Արցախի ներկայիս վիճակը Տեր-Պետրոսյանի նվաճումն է. Աշոտ Նավասարդյան, 1996թ.

3335

Հայաստանում լրագրողների, լրատվամիջոցների, քաղաքական շրջանակների և ընդհանրապես ժողովրդի շրջանում տարածված է և տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, թե իշխող Հանրապետական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, մինչև իշխանության գալը, եղել է ընդդիմություն:

Ճիշտ է, 1991-ին ՀՀԿ-ն նախագահական առաջին  ընտրություններին մասնակցել է սեփական թեկնածուով՝ Աշոտ Նավասարդյան, և վեց թեկնածուների շարքում գրավել է վեցերորդ տեղը՝ ստանալով քվեների 0.19 տոկոսը, ինչպես նաև՝ 1992-1994 ընդդիմության շարքում մասնակցել հանրահավաքների: Սակայն ՀՀԿ-ն, ի տարբերություն ՀՅԴ-ի ու ԱԺՄ-ի, ընդդիմություն չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի վարչակարգին:

Մինչև 1998-ի իշխանափոխություն՝ ՀՀԿ-ն եղել է իշխանական ուժ, ինչպես 1998-ից մինչև այսօր: Ճիշտ է նաև, որ 1991-1998-ին ՀՀԿ-ն լուրջ կշիռ չի ունեցել Հայաստանի ներքաղաքական դաշտում և հաճախ եղել է այն օրերին իշխող Հայոց համազգային շարժման՝ ՀՀՇ-ի կցորդը:

ՀՀԿ-ն հնազանդորեն և հետևողականորեն պաշտպանել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա քաղաքականությանը, թեև վերջին տարիներին կուսակցության տարբեր անդամներ սկսել են քննադատել Քոչարյանին, նրա նախագահության տասը տարիները:

Եղել են, անշուշտ, նաև ընդդիմադիր պոռթկումներ: Այսպես, 2000 թվականի գարնանը ՀՀԿ-ի առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը ՀԺԿ-ի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի, Արամ Զավենի Սարգսյանի (այն օրերին՝ վարչապետ) և Գագիկ Ջհանգիրյանի (այն օրերին՝ գլխավոր դատախազի տեղակալ) հետ մամուլի համատեղ ասուլիսում Քոչարյանից պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ կապված Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետաքննության հետ:

«Ճգնաժամը» կարգավորվեց սեղմ ժամկետներում. Քոչարյանը Մարգարյանին նշանակեց վարչապետ, իսկ ՀՀԿ-ն մոռացավ Սերժ Սարգսյանին ու Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը: Հետագայում մենք կտեսնենք, որ Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀԿ-ի առաջնորդը և Հանրապետականների կուռքը:

1995 թվականի խորհրդարանական՝ Ազգային ժողովի առաջին ընտրություններում, Հանրապետականը մի քանի այլ կազմակերպությունների հետ ՀՀՇ-ի ընդհանուր ցուցակով, որը կրում էր «Հանրապետություն» բլոկ անունը, մտել է խորհրդարան մի քանի պատգամավորներով:

1995-ի առաջին Սահմանադրության հարցում ՀՀԿ-ն ոչ միայն պաշտպանել է այդ Սահմանադրությունը, այլ գործուն մասնակցություն ունեցել Մայր օրենքի ստեղծման աշխատանքներում: Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին՝ 1992-1995 թվականներին, իր մասնակցությունն էր բերում ՀՀԿ-ի առաջնորդ Աշոտ Նավասարդյանը:

1996-ի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Հանուն Տեր-Պետրոսյանի առաջադրման՝ ՀՀԿ-ն անցկացրեց արտահերթ համագումար, որը տեղի ունեցավ 1996-ի հունիսի 22-ին: Оրակարգի միակ հարցը եղել է հետևյալը. «ՀՀԿ երրորդ արտահերթ համագումարի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը»:

Նախքան Աշոտ Նավասարդյանի՝ համագումարում ունեցած ելույթը ներկայացնելը, մեջբերենք նրա հարցազրույցից մի հատված, որ տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում  (թիվ 176, 6 սեպտեմբեր, 1996թ. ).  

«Մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում, ասպարեզում եղած թեկնածուների մեջ (Վազգեն Մանուկյան, Սերգեյ Բադալյան, Աշոտ Մանուչարյան-Թ. Հ.) լավագույնը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այն խնդիրները, որոնք դրված են ՀՀԿ-ի առջև, իրենց մի մասով արդեն իսկ իրականացվել են ներկայիս նախագահի կողմից: Իր գործունեության անցած շրջանում նրա կողմից իրականացվել են մեր կուսակցության ծրագրերին համապատասխան մի շարք այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են մեր բնօրրանը հանդիսացող տարածքների մի մասի հայկականացումը, մեր անկախության հռչակումը, պետականության ամրապնդումը և բանակի ստեղծումը… Լևոն Տեր-Պետրոսյանին առաջադրելը մեզ համար առանձնապես կարևոր էր, որովհետև հանրապետության քաղաքական խճանկարում` ազգային իղձերի իրականացման առումով, ամենաառողջն ու ամենասթափը նա է»:

Թաթուլ Հակոբյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

22 հունիսի, 1996 թ. ք. Երեւան

Հունիսի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության 3-րդ արտահերթ

համագումարը, որին մասնակցում էր 88 պատգամավոր:

ՀՀԿ նախագահ Աշոտ Նավասարդյանը հաստատման ներկայացրեց ՀՀԿ երրորդ

համագումարի օրակարգը` ՀՀԿ երրորդ արտահերթ համագումարի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:

ՀՀԿ Նախագահ Աշոտ Նավասարդյանի ելույթը

Հայաստանի Հանրապետական կուսակցության երրորդ արտահերթ համագումարի հարգելի պատվիրակներ, հարգարժան հյուրեր:

Կես տարի է անցել Հայաստանի Հանրապետական կուսակցության երկրորդ համագումարից հետո, որտեղ անվերապահ հավանության արժանացավ կուսակցության որդեգրած դիրքորոշումը` երկրում ծավալվող քաղաքական գործընթացների նկատմամբ: Այդ համագումարում արտասանած իմ եզրափակիչ խոսքում ես կարևորեցի 1996 թվականին կուսակցության մասնակցության հարցը տարվա քաղաքական երկու կարևորագույն գործընթացներին` Հանրապետության նախագահի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Ահա, մեր երրորդ արտահերթ համագումարը հավաքվել է, որպեսզի վճռի, թե ու՞մ է կուսակցությունը առաջադրելու Հանրապետության նախագահի թեկնածության համար:

Անցյալ տարվա հուլիսին հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրությունը լայն լիազորություններ է տվել հանրապետության նախագահին, ինչը մեզ ստիպում է ամենայն պատասխանատվությամբ ու համակողմանի քննարկման ենթարկել հանրապետության նախագահի թեկնածուի հարցը:

Ժողովրդավարությունը հասարակական հարաբերությունների կարգավորման ոչ առաջին և ոչ էլ, իհարկե, վերջին սկզբունքն է: Եղել են այլ սկզբունքներ և անշուշտ, կլինեն ուրիշները` ապագայում: Այսօր, սակայն, մեր համոզմամբ, ժողովրդավարությունն է, որ առկա պայմաններում լավագույն հնարավորություններ է ընձեռում մեզանում ազգային խնդիրների իրագործման համար: Միաժամանակ, հարկ է շեշտել, որ ժողովրդավարությունը, մեր ընկալմամբ, լոկ միջոց է որևէ էության իրականացման համար: Այս պատճառով, մենք սկզբունքորեն դեմ ենք ժողովրդավարներ (դեմոկրատներ) և ազգային ուժեր տերմինների օգտագործմանը, որպես համեմատելի միավորների:

Հարկ է շեշտել, որ այսօր կան երկրներ, որտեղ ժողովրդավարությունը ձևից բացի դարձել է էություն, նպատակ, բայց կան միաժամանակ և երկրներ, զարգացած երկրներ, ուր ժողովրդավարությունը դարձել է արդյունավետ, նպատակահարմար ձև էականի` ազգայինի կիրառման համար: Երկու օրինակն էլ բավական է ասվածը հաստատելու համար. Ճապոնիա

և Իսրայել՝ խորապես ազգային և խորապես ժողովրդավարական երկրներ միաժամանակ:

Ահա թե ինչպիսի ժողովրդավարության է կողմ Հայաստանում մեր կուսակցությունը: 1991 թվականի Հանրապետության նախագահի ընտրությունից հետո էական փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես հանրապետությունում, այնպես էլ տարածաշրջանում: Այդ ընթացքում միայն հաջողություններ չէ, որ մենք արձանագրել ենք, շատ են նաև թերությունները, չլուծված հարցերը, որոնց միայն մի մասը կարելի է համարել թելադրված օբյեկտիվ պայմաններից:

Այո, թերություններ կան և դրանց վրա աչք փակելու որևէ նպատակ չկա, ճիշտ հակառակը, պետք է մատնացույց անել թերությունը, պահանջել դրա վերացումը, միաժամանակ ցույց տալով նաև վերացման ճանապարհը: Ահա այս գործելակերպն է որդեգրել մեր կուսակցությունը և հեռանալ ընդունված գծից, չի պատրաստվում: Սակայն, հաջողությունները ևս ակնառու են, որոնք ձեռք է բերել մեր պետությունը անցած հինգ տարիների ընթացքում, դրանց միայն թվարկումն արդեն պատկառանք է ներշնչում`կայացել է Հայաստանի Հանրապետություն անկախ պետությունը, ստեղծվել է պետական բանակ, պետությունը ձեռք է բերել միջազգային ճանաչում, անդամ է համաշխարհային ամենահեղինակավոր կազմակերպություններին: Մենք խուսափել ենք մեր հարևաններին պատուհասած գլխավոր չարիքից` քաղաքացիական պատերազմից, կայունացել է դրամի կուրսը:

Թվարկումը կարելի է շարունակել: Սակայն, մի նվաճման մասին կարելի է առանձնահատուկ շեշտել` խոսքը Արցախյան խնդրում ձեռք բերած նվաճումների մասին է: Արցախում սկսվել է հայրենիքի վերանվաճման գործընթացը, այսօր հայկական ուժերի հսկողության տակ է գտնվում Արցախի 16 000 քառ. կմ տարածքը: Համեմատելու համար արժե հիշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ընդամենը 29 000 քառ. կմ է: Այս տարածքներում վերջին երկու տարիների ընթացքում գործնականում սահմանների փոփոխություն տեղի չի ունեցել, լայնածավալ ռազմական գործողություններ չեն ընթացել:

Գործնականում, այսօր, հայի համար Հայաստանը 45 000 քառ. կմ է: Արցախյան հարցում ավելի ու ավելի վճռական կեցվածք է որդեգրվում դիվանագիտական ճակատում ևս: Մեր կարծիքով Արցախյան խնդրի ներկայիս վիճակը Հայաստանի Հանրապետության նախագահի նվաճումն է:

Ցայտուն են ձեռքբերումները հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում: Սա մի բնագավառ է, որտեղ վճռորոշ են նաև պետությունների ղեկավարների անձնական հատկությունները: Եվ այս առումով հատկանշական է, որ մեր նախագահի վարկը թե՛ ԱՊՀ շրջանակներում, և թե° ընդհանրապես աշխարհում զգալիորեն բարձր է հարևան պետությունների ղեկավարների վարկից: Իսկ այս հանգամանքը որոշակիորեն նպաստում է համաշխարհային հանրության կողմից մեր երկրի նկատմամբ բարենպաստ վերաբերմունքի ձևավորմանը:

Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Հայաստանում Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի չի ունեցել իշխանությունների վերանվաճում նախկին կոմունիստական ռեժիմի ներկայացուցիչների կողմից, ինչը, փաստորեն, արատավոր օրինաչափություն է դարձել մյուս նորանկախ հանրապետություններում:

Նախկին խորհրդային Միության տարածքում գոյացած պետություններում վարվող տնտեսական քաղաքականությունը միարժեքորեն բերում է այն համոզման, որ տնտեսության ազատականացումն այլընտրանք չունի: Իսկ տնտեսության ազատականացման հարցում վարանոտ գործելակերպը հանգեցնում է տնտեսական վիճակի է°լ ավելի վատացման, վերջին հաշվով բացասաբար է անդրադառնում պետության իրական անկախացման ու ժողովրդի բարեկեցության վրա: Այլ է վիճակը Հայաստանում, քանզի իշխանությունների որդեգրած գործելակերպի հիմքում դրված է այն տրամաբանությունը, որ տնտեսական կայուն հիմքով ամրագրված անկախությունը անխուսափելիորեն պետք է անցնի տնտեսական համակարգի արմատական փոփոխման ճանապարհով, ինչը, ցավոք, ենթադրում է ժողովրդի սոցիալական վիճակի ժամանակավոր վատացում:

Ռուսաստանի Դաշնությունում օրերս ավարտված նախագահական ընտրությունների առաջին փուլը լուրջ տագնապների տեղիք է տալիս: Ամենայն հավանականությամբ, ընտրությունների երկրորդ փուլում Բորիս Ելցինին կհաջողվի հաղթանակ տանել, սակայն այդ հաղթանակի պայմաններում էլ չի կարելի մոռանալ, որ Ռուսաստանի ընտրողների մի ստվար զանգված համամիտ չէ այսօր իրենց մոտ ընթացող բարեփոխումների գործընթացին: Իսկ հաղթող կողմը քաղաքականությունը իրականացնելիս չի կարող հաշվի չնստել այդ դժգոհ զանգվածի տրամադրությունների ու նպատակների հետ: Բորիս Ելցինի կողմից կառավարության կազմում արդեն իսկ արված փոփոխությունները դրա վառ ապացույցն են:

Ռուսաստանում գոյացող ուժերի հարաբերակցությունը անպայմանորեն պետք է անդրադառնա նաև այդ երկրի արտաքին քաղաքականության վրա ու առաջին հերթին, այսպես կոչված, մերձավոր արտասահմանի վրա: Իսկ ինչ վերաբերում է ազդեցության միջոցներին, ապա Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում դրանք բավական մեծ են: Խիստ կարևոր է նաև այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները քողարկված կամ ակնհայտ ձևով իրենց համակրանքն են արտահայտում Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ, ցանկալի համարելով վերջիններիս հաղթանակը Ռուսաստանում:

Այս իրողությունը լուրջ հետևությունների հիմք պետք է հանդիսանա: Ոչ մեկի համար գաղտնիք չէ ռուսական ընդդիմության առաջատարի` Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդների վերաբերմունքը, այսպես կոչված, մերձավոր արտասահմանի պետությունների քաղաքական ապագայի նկատմամբ: Գործնականում դա հանգում է ԽՍՀՄ սահմաններում մի միասնական պետության վերականգնման նպատակին, իսկ այդ նպատակի իրականացման համար առաջարկվող մեթոդների, բերվող հիմնավորումների հարցը լոկ նպատակի գրավիչ ձևով մատուցելու խնդիր է:

Հանրապետությունում քաղաքական իրավիճակը ավելի հստակ պատկերացնելու համար հարկ է նշել, որ հատկապես Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո մեզանում խիստ կակտիվացնի իր գործունեությունը Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Խիստ հավանական է, որ Հայաստանի նախագահական ընտրություններում Կոմունիստական կուսակցության թեկնածուն հավաքած ձայների քանակով գրավի երկրորդ տեղը  ՙՀանրապետություն՚ միավորման անդամ կուսակցությունների թեկնածուից հետո: Սա

անպայմանորեն կբերի հանրապետության ներքաղաքական իրավիճակի որոշակի լարվածության, իսկ որ Ռուսաստանում ու մեր հարևան պետություններում անպայմանորեն կգտնվեն քաղաքական ուժեր, որոնք կձգտեն առավելագույն շահ քաղել այդ իրավիճակից` կասկածից վեր է: Այս ամենը գալիս է հաստատելու այն համոզմունքը, որ հանրապետության թիվ մեկ պաշտոնը պետք է վստահվի քաղաքական փորձով իմաստնացած, երկիրը քաղաքական ցնցումներից զերծ պահած, վճռականությամբ լեցուն քաղաքական գործչի:

Հարգելի պատվիրակներ, երեկ` հունիսի 21-ին, Հանրապետական կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ հանդիպում ունեցան Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և քննարկեցին նրան Հանրապետական կուսակցության կողմից հանրապետության նախագահ առաջադրելու հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք կարևորագույն հարցեր: Պարոն Տեր-Պետրոսյանը գոհունակությամբ իր համաձայնությունը տվեց Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրելու մեր առաջարկին:

Հաշվի առնելով առկա իրողությունները, կանխատեսելով գործընթացների զարգացման հավանական հեռանկարները, ես միանշանակորեն եկել եմ այն համոզման, որ այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի լավագույն թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է, և այսօր ես Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում առաջադրել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: