«Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը» գիրքը կհրատարակվի անգլերենով

917

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ առաջիկա շաբաթների ու ամիսների ընթացքում թարգմանելու և անգլերենով հրատարակելու է Եղիշէ Քաջունու  “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” խորագիրը կրող հատորը:

Այս գիրքը առաջին անգամ հայերենով տպագրվել է 1921-ին Բոստոնում՝ ԱԶԳ-ի տպարանում։ Կյանքի վերջին շրջանում՝ 1976-ին, Քաջունին վերահրատարակել է այն “Անդրանիկի եւ Հայկական Առանձին Հարուածող Զօրամասի հետ” խորագրով։ 2015-ին ԱՆԻ կենտրոնը կատարեց երրորդ հրատարակությունը՝ արևմտահայերենով և դասական ուղղագրությամբ՝ հիմք ընդունելով 1921-ի հրատարակությունը։

Զորավար Անդրանիկը իր մի քանի հազար զինվորների և մի քանի տասնյակ հազար արևմտահայ գաղթականության հետ մեկ տարվա ընթացքում անցավ Գյումրի (Ալեքսանդրապոլ)-Տաշիր (Վորոնցովկա)-Ստեփանավան (Ջալալ Օղլի)-Դսեղ-Դիլիջան-Սևան (Ելենովկա)-Գավառ (Նոր Բայազետ)-Մարտունի (Ղարանլուղ)-Վարդենյաց լեռներ (Սելիմ) -Եղեգնաձոր (Քեշիշքենդ)-Նախիջևան-Ջուղա (Ջուլֆա)-Խոյ-Ջուղա-Նախիջևան-Քաջարան-Կապան-Գորիս-Բերձոր (Աբդալլար)-Գորիս-Սիսիան-Արարարտ (Դավալու)-Մասիս-Էջմիածին ճանապարհը։

Դա տառապանքի, զրկանքների, հիասթափությունների, բայց նաև հավատի ու նվիրումի ճանապարհ էր։

Զենքերը հանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա հեռացավ Հայաստանից՝ նստելով Էջմիածին կայարանի գնացքը։

Անդրանիկը և իր զորքը կարևոր դեր կատարեցին Զանգեզուրը Հայաստանի մաս պահելու հարցում։ Բրիտանացիները, ովքեր մինչև 1919-ի վերջերը իշխում էին Անդրկովկասում, որոշել էին Զանգեզուր-Արցախը կցել Ադրբեջանին, փոխարենը Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը առաջարկում էին Նախիջևանն ու Կարսը։

Այս գիրքը՝ “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը”, պատմում է իրական Անդրանիկի մասին՝ առանց փառաբանման ու ֆետիշացման: Այս գրքում Անդրանիկը ներկայացվում է որպես պարզ մարդ, պարզ հայ, պարզ արևմտահայ։

Գիրքը անգլերենով հասանելի կլինի հունվարի վերջին:

ԱՆԻ կենտրոնի համակարգող և ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը հունվարի վերջին Միացյալ Նահանգների մոտ մեկ տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Լոս Անջելես, Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Նյու Ջերսի, կներկայացնի այս գրքի անգլերեն հրատարակությունը և «Հայերը և թուրքերը» գրքի երկրորդ անգլերեն հրատարակությունը:

ԱՆԻ կենտրոն