Ռամիզ Մեհթիև․ Ադրբեջանի ներքաղաքական ամենամեծ փոփոխությունը 16 տարվա մեջ

905

25 հոկտեմբեր, 2019

Էմիլ Սանամյան

Իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունեցել է աշխատակազմի երեք ղեկավար, ինչը մեկն է նրա վարչակազմի անկայունության բազմաթիվ ցուցիչներից: Ռուսաստանում 19 տարի առաջ իշխանության գալուց ի վեր  Վլադիմիր Պուտինը ունեցել է աշխատակազմի ղեկավարների շարք: Հայաստանում Ռոբերտ Քոչարյանն ունեցել է չորս տարբեր աշխատակազմի ղեկավար, ինչպես Սերժ Սարգսյանը` նրանից հետո: Ադրբեջանում նույն անձը՝ Ռամիզ Մեհթիևը, գրեթե քառորդ դար է նախագահի աշխատակազմի ղեկավարն էր՝ ինչպես Հեյդար Ալիևի, այնպես էլ Իլհամ Ալիևի օրոք:

Հոկտեմբերի 23-ին Մեհթիևը, որն այժմ 81 տարեկան է, ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Նույն օրը նա դարձավ Իլհամ Ալիևից հետո ադրբեջանցի երկրորդ քաղաքական գործիչը, որը պարգևատրվել է Հեյդար Ալիևի անվան շքանշանով, ապա նաև նշանակվեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: Ազգային անվտանգության խորհրդի մասին օրենքում փոփոխություններ կատարվեցին, որպեսզի Մեհթիևը դառնա խորհրդի անդամ՝ անկախ ներկայում իր զբաղեցրած պաշտոնից:

Այնուամենայնիվ, տեղի ունեցածը պարզապես պատվավոր կենսաթոշակի անցում չէ: Անցյալ շաբաթ Ալիևը պախարակեց կառավարության ներսի անանուն պաշտոնյաների, որոնք, իբր, խարխլում են երկիրը բարեփոխելու իր ջանքերը: Անուններ չէին նշվում, սակայն պարզ էր, որ Ալիևը նկատի ուներ Մեհթիևին:

Մեհթիևի հեռացումը Ադրբեջանում տեղի ունեցած ամենախոշոր ներքաղաքական փոփոխությունն է 16 տարի առաջ Իլհամ Ալիևի՝ հորը նախագահի պաշտոնում հաջորդելուց հետո:

«Կառավարության որոշ անդամներ շանտաժի են ենթարկում կառավարության մյուս անդամներին,- պնդում էր Իլհամ Ալիևը:- Եթե մարդիկ կարծում են, որ մենք դա կհանդուրժենք, ապա սխալվում են»: Աշխատակազմի ղեկավարին աշխատանքից հեռացնելու նույն օրը Ալիևն առաջ մղեց իր երիտասարդ կադրերից մեկին՝ Միքաիլ Ջաբարովին, որին նախկինում Մեհթիևն անվանել էր ոչ կոմպետենտ։ Ջաբարովը կգլխավորի նոր ընդլայնված տնտեսական պորտֆելը։

Աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Մեհթիևը առանցքային դեր ուներ ներքին նշանակումների հարցում  և որոշում էր, թե ով է մտնում Միլի Մեջլիս՝ նախապատվությունը հիմնականում տալով Նախիջևանից և Հայաստանից  եկածներին, որտեղից էլ ծագմամբ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն են։ Նա նաև կապող օղակն էր Ռուսաստանի և Չինաստանի հետ, և գլխավոր գաղափարախոսն էր վարչակարգի, որն ավելի ու ավելի էր հակվում հակաարևմտյան քարոզչությանը՝ Ադրբեջանի վարչակարգի քննադատներին մեղադրելով Հայաստանի հետ դավադրություն ունենալու մեջ:

Մեհթիևի դեմ ուղղված քայլը շարունակությունն է մեկուկես տասնամյակ վարվող քաղաքականության, երբ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ Մեհրիբանի մերձավոր պաշտոնյաները լարվում էին Հայր Ալիևի նշանակած բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Անցյալ մի քանի տարիներին Մեհթիևը, կարծես, Ալիևներին ստիպել էր անցնել պաշտպանության, մասնավորապես՝ պետական անվտանգության երկու ղեկավարներին՝ Էլդար Մահմուդովին և Մեդեթ Գուլիևին աշխատանքից հեռացնելով։ Ալիևը հակադարձել էր՝ կնոջը նշանակելով առաջին փոխնախագահ, իսկ վերջերս էլ՝ վարչապետ նշանակելով իր երկարաժամկետ տնտեսական խորհրդական Ալի Ասադովին:

Մնում է տեսնել, թե արդյոք Մեհթիևի հեռացումից հետո նրան կհաջորդի նրա օգնականներից մեկը, թե Ալիևը կհրաժարվի զսպումների և հակակշիռների երկարատև խաղից ՝ հօգուտ ավելի կենտրոնացված իշխանության:

Հավանաբար փոփոխությունը հիմա տեղի է ունենում երկու պատճառով։ Երկուսն էլ, ամենայն հավանականությամբ, կապված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու և իշխանության մնացած ճյուղերը, օրինակ՝ դատարաններն իր վերահսկողության տակ պահելուն ուղղված Նիկոլ Փաշինյանի շարունակական ջանքերը Իլհամ Ալիևի համար Ադրբեջանում նույն գործն անելու հարմար առիթ են: Կարող է լինել նաև առանձնահատուկ հրատապություն` կապված Ալիևի առողջության վերաբերյալ չհաստատված, բայց շարունակաբար պտտվող լուրերի հետ, ինչը թերևս այս տարվա սկզբին նրա երկարատև բացակայությունների պատճառն էր:

Երկրորդ, Հայաստանում իրադարձությունները շարունակում են դանդաղ, բայց կայուն ազդեցություն ունենալ Ադրբեջանում, որտեղ վաղուց քաղաքական փոփոխությունների ժամանակն է։ Անցյալ շաբաթ և անցյալ հունվարին ընդդիմության կողմից անցկացվող բողոքի ցույցերը ունեցան այն էներգիան, որի պակասը կար տարիներ շարունակ։ Դրան հաջորդեց հասարակական վրդովմունքը՝ ի պաշտպանություն Գյանջայի քաղաքապետի, որի դեմ մահափորձեր էր կատարվել:

Ալիևի արձագանքը եղել է ինչպես հաշվեհարդարներն արագացնելու, այնպես էլ աշխատավարձերը բարձրացնելու ձևով։ Երկար ժամանակ երկրի երկրորդ ամենաազդեցիկ գործիչը համարվող անձին պաշտոնից հեռացնելը առիթ է երկրի լճացած տնտեսության և բազում անարդարությունների մեջ մեղադրելու «ծեր շանը»՝ արդարացնելով Իլհամ Ալիևի շարունակական իշխանությունը՝ որպես «հեղափոխության» փորձ վերևից:

Էմիլ Սանամյանը բնակվում է Վաշինգտոնում, մասնագիտացած է Հարավային Կովկասի հակամարտությունների թեմաներով։ Նա Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիրն է։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

ՍիվիլՆեթ