Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում

761

Մեկնարկել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը, հաղորդում է Արցախի ԱԳՆ կայքը։

Այցի շրջանակներում Մասիս Մայիլյանը՝ որպես գլխավոր բանախոս, ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Արցախի անկախությանը նվիրված միջոցառմանը։ Նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի հիմնական հանձնաժողովների ղեկավարների և անդամների հետ, ինչպես նաև ելույթներ Վաշինգտոնում գործող հեղինակավոր վերլուծական կենտրոններում։ ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա նաև հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ։

Հոկտեմբերի 28-ին Արցախի պատվիրակությունը ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ միտված Արցախի միջազգային ճանաչմանն ու արտաքին կապերի ընդլայնմանը։

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է ԱՄՆ հետ տարբեր մակարդակներով հարաբերությունների զարգացումը։ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի։