Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի ԱՄՆ այցի առիթով

811

Ադրբեջանը բողոք է հղել Միացյալ Նահանգների իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ Վաշինգտոն կատարած այցի առիթով, գրում է Ազատությունը:

«Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանը Պետքարտուղարությանն է փոխանցել Բաքվի բողոքը, նամակներ են ուղարկվել նաև Ներկայացուցիչների տան խոսնակին, իշխող վարչակազմին ու հանձնաժողովների նախագահներին», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Վերջինիս խոսքով՝ ադրբեջանական կողմը պատրաստվում է այս հարցով նաև բողոքի նոտա ուղարկել Պետքարտուղարություն:

Մասիս Մայիլյանը՝ որպես հիմնական բանախոս, չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախությանը։

Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ու Արցախի մշտական ներկայացուցչության, ինչպես նաև Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի համատեղ ջանքերով։

Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախում պետականաշինության, Արցախի միջազգային ճանաչման ու միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Միջոցառմանը ելույթ ունեցած կոնգրեսականները վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ սատարելու Արցախի անվտանգության ամրապնդմանը և միջազգային ճանաչմանը։

Հոկտեմբերի 29-ին Մայիլյանը հանդիպել է Վաշինգտոնում գործող մի շարք հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել «Chatham House» ձևաչափով և կազմակերպվել է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում։

Արցախի արտգործնախարարը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

Մայիլյանը ներկա է գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.Res. 296 բանաձևի քննարկմանը և պատմական որոշման ընդունմանը:

Քվեարկության ավարտից հետո նա երախտագիտություն է հայտնել բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունին՝ նկարում, և Աննա Էշուին, ինչպես նաև շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին։

Հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, ասել է Արցախի արտգործնախարարը:

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության կազմում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը։

Այցի շրջանակներում Մասիս Մայիլյանը՝ որպես գլխավոր բանախոս, ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Արցախի անկախությանը նվիրված միջոցառմանը։ Նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի հիմնական հանձնաժողովների ղեկավարների և անդամների հետ, ինչպես նաև ելույթներ Վաշինգտոնում գործող հեղինակավոր վերլուծական կենտրոններում։ ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա նաև հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ։

Հոկտեմբերի 28-ին Արցախի պատվիրակությունը ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ միտված Արցախի միջազգային ճանաչմանն ու արտաքին կապերի ընդլայնմանը։

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է ԱՄՆ հետ տարբեր մակարդակներով հարաբերությունների զարգացումը։ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի։

Լուսանկարում՝ կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Ֆրենկ Փալոունի կողմից Մասիս Մայիլյանը ստանում է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res. 296 բանաձևի կրկնօրինակը