Սերժ Սարգսյանը Հայաստանի ժողովրդից պետք է վախենա ամեն օր. Ալեն Սիմոնյան

1021

«Սերժ Սարգսյանը Հայաստանի ժողովրդից պետք է վախենա ամեն օր»,- ըստ Ազատություն ռադիոկայանի ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը»)՝ արձագանքելով գործող իշխանության հասցեին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատությանը։

«Քնելուց և արթնանալուց ինքը պետք է վախենա, որովհետև այն ամենը, ինչն ինքն ու իր մերձավոր շրջապատն արել է, ոչ մեկը չի մոռացել»,- ասել է Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Սերժ Սարգսյանի վարչապետ չառաջադրվելու, ամառանոց նվիրելու, ապա այն հետ վերցնելու փոփոխված որոշումները. «Ստերի և որոշումների այդ շարանը կարող է մեկ-երկու տասնյակն անցնել՝ սկսած 90-ականների սկզբից մինչև 2018 թվականը, ինքը մի մարդ է, որի հենց գործողությունների մեջ հաճախակի որոշումներ փոխելը և անարդար որոշումներ կայացնելն ու ՀՀ քաղաքացիներին ստելը բերեց նրան, որ ինքը հրաժարական տվեց»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ձերբակալության հնարավորությանը, ապա Ալեն Սիմոնյանը նշել է. «Ես որևէ տեղեկություն չունեմ իր ձերբակալման կամ չձերբակալման հետ կապված, բայց և կասկած չունեմ, որ տարբեր քրեական գործերի պոչերից որևէ մեկը հենց այն պահին, որ եկավ, հասավ Սերժ Սարգսյանին, իրավապահ մարմինների գործողությունները լինելու են միանշանակ։ ՀՀ-ում չկա մեկը, որ ունի անձեռնմխելիություն, նաև առավել ևս Սերժ Սարգսյանը»։

Դիտել նաև՝

Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն վախենալու բան չունեն․ զրույց Հայկ Մամիջանյանի հետ