«Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո այս փաստաթղթի մասին բազմիցս խոսվել և գրվել է ԶԼՄ-ներում, սակայն այն երբևէ չի հրապարակվել։ Մեր ձեռքին է հայտնվել հայտնի այդ ցուցակի պատճենը, որը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Ժամանակին լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այդ ցուցակին՝ գրելով, որ ըստ տարածված լուրերի`մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (1999-2000թթ.) Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը և որոշ մարդկանց միջև պաշտոններ բաշխելու: Ցուցակի մասին փորձեցինք ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Մեզ պատասխանեցին, որ դա այն նույն ցուցակն է, որի օրիգինալն իրենց մոտ է պահպանվում, և որը Քոչարյանին առաջարկվել է՝ որպես գործարք. Քոչարյանը նշանակում է ցուցակում ներկայացված անձանց՝ ըստ նշված պաշտոնների, իսկ վերջիններս չեն շահարկում Քոչարյանի անունն այդ օրը տեղի ունեցած սարսափելի ոճրագործության իբր կազմակերպիչների, կամ գոնե`շահագրգիռ անձանց շարքում:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռոբերտ Քոչարյանին խիստ զայրացրել է գործարքի այդ առաջարկը, որով նրան շանտաժ էր արվում` իրականության հետ կապ չունեցող մեղադրանքով: Ըստ նույն աղբյուրների` Քոչարյանը ՊՆ պատվիրակներին դուրս է հանել` «սրիկայություն և անբարոյականություն» որակելով նրանց այդ շանտաժային քայլը, այն էլ այն պահին, երբ Վազգեն Սարգսյանի դիակը դեռ գտնվում էր խորհրդարանում:
Ի դեպ, հոկտեմբերի 27-ի ԱԺ այդ նիստից, որին ներկա էր ողջ կառավարությունը, զարմանալիորեն բացակայում էր ՀՀ Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանը, ով, ըստ Քոչարյանին ներկայացված ցուցակի, պետք է նշանակվեր ՀՀ վարչապետի պաշտոնում:
Ցուցակը, ըստ լավատեղյակ աղբյուրների, գրվել է հենց Շիրխանյանի ձեռամբ: Ցուցակում նշված է եղել. ՀՀ վարչապետ` Վահան Շիրխանյան, ՀՀ Գլխավոր դատախազ` Գագիկ Ջհանգիրյան, Ազգային անվտանգության նախարար` Վյաչեսլավ Հարությունյան, Ներքին գործերի նախարար` գնդապետ Մուրադ Կիրակոսյան, Համակարգող նախարար` Անդրանիկ Քոչարյան (այն ժամանակ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդական, այժմ` 2008թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ):
Հիշեցնենք, որ 1999թ. նոյեմբերի 17-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում Վահան Շիրխանյանը հաստատել է այդ ցուցակի գոյությունը՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը «զայրացել» էր այդ ցուցակը տեսնելով:
Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ «Ձե՞ր նախաձեռնությունն էր։ Ես նաև այսպիսի մի վարկած եմ լսել, թե նախագահի առաջարկով է ներկայացվել այդ ցուցակը», Վահան Շիրխանյանը պատասխանել է. «Ո՛չ։ Դա պատահական հնչեց։ Այդ աղմուկ-աղաղակի, հրամանատարների շարժման մեջ մեկը (հիմա չեմ հիշում, թե ով էր) ասաց, թե՝ եկեք մի այսպիսի քայլ անենք։ Ես ասացի, որ, եթե համաձայն են սպասել այդ ցուցակի պատասխանին՝ ուղարկենք։ Համաձայնեցին, և ցուցակն ուղարկվեց նախագահին»։ Դիտարկմանը, որ ինչպես այդ ցուցակում ԱԱՆ նախարարի թեկնածու նշված Վյաչեսլավ Հարությունյանը, այնպես էլ մյուսները նախագահի առջև արդարացել էին, թե իրենք բացարձակապես տեղյակ չեն եղել, որ իրենց անունները ներառվել են այնտեղ, նա պատասխանել էր.
«Այդ պահին որևէ մտադրություն չի եղել, որ ցուցակում նշված մարդիկ պետք է զբաղեցնեն այդ պաշտոնները։ Եղել է մի խնդիր, այնպես անել, ինչպես ցանկանում են հրամանատարները, որ նրանք հանգստանան։ Վյաչեսլավ Հարությունյանը խիստ բարձրակարգ մասնագետ է, և նրան ընդգրկելը հրամանատարների առաջարկն էր»։
Հարցին էլ, թե ցուցակն Անդրանիկ Քոչարյա՞նն է ներկայացրել, Վ. Շիրխանյանը պատասխանել է. «Նա մենակ չէր՝ 3-4 հոգու հետ էր։ Պատգամավոր է եղել հետները, զինվորական (այլ աղբյուրներից պարզեցինք, որ խոսքը Մյասնիկ Մալխասյանի և Աստվածատուր Պետրոսյանի մասին է.- «Առավոտ»), մնացածներին չեմ հիշում։
Գագիկ Հարությունյանը Պաշտպանության նախարարությունում էր և տեսնում էր առկա վիճակը։ Ո՛չ նախագահը, ո՛չ էլ որևէ մեկը չէր պատկերացնում, թե ինչ էր այնտեղ կատարվում, բացի այդ պահին այնտեղ գտնվողներից։ Տեղեկություն էին հասցրել, թե ՊՆ-ում 3-4 խռովարարներ աղմուկ են բարձրացնում, որը նույնպես հասավ հրամանատարներին։ Ցուցակն ուղարկելուց հետո անմիջապես, մոտ կես ժամ անց Գագիկ Հարությունյանը գնացել էր նախագահի մոտ, ներկայացրել ողջ վիճակը և բառացիորեն փոխանցել այն, ինչ ես էի նրան խնդրել՝ որ այդ ցուցակը կողքի դնի՝ այն ծնվել է այսպիսի իրավիճակում և նպատակը հրամանատարներին նախարարությունում պահելն է։ Բացի այդ, նրան խնդրել էի ասել, և նա հաղորդել էր, որ Շիրխանյանը խնդրեց, թե «վարչապետ» տողն ընդհանրապես ջնջի։ Եվ եթե ինքը քննելու է այդ թեկնածությունները՝ թող մյուսներին անդրադառնա։ Գագիկ Հարությունյանը վերադարձավ և ասաց, թե նախագահը զայրացած է, որ այս ինչ է՝ դիակները դեռևս տաք, պաշտոննե՞ր եք բաժանում»:»