկական օգնության և դեղորայքի խիստ պակաս: Քաղաքի մյուս շրջաններում բնակվող հայերի մեծամասնությունը տեղափոխվել է հայկական թաղամաս,  մյուսների մասին տեղեկություններն առայժմ ստուգվում են: Այդ շրջաններում ավերվել, հրկիզվել և ավարի են մատնվել հարյուրավոր տներ: Կիրովաբադի հայ բնակիչներին, մասնավորապես կանանց և երեխաներին տեղափոխելու համար Հայաստանի կառավարության կողմից ուղարկված ավտոշարասյան երթը ընդհատված է Սևան-Իջևան հատվածում:

pic-4

********

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի տեղեկագրությունը Կիրովաբադ քաղաքի հայության վիճակի մասին նոյեմբերի 27-ի ժ. 17-ի դրությամբ

/3/

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, ստուգելով և ամփոփելով տարբեր աղբյուրներից, մասնավորապես Կիրովաբադ քաղաքի հայության հատուկ կոմիտեից ստացված տեղեկությունները, հայտնում է հետևյալը.

Ս/թ նոյեմբերի 27-ի ժամը 17-ի դրությամբ Կիրովաբադ քաղաքում լարվածությունը շարունակվում է: Ստուգված տվյալներով առ այսօր հայ ազգաբնակչությունից զոհվել է 2, վիրավորվել 100-ից ավելի մարդ: Արձանագրվել է բռնաբարության 10 դեպք: Կանայք, երեխաները և ծերունիները ապաստան են գտել հայկական թաղամասի 13-րդ դպրոցում և եկեղեցում:

Քաղաքի մյուս շրջանների որոշ հայ բնակիչների մասին տեղեկություններ չկան: Այդ շրջանների հայ և ռուս բնակչության մեծամասնությունը տեղափոխվել է հայկական թաղամաս: Քաղաքում ընդհանուր առմամբ ավերվել, հրկիզվել և ավարի են մատնվել հայերին պատկանող 700-ից ավելի տներ և բնակարաններ: Այսօր մարդատար ավտոմեքենայով շրջող մի քանի ադրբեջանցիներ փորձել են հարձակվել մի հայ բնակչի վրա: Ահաբեկիչները չեն ենթարկվել զինվորականների հրամանին, և վերջիններս ստիպված կրակ են բացել ավտոմեքենայի վրա: Ահաբեկիչներից մեկը զոհվել է, երկուսը ծանր վիրավորվել են:

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեից, 27.11.88

pic-3

*********

Տեղեկագրություն – 2

Նոյեմբերի 26-ի եւ լույս 27-ի գիշերը Կիրովաբադում և Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերում լարված իրավիճակը պահպանվում էր: Ըստ Կիրովաբադի հատուկ կոմիտեի և ուղիղ հեռախոսակապի միջոցով ստացված տվյալների, զորամիավորումների և ադրբեջանցիների ամբոխի միջեւ տեղի ունեցող ընդհարումների հետևանքով զոհվել են երեք զինվորականներ: 63 վիրավորներից 23-ի վիճակը ծանր է:

Վարդենիսից հեռացած ադրբեջանցիները Իսմայիլի շրջանում հարձակվել են Նորաշեն, Ուշտալ, Վանաշեն, Դալգա հայաբնակ գյուղերի վրա: Հարձակումը կանխվել է զորքերի և բնակչության համատեղ ուժերով:

Իրադրությունը պայթյունավտանգ է նաև Շամխորի շրջանում: Երեկ այստեղից Իջևան է գաղթել հայերի 39 ընտանիք: Շամխորից և Թոուզից հեռացած շուրջ քսան ընտանիքներ հաստատվել են Շամշադինի շրջանում: Սումգայիթից ու Խոջալուից Զնաբերդի վրա ադրբեջանցիների հարձակումից հետո, այլևս բանակից հուսալի պաշտպանություն չակնկալելով, հայ բնակչությունը տեղերում ստեղծում է ինքնապաշտպանության ջոկատներ:

Բաքվում, նույնիսկ պարետային ժամի պայմաններում, շարունակվում են միտինգներն ու ցույցերը: Երեկ այստեղ ձերբակալված էր հազարից ավել մարդ /ազգությունը տեղեկատվության մեջ չի նշվում/:

Հանրապետության շրջաններում ևս պահպանվում է լարված իրադրություն: Ամբողջ Հայաստանում շարունակվում են գործադուլները նույն պահանջներով՝

ա/ Ապահովել հայ բնակչության կյանքի անվտանգությունը Ադրբեջանի տարածքում

բ/ Վերացնել անհիմն կերպով մտցված պարետային ժամը Երևանում

գ/ Վավերացնել ՀՍՍՀ ՀԽ նոյեմբերի 24-ի նստաշրջանի որոշումները:

Մայրաքաղաքի աշխատավորները վճռականորեն որոշել են շարունակել գործադուլը՝ մինչև այս պահանջների բավարարումը: Երևանի փողոցներում և հասարակական վայրերում հերթապահող պարեկների վարքը երբեմն հասնում է լկտիության: Երեկ, նոյեմբերի 26-ին, նրանք մահակներով հարձակվել են օպերային թատրոնի շենքի մոտակա կանգառում խմբված տրանսպորտին սպասող մարդկանց վրա, ինչպես նաև փորձել են բռնի ուժով ցրել 104 խանութում հերթի կանգնած գնորդների խումբը:

21-րդ դարամուտի ուշացած գաղութարարների զրահապատ գիտակցությանը պետք է հասնի այն պարզ փաստը, որ Հայաստանը Սահմանադրությամբ սուվերեն հանրապետություն է՝ իր քաղաքակիրթ ժողովրդով, որը չի հանդուրժի իր արժանապատվությունը վիրավորող, ցանկացած անօրինական գործողություն:

Մայրաքաղաքի բնակչությանը կոչ ենք անում դրսեւորել մեր ժողովրդին հատուկ զսպվածություն, խուսափել զորքերի հետ անհարկի հաղորդակցումից:

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե, 27.11.88թ․

pic2

********

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի հայտարարությունը

Հայրենակիցներ․

Նոյեմբերի 18-ին հանրապետությունում սկսված համազգային գործադուլի հիմնական պահանջներից մեկը Ադրբեջանի տարածքում ապրող հայ բնակչության կյանքը ապահովության երաշխիքն էր: Սակայն ԽՍՀՄ կառավարությունը մինչեւ օրս անհաղորդ է մնացել բռնությունների, հալածանքների, ջարդի և բռնագաղթի ենթարկվող հայ ժողովրդի այդ մեծ հատվածի տառապանքների հանդեպ: Հանրապետության մայրաքաղաքն ու տարբեր շրջանները օրեցօր լցվում են իրենց օջախներից վտարված հազարավոր հայ գաղթականներով:

Բաքվից, Կիրովաբադից, Շամխորից, Դաշքեսանից, Նախիջեւանից հայ բնակչությունը ամեն ժամ օգնության խնդրանքով դիմում է Երևանին ու Մոսկվային, սակայն Հայաստանի իրավազուրկ կառավարությունը անկարող է որևէ վճռական քայլ ձեռնարկել, իսկ Մոսկվան խրախուսող չեզոքությամբ ազատ է արձակել Ադրբեջանի կառավարության ու ամբոխի ձեռքերը: Նման քաղաքականությունը, ինչպես նաև Ադրբեջանից փախստականների մեծ հոսքը, ճշմարտացի ինֆորմացիայի բացակայության պայմաններում, հող ստեղծեցին, որպեսզի ազգամիջյան ընդհարումներ առաջանան նաև Հայաստանի տարածքում:

Միանգամայն հասկանալի է, թե ում թողտվությամբ են կազմակերպվում բազմահազարանոց ցույցերն ու միտինգները Բաքվում, ուր պարետային ժամ է մտցված: Իսկ Երևանում անհիմն կերպով հաստատված պարետային ժամը կիրառվում է անհարկի խստությամբ, որը նվազագույնի է հասցրել ադրբեջանաբնակ հայությանն օգնելու՝ Հայաստանի առանց այդ էլ սուղ հնարավորությունները:

Կենտրոնական կառավարությունը փոխանակ արդարացիորեն լուծելու Արցախի հարցը, որը Ադրբեջանում ապրող հայության կյանքի ապահովության ամենահուսալի երաշխիքը կլիներ և որով կկանխվեր հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմը, հանցավոր թողտվությամբ, կողմնակալ վերաբերմունքով գրգռում է ադրբեջանական կողմին և առաջացնում է նորանոր ընդհարումներ:

Ժողովրդավարության ու ազատության շունչը զգացած հայ ժողովրդին այլևս ոչ մի ուժ ետ չի կարող պահել իր արդար պայքարից, մանավանդ, որ Մայր Հայրենիքն այսօր Արցախի ժողովրդի միակ հենարանն է:

Արդարացի պահանջներով համընդհանուր գործադուլը Հայաստանում շարունակվում է:

Մինչև այժմ այդ պահանջներից ոչ մեկը չի բավարարվել:

Իրադրությունը Ադրբեջանում պայթունավտանգ է: Բաքվում ամեն րոպե սպասվում են ընդհարումներ: Օրեցօր ավելանում է փախստականների թիվը Ադրբեջանի տարբեր շրջաններից: Փաստորեն խաղաղ պայմաններում կատարվում է կազմակերպված, իր ծավալներով աննախադեպ բռնի տեղահանություն, այն, ինչը 1915-20 թթ․ իրականացրեց Թուրքիան Արեւմտյան Հայաստանում, պատերազմական իրավիճակում:

Հայաստանում փաստական իշխանությունը տնօրինող զինվորականությունը ապօրինի գործողություններով վիրավորում է մայրաքաղաքի բնակիչների արժանապատվությունը, ստեղծելով ժողովրդի ու զորքի ընդհարման իրական վտանգ:

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատները, հասարակայնության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել քաղաքի պարետի և նրա տեղակալների հետ, ներկայացնելով բնակչության բողոքները զորքի անօրինականությունների մասին: Միաժամանակ նրանք զինվորական իշխանություններին հավաստիացրել են, որ եթե զինվորները չխախտեն օրինականությունը, չոտնահարեն քաղաքացիների իրավունքները, բնակչությունը  կխուսափի զորքի հետ անհարկի շփումներից և հանդես կբերի զսպվածություն:

Քաղաքում իրադրությունը հստակ պատկերացնելու և պարետին այդ մասին տեղյակ պահելու համար ցանկալի է, որ մայրաքաղաքի բնակիչները կոմիտեին ամեն օր տեղեկություններ ներկայացնեն տեղի ունեցած միջադեպերի մասին:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է:

Հետագա գործողությունների մասին Կոմիտեն կտեղեկացնի շաբաթ օրը, միտինգի կամ գրավոր ինֆորմացիայի միջոցով:

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե

29.11.88

pic-1

*******

Տեղեկագրություն – 6

Ադրբեջանաբնակ հայերի վիճակի մասին

/նոյեմբերի 29-ի ժ․19-ի դրությամբ/

Կիրովաբադ – Դրությունը մնում է ծայր աստիճան լարված: Ըստ հաստատված տվյալների հայ ազգաբնակչության մեջ առ այսօր սպանվածների թիվը կազմում է 3, վիրավորվածներինը՝ շուրջ 300, կան բռնաբարության դեպքեր, 16 երեխաներ անհայտ կորել են: Զգացվում է դեղորայքի խիստ կարիք: Կիրովաբադին հարող շրջաններում իրադրության կտրուկ բարդացման պատճառով քաղաքում զորքերի թիվը նվազել է: Քաղաքի նորընտիր քաղկոմի առաջին քարտուղարը հրաժարվել է հայերի հետ պայմանավորված հանդիպումից:

Շամախու շրջանի տարբեր գյուղերից Մադրասա գյուղում հավաքվել են մոտ 3000 հայեր, որոնք խնդրում են իրենց տեղափոխել Հայաստան: Նրանց պաշտպանում էին 160 անզեն զինվորներ, որոնց թիվը վերջին ժամերին պակասել է՝ հասնելով 45-ի:

Ղազախի և Թոուզի հայերի բնակարանները թալանված ու հրկիզված են: Հայերը ապաստան են գտել Շամշադինում՝ հարազատների մոտ և հյուրանոցում:

Շամխորի շրջանի հայերի մի մասը ապաստան է գտել Կրասնոսելսկում: Շրջանի բնակավայրերը, որոնք հայկական են, ադրբեջանցիների կողմից ենթարկված են շրջափակման: Նոյեմբերի 27-ին ժ․ 13-ին ադրբեջանցիները հարձակվել են շրջանի Մարտունի գյուղի վրա․ այդ գյուղից Չարենցավան են տեղափոխվել 31 փախստական, երկու երեխա ադրբեջանցիների մոտ պատանդ են պահված: Կրասնոսելսկի շրջկոմը բանակցություններ է վարում Շամխորի հայությանը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ: Նույն շրջանի Բարում եւ Բարսում գյուղերից ուղղաթիռով Երևան են տեղափոխվել 45 կին և երեխա:

Չարդախլու գյուղից մի մեծ խումբ երեխաներ բեռնատարներով տեղափոխվել են Հայաստան․ գյուղը շարունակում է մնալ պաշարված:

Խանլարում լարված իրավիճակ է․ հայերին տրվել է երկու օր ժամանակ իրենց տներից հեռանալու համար:

Օրդուբադի շրջանից 46 ընտանիք հայեր տեղափոխվել են Մեղրի:

Բաքվում դրությունը շարունակում է մնալ պայթյունավտանգ, շարունակվում են միտինգները:

Զաքաթալայի շրջանի տարբեր բնակավայրերից մարմնական վնասվածներով փախստականներ են փոխադրվել Հայաստան: 1500 հոգի տեղավորվել են Այրումում, 300 հոգի՝ Սպիտակում:

Այս բոլորը վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունը Մոսկվայի թողտվությամբ իրագործում է Հյուսիսային Արցախի հայության  բռնի տեղահանման քաղաքականություն:

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե