Երզնկայի թեմը և քահանայական դասը 17-19-րդ դարերում և մինչև 1915-ը

1215

Համաձայն մօտ 1670 թ. կազմուած Հայոց եկեղեցու արքեպիսկոպոսական և եպիսկոպոսական թեմերի ցանկի՝ Երզնկան կամ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ վանքի արքեպիսկոպոսական վիճակը յիշատակւում է որպէս Էջմիածնի կաթողիկոսների ենթակայութեան տակ գտնուող թեմ: 1600-ական թուականներին Երզնկայի թեմի համար եպիսկոպոսներ է ձեռնադրել նաև Սսի կաթողիկոսութիւնը:

XVII-XVIII դարերի ընթացքում Երզնկայի վիճակը Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ գտնուող պատմական Հայաստանի այլ եկեղեցական թեմերի հետ միասին աստիճանաբար անցնում է Կ. Պոլսոյ պատրիարքարանի իրաւասութեան տակ: 1780 թուականին վերաբերող մի յիշատակարանում թուարկւում են Կ. Պոլսի պատրիարքութեան ենթակայութեան տակ գտնուող 20 թեմեր, որոնցից մէկը «Էրզինկեանն» էր:

XIX դարի ընթացքում Երզնկայի թեմի սահմանները, հետևելով օսմանեան վարչական բաժանման, ենթարկուել են յաճախակի փոփոխութիւնների՝ թեմին մերթ միացուել են հարևան վիճակներ, մերթ՝ նորից անջատուել նրանից: Այսպէս, 1858 թուականին և դարձեալ 1870-ին որոշակի ժամանակով Երզնկայի թեմին՝ որպէս փոխառաջնորդութիւն, միացուել է Բաբերդի թեմը (Երզնկա-Բաբերդ միացեալ թեմ), 1861 թ. և կրկին 1880-ին՝ Դերջանի յարակից վիճակը (Երզնկա-Դերջան միացեալ թեմ), 1863-1868 թթ.՝ Քղիի  թեմը (Երզնկա-Քղի միացեալ թեմ):

1880-ական թթ. սկզբներին Երզնկայի եպիսկոպոսական վիճակն ընդգրկում էր Երզնկայի գաւառի Երզնկայի, Ռաֆահիէի և Ղուզիջանի գաւառակները:

1884 թ. Երզնկայի թեմին փոխառաջնորդութեան կարգավիճակով կցւում է Կամախի (պատմական Դարանաղի գաւառ) վանական վիճակը (պարունակում էր Կամախի և Ղուրուչայի գաւառակները), իսկ 1906 թ. այն մէկ առաջնորդութեամբ վերջնականապէս միաւորւում է Երզնկայի թեմի հետ:

Երզնկայի թեմը XIX դարի 70-ական թթ. առ 1915 թ. ունեցել է հետևեալ առաջնորդները.

  1. 1. Գրիգորիս վարդապետ Ալէաթճեան (պաշտօնավարման տարիները՝ 1870-1874 թթ.՝ որպէս Բաբերդի և Երզնկայի միացեալ թեմի, 1874-1877 թթ.՝ որպէս առանձնացուած Երզնկայի թեմի առաջնորդ),
  2. 2. Հմայեակ վարդապետ (1880 թ-ից՝ եպիսկոպոս) Դիմաքսեան (պաշտօնավարել է 1878-1886 թթ.),
  3. 3. Բարթողիմէոս վարդապետ Պաղճեան (պաշտօնավարել է 1887-1889 թթ.),
  4. 4. Վարդան քահանայ Զաքարեան, առաջնորդական փոխանորդ (պաշտօնավարման տարիները՝ 1890-1895 թթ.),
  5. 5. Յուսիկ վարդապետ Էսմէրեան, առաջնորդական փոխանորդ (1895 թ.-՞) [24],
  6. 6. Դանիէլ վարդապետ Յակոբեան (պաշտօնավարման տարիները՝ 1897-1904 թթ.),
  7. 7. Արտաւազդ վարդապետ Գալէնտէրեան (պաշտօնավարման տարիները՝ 1905-1906 թթ.),
  8. 8. Էմմանուէլ վարդապետ Պալեան (պաշտօնավարման տարիները՝ 1906-1908 թթ.),
  9. 9. Երուանդ ծայրագոյն վարդապետ Փերտահճեան (1909-1914 թթ.),
  10. 10. Սահակ ծայրագոյն վարդապետ Օտապաշեան (1914 թ.):

Ռոբերտ Թաթոյեան

ամբողջական յօդուածը՝ https://www.houshamadyan.org

Լուսանակարը․ նստած, ձախէն աջ՝ 

Մամիկոն քհնյ. Իշխանեան,

Վարդան քհնյ. Զաքարեան,

Եզեկիւլ քհնյ. Կարապետեան,

Էմմանուէլ վրդ. Պալեան (Առաջնորդական տեղապահ),

Եղիշէ քհնյ. Արամեան,

Վարդան քհնյ. Թադէոսեան,

Սարգիս քհնյ.։

Ոտքի, ձախէն աջ՝ առաջին երկու անձերը անծանօթ,

Սրապիօն քհնյ. Այլայեան,

Վահան քհնյ. Սիւրմէեան,

Ղեւոնդ քհնյ. Ժամկոչեան,

Մեսրոպ քհնյ. Թորոսեան,

Պիմէն քհնյ. Վարդանեան կամ Թադէոսեան,

վերջին անձը անծանօթ (Աղբիւր՝ «Երզնկա» պատկերազարդ ալբոմ, Պոլիս, 1907, պատրաստուած Մաղաքիա Օրմանեան Պատրիարքին համար)։

Աղբյուրը՝ https://www.houshamadyan.org/