Նիկոլ Փաշինյանը՝ համակրանքի ու ատելության միջև

676

Երեկ և նախորդ օրը ես երկու սյունակ էի հրապարակել (տե՛ս՝ 10 խումբ․ ովքեր և ինչու են քննադատում Նիկոլ Փաշինյանին, 10 ընդդիմադիր խումբ, որոնց կեցվածքը պայմանավորվում է նաև Փաշինյանի քայլերով), որոնցում փորձել էի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատողներին և քաղաքական հակառակորդներին տեղավորել 20 հիմնական, բայց նաև՝ պայմանական խմբերում։

Այսօր ներկայացնում եմ երրորդ մասը, այն երկու հիմնական, բայց կրկին պայմանական խմբերը, որոնք աջակցում են Նիկոլ Փաշինյանին։

Առաջին․ Հայաստանի բնակչության 70 տոկոսը (այս թիվը այս պահին 70 չէ, ավելի, գուցե շատ ավելի ցածր է, քանի որ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին քվե տված բազմաթիվ քաղաքացիներ հիասթափված են տարբեր՝ արդարացված և չարդարացված պատճառներով․ մի բան է քվեարկել հետհեղափոխական ցնծության ժամանակ, մեկ այլ բան, երբ ժամանակ է անցնում)։

Այո՛, կարող եք Փաշինյանին համակրել, կարող եք՝ ատել (իմ առանձնացրած 20 խմբերի մի մասը նրան ատում է ու դա չի թաքցնում), բայց իրականությունն այն է, որ նրա թիմը 2018-ի դեկտեմբերին, առանց կեղծիքների ու ընտրակաշառքի, ինչը եղել է ուղեկիցը 1995-2017 թվականների Հայաստանի համապետական ընտրություններում, ստացել է քվեների 70 տոկոսը։ Սա չափազանց կարևոր արձանագրում է և իրողություն, եթե իհարկե, ընդունում ենք, որ Հայաստանը ընտրել է կառավարման ժողովրդավարական մոդելը։

Երկրորդ․ Նիկոլ Փաշինյանին սատարում է նրա քաղաքական թիմը, այսօր՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ու խորհրդարանում Իմ քայլը խմբակցությունը։

Անկասկած, կարելի է այլ խմբեր ու կուսակցություններ ևս առանձնացնել և ներկայացնել երրորդ, չորրորդ և ավելի շրջանակներ, բայց հիմնական երկուսը վերը նշվածներն են։

Ժամանակի ընթացքում, մինչև հաջորդ համապետական ընտրություններ, Փաշինյանի և նրա թիմի (չի բացառվում, որ մինչև ընտրություններ այդ թիմը, որտեղ գլուխ գլխի են հավաքվել ազգայնականներից մինչև գլոբալիստներ, աջերից՝ ձախեր, լիբերալներից մինչև պահպանողականներ, կարիերիստներ ու պարկեշտ մարդիկ, մեկ կամ մի քանի մասերի բաժանվի, կամ՝ Իմ քայլից առանձնանան մեկ կամ մի քանի խմբեր) վարկանիշը իջնի։

Ընդ որում, վարկանիշի անկումը անխուսափելի է լինելու, անգամ եթե Փաշինյանի կառավարությունը մաքսիմալ արդյունավետ աշխատի։ 70 տոկոս քվեն բնական է հեղափոխության ժամանակ, իսկ բնական քաղաքական գործընթացում դա ուղղակի անբնական թիվ է։ Ավելին, եթե չորս տարի հետո Փաշինյանի կուսակցությունը ստանա 70 տոկոս քվե համապետական և 80 տոկոս՝ Երևանի քաղաքային ընտրություններում, ապա դրանք կհամարվեն կեղծված, ինչպես կեղծված էին 2017-ի խորհրդարանական և նրան նախորդած բազմաթիվ համապետական ընտրություններ։

Փաշինյանի և նրա թիմի համար պատմական հնարավորություն է ստեղծվել այլևս թույլ չտալու, որ կեղծվեն ընտրությունները, ինչի ականատեը եղանք 1995-ին և դրանից հետո։

Այո, Լևոն Տեր-Պետրոսյանը չօգտվեց իր հնարավորությունից և հատկապես 1996-ին իշխանության մնաց կեղծված ընտրությունների արդյունքում՝ անարդար ճանապարհով։

Եթե Փաշինյանը և թիմը 2018-ի դեկտեմբերին ստացավ 70 տոկոս քվե, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը 1991-ի հոկտեմբերի 16-ի նախագահական, ընդ որում՝ մրցակցային ընտրություններում ստացել էր 83 տոկոս։ Կես տարի անց Հայաստանի քաղաքացիների մի ստվար հատված, այդ թվում առաջին հերթին նրան քվե տվածները, ատում և անիծում էին Լևոնին՝ նրան վերագրելով նաև մեղքեր, որոնց հետ առաջին նախագահը կապ չուներ։ Պետք է նաև ընդունել, որ Լևոնը նախագահ ընտրվեց մի ժամանակ, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը, փլուզվում էր տնտեսությունը, Հայաստանն ու Արցախը մտել-ներքաշվել էին արյունալի պատերազմի մեջ, որից դուրս եկան փառահեղ հաղթանակով, հանրապետությունում չկար լույս, չկար հաց․․․

Ես անգամ վախենում եմ պատկերացնել՝ կդիմանա՞ Հայաստանը և որքա՞ն կդիմանա նոր (Աստված մի արասցե) պատերազմում։ 1991-1994 թվականներին Հայաստանը դիմացավ, ճիշտ է՝ թանկ, չափազանց թանկ գնով՝ 6000 մարդու կյանք, ավերածություններն ու մյուս վերականգնվող բաները չհաշված։

Այսօր Հայաստանը որակապես տարվերվում է 1990-ական թվականների սկզբի Հայաստանից, և եթե Փաշինյանին հաջողվի ապահովել կայուն տնտեսական աճ, արդյունավետ կառավարում, մենաշնորհներից զերծ տնտեսություն, արմատախիլ արվի կոռուպցիան, ապա նրա և նրա թիմի վերընտրությունը, կրկին ազատ և արդար ընտրությունների ճանապարհով, ինչպես 2018-ի դեկտեմբերին, կլինի հավանական, շատ հավանական տարբերակ։

Իսկ եթե Փաշինյանն ու նրա թիմը ևս գնան Լևոնի և թիմի ճանապարհով՝ 100 տոկոս ձայն էլ ստանա ընդդիմությունը, իրենք են մնալու իշխանության, ապա 2018-ի Թավշյա հեղափոխությունը ամբողջովին կիմաստազրկվի և կմնա լոկ պատմական իրողություն՝ հայոց արդի պատմության մեջ։

Այս գրության մեջ մենք հատուկ կանգ չենք առնում երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակների ընտրություններին, քանի որ այդ ընտրությունները չէին արտահայտում Հայաստանի քաղաքացիների հավաքական կամքը։ Դրանք կեղծվում էին ամենաայլանդակ ձևերով։

Անշուշտ, պետք է առանձնացնել 1999-ի խորհրդարանական ընտրությունները, երբ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ձևավորեցին քաղաքական ամուր դաշինք և հաղթանակ տարան։ Այո, այդ ընտրություններն էլ անթերի չէին, օրինակ, ամբողջ շենքեր էին դուրս մնացել ընտրացուցակներից, բայց, լայն հաշվով, Սարգսյանն ու Դեմիրճյանը հույս էին բերել Հայաստանին։ Գուցե այդ հույսը չարդարանար, և մեկ-երկու տարի անց նրանք ենթարկվեին սուր քննադատության ու ատելության, բայց իրականությունն այն է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը սպանեց նաև Հայաստանի վաղվա հույսերը։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ