Անիի ավերակների վերջին հոգևորականը. վանահայր Միքայել վարդապետ Տեր-Մինասյան

1214

1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանը գրավեց և իրեն միացրեց Կարսի մարզը, այդ թվում՝ Բագրատունիների թագավորության Անի մայրաքաղաք-ավերակները:

1918 թվականի գարնանը թուրքական զորքերը գրոհով անցան Ախուրյանը և գրավեցին Կարսը, Անին, Ալեքսանդրապոլը: Նրանք նույն տարվա վերջերին հետ նահանջեցին Հայաստանի Հանրապետության գրավյալ հողերից, և երեք քաղաքները կրկին մաս կազմեցին ՀՀ-ին:

1920-ի հոկտեմբերի վերջերին, նոյեմբերի սկզբին թուրքերը՝ քեմալականները, կրկին գրավեցին Կարսը, Անին, Ալեքսանդրապոլը: Առաջին երկուսը այլևս մաս չկազմեցին Հայաստանի Հանրապետությանը, Ալեքսանդրապոլից 1921-ի ապրիլին քեմալականները հետ քաշվեցին:

Անիի ավերակների վերջին հոգևորականը եղել է վանահայր Միքայել վարդապետ Տեր-Մինասյանը՝ Արցախից:

Նրա մասին մանրամասն գրված է Արտաշես Վրույրի ԱՆԻՈՒՄ գրքում, որը  հայերենով վերահրատարակել է ԱՆԻ կենտրոնը:

Ահա մի հատված այդ գրքից.

1878 թվին Անին ռուսական բանակի կողմից գրավվելուց հետո, Միքայել վարդապետ Տեր-Մինասյանը Անի քաղաքի երկրորդ և վերջին վանահայրն էր: Նա գործունյա մի մարդ էր: Փոքրիկ նորոգություններ էր կատարել, ինչպես Մայր տաճարի արևելյան պատի երկու բացվածքները սրբատաշ քարերով ամրացնելով, նմանապես Տիգրան Հոնենցի եկեղեցու հարավ-արևմտյան անկյունը նորոգելով:

Դյուրություն տալու համար հետաքրքրասեր այցելուներին, նա մի քանի շավիղներ էր բացել իր բնակարանից դեպի Տ. Հոնենց, Ապուղամրենց, Պարոնի պալատ, Առաքելոց եկեղեցին, Միջնաբերդ, Ծաղկոցաձոր և այլն…

Ուներ փոքրիկ տնտեսություն՝ բաղկացած չորս կովից և մի քանի ցեղական ավանակներից: Իգաձորի և Ծաղկոցաձորի հանգույցում մշակում էր մի փարթամ բանջարանոց:

Ըստ հնարավորության, նա լայն աջակցություն էր ցուցաբերում Անիի գիտարշավին տնտեսական և կենցաղային խնդիրներում, աչքաթող չանելով նաև ճարտարապետ Թ. Թորամանյանին, Արամ Վրույրին և նկարիչ Արշակ Ֆեթվաճյանին, որոնցից Ա. Ֆեթվաճյանը մասնակի, իսկ Արամ Վրույրը և ճարտարապետ Թ. Թորամանյանը Անի քաղաքի պատվավոր և մնայուն բնակիչներն էին համարվում:

Անիում ցարական կառավարության կողմից ճանաչված և հաստատված պաշտոնական եկեղեցին համարվում էր Տ. Հոնենցի սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սակայն եկեղեցական արարողությունները կատարվում էին Անիի հռչակավոր Մայր տաճարում, որովհետև գտնվում էր վանահոր բնակարանի մոտ:

Սպասավորները երբեմն ջղայնացնում էին հայր Միքայելին՝ ճշտորեն չկատարելով նրա կարգադրությունները: Նա հաճախ ասում էր, «երբ ես մեռնեմ, իմ մարմնինը ամփոփեցեք Մայր տաճարի հյուսիսային պատի մոտ և տապանաքարիս վրա գրեցեք. «Աստ հանգչի մարմին բազմաչարչար Միքայել վարդապետի՝ Վանահայր Անվո: Նա տասը տարի ավելի կապրեր, եթե իր ծառաները չջղայնացնեին»:

Հայր Միքայելը մեծ հարգանք ու սեր էր վայելում շրջակա գյուղերի բազմազգ բնակիչների կողմից: Մուսուլման գյուղացիները նրան մուրախաս էին կոչում և հաճախ դիմում էին նրա արդարադատությանը, իրենց կնճռոտ վեճերը լուծելու համար:

Չնայած այդ բոլորին, 1920 թվին մի խումբ թուրքեր մտնում են Անի, հայր սուրբի կյանքին վերջ տալու համար: Հայր Միքայելին հաջողվում է խույս տալ այդ չարանենգ մարդկանց որոգայթից և փախուստ տալով թաքնվել Ախուրյանի ձորի եղեգնուտում ու մեծ դժվարությամբ, երեք օրվա ընթացքում, կտրել երեք վերստ տարածություն և ապա անցնել Ախուրյանի աջ ափը ու բարձրանալ Խարկով հայաբնակ գյուղը:

Միքայել վարդապետը, այդ առնակազմ ղարաբաղցին, ծանր հիվանդությամբ, բոլորովին հյուծված, Էջմիածնում մահիճ ընկավ առանց որևէ խնամքի և կարճ ժամանակից հետո վախճանվեց սովի ու թշվառության մեջ:

Հրանտ Մաթևոսյանի «Չեզոք գոտի» պիեսում նրա կերպարն է, հեռուստապիեսում՝ Կարեն Ջանիբեկյանի կողմից մարմնավորված:

Ահա մի հատված.

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԱԲԵԼ ԱՐԾԱԹԲԱՆՅԱՆ՝ շինարարական արվեստի հետազոտող. Անի ավերակ քաղաքի Մեծ Մայր Տաճար վանքի վանահայր ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴԱՊԵՏ՝ ճարտարապետի ընկերը. ՍԻՄՈՆ՝ վանքի ծառան. ՇՈՂԵՐ՝ Սիմոնի կինը. ԱԲԵԼ՝ Սիմոնի-Շողերի տղան. թափառական կույր ԱՇՈՒՂ, սրա ԹՈՌԸ. չգիտես խոտհարքի աճուրդի՞, Կաթուղիկե Մեծ Մայր Տաճար ուխտի՞, թե՞ գեղջկորեն միաժամանակ աճուրդի ու ուխտի եկած ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ, ԱՍԱՏՈՒՐ, ՄԱԳԹԱՂ. ՏՂԱՆԵՐԻ ԽՈՒՄԲ, ԱՂՋՆԱԿ. ԳՅՈՒՂԱՑԻ ՕՂԵՎԱՃԱՌ, ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՍՊԱ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱՀԱԹՐՅԱՆ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆՑ՝ երիտասարդ ճարտարապետներ, Աբել Արծաթբանյանի աշխատանքով հետաքրքրվող հանձնախմբի անդամներ, ՇՎԵԴՈՎ ՆԻԿՈԼԱՅ ՎԱՍԻԼՅԵՎԻՉ՝ արևելագետ-հայագետ, ԱՐՂՈՒԹՅԱՆ-ԱՐԳՈՒՏԻՆՍԿԻ ՍԵՄՅՈՆ՝ հանձնախմբի ղեկավար, ՎԱՐՎԱՌԱ ՏՈՒՄԱՆՈՎԱ՝ ազնվականուհի, Բահաթրյանի հարսնացուն, արվեստի հովանավորուհի, կարելի է անվանել ՕՐԻՈՐԴ ԿԱՐԵԿՑԱՆՔ, թիֆլիսեցի հարուստի ժառանգ ԱՆՏՈՆ ԱԹԱԲԵԿՈՎ՝ կես-հայրենասեր, կես-հարբեցող, կարմիր հագած զինավառ ՏՂԱՆԵՐԻ ԽՈՒՄԲ:

Անի, 1914, հուլիսի առաջին օրերից մեկ օրը:

Կարմիր հագած զինավառ տղաների խումբը գիշերը եկավ, այստեղ մոմեր վառեց, վանահոր աջը համբուրեց, ձայնը զսպելով երգեց վրեժի ու հույսի իր երգը, ապա յուրաքանչյուրն առանձին ու բոլորը միասին ասացին երդման երդվում եմ խոսքը և գնաց թաղվեց գիշերվա խավարում, մոմերը վառվում էին, հետո լուսացավ, և ճարտարապետն ու վանահայրը բազիլիկ վանքի գավթում էին՝ որ նրանց կացարանն էր, ճարտարապետն արտանկարում էր ճեպանկարը, վանահայրը հետևում էր նրա աշխատանքին, Սիմոնը, Շողերը և տղան գավթի դռանն էին, Սիմոնը խաչքար էր նմանակում, Շողերը՝ գուլպա գործում, երեխան՝ փրփրաքարի կտորով մի հին թուր մաքրում:

Գավիթ-կացարան, Մեծ Մայր Տաճար վանք, սրանց միջև ընկած բակը՝ ուր նմանակվող խաչքարն է կանգնած:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Ո՜նց էր երգում թուրքի կնիկը, հայր սուրբ: Շան աղջկա ձենն ականջիցս չի գնում: Ի՜նչ գեղեցկություն էր, հայր սուրբ, սփռոցն էլ, ամուսինն էլ՝ իշխան մարդու պես թիկնած, ձիերն էլ ու ինքն էլ: Ու ո՜նց էր երգում, ոնց էր երգում շան աղջիկը:
ՎԱՆԱՀԱՅՐ. Իհարկե տեսել էր, որ լսող ունի ու լավ էր երգում:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Չէ՜, հայր սուրբ, ինքն իր ամուսնու համար երգում էր:
ՎԱՆԱՀԱՅՐ. Կին է, չէ՞, շնորհք է, չէ՞, աչքի պոչով նկատել էր, որ մենք ականջ ենք դնում:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Հը՜, աչքի պոչով նկատել էր: Ամուսինը, ձիերը, երգը, ինքը: Հայր սուրբ, ագռավի քո ձենով չե՞ս հիշի ինչ էր երգում:
ՎԱՆԱՀԱՅՐ. Երգն իհարկե լավն էր, ձիերն էլ, ուռին էլ, սփռոցն էլ, բայց դրանից ավելի էն կա, որ արդեն քեզ ամուսնացնելու ժամանակն է:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Մի քիչ շուտ է, հայր սուրբ, և առհասարակ ում հետ ենք զրուցում: Երգից, երգից էլ, հացից էլ, այդ ամբողջ օրվա գեղեցկությունից ավելի մի բան կա, որ մարդու խեղդում է՝ թշնամուդ գերազանցությունը, թշնամուդ սպանիչ գերազանցությունը հասկանալը: Էդ արդեն պարանը վիզդ անցըրու, քանի որ, միևնույն է, թախիծն ու խելագարությունն են քեզ խեղդելու: Մի թուրքի կնոջը տես է՜- Քարավան է գնում, գնացք է գնում, իսկ ինքը նստել ու իր երգին է, մնացյալ աշխարհի հետ գործ չունի. ինչպես որ իրենց հացն է իրենց առաջ – իրենց բաժին գեղեցկությունն էլ իրենց մեջ է, մնացյալ աշխարհի հետ գործ չունեն: Թուրքի անգրագետ կնիկը: Ես էլ ճարտարապետ եմ, ականջնիս բամբակ եմ խցկել ու գիտակցաբար – գիտակցաբա՜ր – իմ գործն եմ անում. ինչ որ կա՝ էս է, ուրիշ տեղ ուրիշ լավ բան չկա, եղածը էս է: Բայց գնացքի ամեն կանչի՝ տասնհինգ տարեկան աղջկա նման սիրտս տեղից դուրս է թռչում՝ թե կյանքն ահա հեռվից է անցնում, իսկ ես շպրտված եմ մի անկյուն: Էս էլ՝ ես:
ՎԱՆԱՀԱՅՐ. Սրտի թպրտոցը լավ է, նշանակում է պսակիդ ժամանակները մոտենում են:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Խոսում ես՝ որ խոսած լինես:
ՎԱՆԱՀԱՅՐ. Ուրիշ ինչ կար ասելու, որ չասացի:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Ասա՝ մարդուկնիկ սարն էին գնում, հացի էին նստել, կինը երգում էր – և ամուսինը գեղեցիկ էր, ձիերը գեղեցիկ էին, անցնող գնացքը գեղեցիկ էր, դաշտում կանգնած՝ մենք գեղեցիկ էինք ու մի երգի շնորհիվ մի ամիս է գեղեցիկ ենք:
ՎԱՆԱՀԱՅՐ. Հեռվից էր գեղեցիկ, ճարտարապետ, եթե մոտենայինք հարցնեինք ու եթե պատմեին՝ տակը մի դժգոհ, մի ծանրաշունչ պատմություն կլիներ. գիշերվա մթնում թափառող ճրագի պես. մոտենում է, հեռանում է, բարձրանում է՝ ուրեմն բլուրի վրա է, կորչում է՝ ուրեմն ձորն իջավ, նորից է երևում, այդպե՜ս գիշերվա մեջ թափառում է ու գեղեցիկ է: Հետո գալիս մոտենում է՝ ու հոգնած գյուղացու էն անտեր այծերը կորել են:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Այո:
ՎԱՆԱՀԱՅՐ. Այսինքն՝ վագրը թաթը բարձրացրել է:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Այո, դառնանք մեր քարին: Բագրատունյաց վագրը բարձրացրել է թաթը: Վագրը՝ ենթակա, բարձրացրել է՝ ստորոգյալ, թաթը՝ խնդիր: Վագրը՝ խնդիր, թաթը՝ խնդիր, Բագրատունյաց՝ խնդիր: Վագրը թաթը բարձրացրել է – վագրը թաթը չի բարձրացրել: Վագրը թաթը բարձրացրել է – ինչո՞ւ: Թաթի տակ՝ ի՞նչ: Թաթի տակ՝ մեր խեղճությունը: Բագրատունյաց վագրը թաթը բարձրացրել է, թաթի տակ՝ գունդ: Ի՞նչ գունդ: Երկրա: Եղավ: Հայր սուրբ, վագրը բարձրացրե՞լ է թաթը:
ՎԱՆԱՀԱՅՐ. Բարձրացրե՞լ է:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Գիծն ասում է՝ այո:
ՎԱՆԱՀԱՅՐ. Գիծն այո է ասում՝ վագրն ուրեմն բարձրացրել է թաթը, գիծն այո չի ասում՝ վագրը դարձյալ բարձրացրել է թաթը: Քշի գնա, լոռըցիք ասում են՝ ուռի նման կողքիդ կանգնած դողում եմ, վախիլ մի:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Հայր սուրբ- քո համեստ կարծիքով հայերիս համար երկիրը գունդ երբևէ եղե՞լ է:
ՎԱՆԱՀԱՅՐ. Իմ համեստ կարծիքով՝ այսինքն տգետ կարծիքով:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Չեղավ: Էսքան տարվա մեր ընկերության մեջ ճիշտ բան քեզ երբ եմ ասել:
ՎԱՆԱՀԱՅՐ. Գործ չունես, նկարիր գնա: Սկզբում գունդ էր, հետո՝ տափակ. հետո՝ դարձյալ գունդ էր, ապա դարձյալ՝ տափակ. տասներորդ դարի Բագրատունյաց երկիրը գունդ էր, իսկ տասնհինգերորդում արդեն ընդհակառակը՝ տափակ էր: Հիմա գունդ է, քշիր գնա:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Սիմո՜ն- Սիմոն, ի՞նչ ես ասում, երկիրը գու՞նդ է թե տափակ:
ՍԻՄՈՆ. Վարդապետի կարծիքով գունդ է, ճարտարապետ, բայց վայ թե փոսի, թոնրի պես մի բան լինի:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Ապրես: Թոնրիդ միջից մի թութուն վառիր:
ՎԱՆԱՀԱՅՐ. Բագրատունիները կատակ չէին անում:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Կատակ մենք էլ չենք անում: Բագրատունյաց վագրի թաթի տակ նկարում ենք երկրագունդ՝ Ուչքիլիսեից Ղարաքիլիսե: Սիմոն, վագր տեսած կա՞ս, վագր:
ՍԻՄՈՆ. Մեր մեծ հորեղբայրը պատմել է, թե քուրդ ոչխարածները Տիգրիսի ձորերում տեսել են:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Նկարում եմ, հայր սուրբ, բայց սա հայերեն չի լինում:
ՎԱՆԱՀԱՅՐ. Թուրքերեն է լինում:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Գուցե և՝ թուրքերեն:
ՎԱՆԱՀԱՅՐ. Վագրերի երկրում քանդակվել է զինանշանի այդ քարը և բերվել է ոչխարների երկիր:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Չգիտեմ: (Երեխան բերում, ճարտարապետին է տալիս Սիմոնի փաթաթած ծխախոտը): Սիմո՜ն- Ճղարեդ քանդվում է:
ՍԻՄՈՆ. Թքիր կպցրու, ճարտարապետ, թքիր կպցրու:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Մեր թուքը չի կպցնում, Սիմոն:
ՍԻՄՈՆ. Հայր սրբին տուր, ճարտարապետ, հայր սուրբը լավ է կպցնում:
ՎԱՆԱՀԱՅՐ. Վագրը գոմեշի մոտ կատու է, ճարտարապետ, բայց գոմեշ է սպանում: Թույլ, անկենդան, սատկած՝ վագրը շաբաթներով ընկած մնում է: Ցատկի ժամանակ վագրը հավաքում է թույլ, անկենդան ժամանակի ուժերը, խփում ու գոմեշ է սպանում ու դարձյալ՝ թույլ, անկենդան: Ես ասում եմ՝ ցատկող վագրը դեպի գոմեշ է շպրտում նաև ապագայի ուժերը, և ուրեմն գոմեշին հաղթելուց հետո վագրը մնում է թույլ, անկենդան: Պահանջվեց, և Բագրատունիները սպառեցին նաև ապագա դարերի մեր ուժերը:
Արեգակը ելնում է արևելքից և արտորալով արևմուտք է գնում: Ժողովողի ճշմարտություններն արեգակի ներքո կան, և քնեած ժողովուրդներն արեգակի ներքո զարթնում են, և արթուն ժողովուրդներն արեգակի ներքո մտնում են դարձյալ նիրհի մեջ:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Նկարեմ թաթը բարձրացրած վագր, թաթի տակ՝ գունդ, երկրա: Ղարաքիլիսեից Ուչքիլիսե:
ՎԱՆԱՀԱՅՐ. (Քարտեզի դեմ) Ղարաքիլիսեից մինչև՜ Ուչքիլիսե – էնքան էր, ինչքան էսօրվա Ռուսաստանը: Գուգարքի Տաշրաց աշխարհից Վարաժնունիք աշխարհով, Նիգ աշխարհով, Արագածոտն գավառով- գնո՜ւմ իջնում էին Արարատյան աշխարհ: Բագրատունիների երկի՛րն էր գունդ, մերը՝ տափա՜կ: Ասա Բագրատունիների վագրը կատու է, և Բագրատունիների վագրը կատու կդառնա: Մի՛ ասա: Ասա՝ Բագրատունիների վագրը վագր է, թաթի տակ երկրագունդ է պահում, և Բագրատունիների վագրը վագր կդառնա: Միտքը չիք ու անգո մի բան չէ, քարի հետ հավասար՝ միտքը դիր ու կշռիր. միտքը ծնվում, լինում, մեռնում է, ինչպես քարը կամ մարդը: Ժողովրդի լեզուն ասում է՝ ինչ մտանես էն գտանես: Ինչ որ տգեղ է՝ մի՛ մտածիր:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. Ես չե՛մ մտածում, ես նկարում եմ ուրիշների մտածածը: Իմ փոխարեն եթե լուսանկարելու մի գործիք լիներ՝ էս գործն ինձանից լավ կաներ:
ՎԱՆԱՀԱՅՐ. Բկից կբռնեի քո էդ լուսանկարչական գործիքի ու խեղդելով կստիպեի՝ որ հայերեն նկարի: Ո՞ւմ դեմ ես կատաղում, ի՞նչ ես ուզում, էս է:

ՇՈՂԵՐ (Սիմոնին). Նստել ես ու՝ չըխկ, չըխկ, չըխկ, չըխկ: (Շոգեքարշի սուլոց): Գնացքը եկավ:
ՍԻՄՈՆ. Ճարտարապե՜տ: (Որդուն) Ճարտարապետին ասա գնացքը եկավ: Ճարտարապետ, գնացքը եկավ: Գնացքը եկավ: Գնացքը տեսնես մեզ համար ինչ լուր է բերելու:
ՇՈՂԵՐ. Գնացքը եկավ: Ե՞րբ ես ինձ գնացք նստեցնելու: Գնացք նստենք, գնանք, գնանք, գնանք- Սիմոն, գնացքը մինչև ո՞ւր է տանում: (Շոգեքարշի սուլոց): Գնացքը անցավ: Գնացքը եկավ, գնացքը անցավ, դու նստել ես ու՝ չըխկ, չըխկ, չըխկ: Խաչդ խաչ չի դառնալու, խոտն էլ հնձելու մնաց:
ՍԻՄՈՆ. Նախիրս ձմեռը սովից ջարդվելու է:
ՇՈՂԵՐ. Խոտը կհնձեինք, կհավաքեինք, կդիզեինք, գարնան սուղ ժամանակ կծախեինք, մեզ համար մի կով կառնեինք- Սիմոն- Գնացք նստեինք, գնայինք-գնայինք-գնայինք- Սիմոն, չեմ ասում թե գնանք Փարիզ ապրենք: Սիմոն, գնայինք Փարիզը տեսնեինք ու էլի գայինք:
ՍԻՄՈՆ. Այո, Փարիզ լսել են, որ դու էդքան բարի, սրտացավ, հասկացող, շռայլ աղջիկ ես, ուզում են քեզ տեսած լինել: Նուրբ, կանացի, հասկացող- քեզ մոմ արած ուրիշների առաջ վառել ես…