Նիկոլ Փաշինյանին քննադատող 10 հիմնական խմբերը

2364

Հայաստանում հեղափոխական կամ հետհեղափոխական ցնծություն այլևս չկա, սակայն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է մնալ բարձր: Հանրային հարցումների արդյունքներ մեր ձեռքի տակ չկան, սակայն հասարակական տրամադրությունները ցույց են տալիս, որ եթե վաղը Հայաստանում լինեն համապետական ընտրություններ, Փաշինյանը և նրա թիմը կհաղթեին, ճիշտ է՝ ոչ 80 տոկոս, ինչպես Երևանի և ոչ էլ՝ 70 տոկոս քվեով, ինչպես 2018-ի դեկտեմբերի ԱԺ ընտրություններում:

Ավելի հստակ են երևում այն ուժերն ու խմբերը, որոնք քննադատում են Փաշինյանի և նրա թիմի քաղաքականությունը: Եթե մեկ-մեկուկես տարի առաջ Փաշինյանին մեղադրում էին Արցախում հողերը ծախելու, ավանդական հայ ընտանիքը քայքայելու, Հայ առաքելական եկեղեցու հիմքերը խարխլելու, սեռական փոքրամասնություններին ասպարեզ տալու և այլ մեղքերի մեջ, ապա այսօր նոր մեղադրանքներ են մեջտեղ բերվել՝ Հայաստանը դառնում է ավտորիտար պետություն, 37-ն թիվն է եկել, ատելություն է քարոզվում, քաղաքական հետապնդումների են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր դեմ են դուրս գալիս վարչակարգին և այլն:

Ովքեր և ինչու են քննադատում Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնեմ տասը տարբեր շրջանակներ:

Առաջին, Փաշինյանին քննադատում են այն անհատներն ու խմբերը, որոնք կանգնած են Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքին: Այս շրջանակի կողմից քննադատությունները հասնում են ատելության: Թվում է՝ ատելությունը փոխադարձ է: Այս շրջանակը ընդգրկում է մի շարք լրատվամիջոցներ, կուսակցություններ, անհատ գործիչներ, փաստաբաններ: Արդյոք այս շրջանակը վճարվո՞ւմ է Քոչարյանի ընտանիքի կողմից, ինչպես գրվում է սոցիալական ցանցերում: Այսինքն, իշխանությունների քննադատության հարցում նրանց առաջ է մղում սկզբո՞ւնքը, թե՞ փողը: Հավանաբար՝ երկուսն էլ: Այս շրջանակը Փաշինյանի հանդեպ ամենից անհաշտն է, ինչը բացատրելի է՝ Քոչարյանը կալանավորված է: Եթե Քոչարյանը լիներ ազատության մեջ, ապա հակազդեցությունը ավելի թույլ կլիներ:

Երկրորդ, Փաշինյանին քննադատում են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին սատարող ուժերն ու խմբավորումները, առաջին հերթին ՀՀԿ-ն ու նրա երևելի ներկայացուցիչները: Ինքը՝ Սերժ Սարգսյանը չի երևում: Սա Սարգսյանին բնորոշ մարտավարություն է՝ լուռ մնալ, եթե պետք է՝ կուլ տալ անարգանքը, ձեռքերը տաքացնել ուրիշների վառած կրակի վրա: Ինչ-որ իմաստով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի միջոցով են նաև այս երկու խմբերը փորձում պայքարը շարունակել գործող իշխանությունների դեմ: Եվ այն պնդումները, թե Թովմասյանը Հայաստանի Սահմանադրությունն է պաշտպանում, չեն դիմանում քննադատություններին: Թովմասյանի գործը, այո՛, քաղաքական է, քանի որ ինքը մտել է քաղաքական պայքարի մեջ: Թովմասյանը Սահմանադրական դատարանի և Սահմանադրության հետ այսօր կապ չունի, քանի որ, օրենքի և օրինականության պաշտպանի քողի տակ, նա պաշտպանում է Քոչարյանին ու Սարգսյանին: Սահմանադրական դատարանը Քոչարյանի և Սարգսյանի վերջին բաստիոնն է: Կասկած չկա, որ Թովմասյանը գիտակցում է, թե պայքարի ինչ դաշտ է մտել և ինչով կարող է ավարտվել կռիվը, որի շահառուներն են առաջին հերթին Քոչարյանն ու Սարգսյանը:

Երրորդ, Սահմանդրական դատարանից բացի՝ պաշտոնական Ստեփանակերտն է, որ պայքարում է Փաշինյանի դեմ: Հենց Ստեփանակերտում է Սերժ Սարգսյանը հավաքում Արցախի գործող իշխանությունների և նախկինների մի հատվածին և դուխ տալիս՝ «մի քիչ էլ դիմացեք, ուր որ է Նիկոլին ու նրա խմբակին հեռացնելու ենք իշխանությունից»:

Չորրորդ, Հայաստանի ՀՅԴ-ն ու Սփյուռքի դաշնակցական շրջանակը Փաշինյանին քննադատում էր անգամ այն ժամանակ, երբ կուսակցությունը կոալիցիոն կամ համաձայնական կառավարության մաս էր կազմում 2018-ի մայիս-հոկտեմբեր շրջանում: Երբ ՀՅԴ-ն հեռացավ կամ հեռացվեց Փաշինյանի կառավարությունից, քննադատության տարափը դարձավ դաշնակցական լրատվամիջոցների և գործիչների առօրյայի մաս: ՀՅԴ-ի կեցվածքն այսօր ինչ-որ տեղ հիշեցնում է 1990-ականների սկիզբն ու կեսերը, երբ քննադատության թիրախում առաջին նախագահն էր: Ուշագրավ է, որ ՀՅԴ-ի համար Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, թեև երկուսին ճանաչողները պիտի ընդունեին, որ Նիկոլն ու Լևոնը բացարձակապես տարբեր մարդիկ են՝ տարբեր աշխարհայացքով, քաղաքական անցյալով, համոզմունքներով և հատկապես՝ գործելաոճով:

Հինգերորդ, Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին ու վերջինիս մեդիաշրջանակին կարելի էր տեղավորել երրորդ նախագահի խմբի մեջ: Իրականում, սակայն, Մինասյանն ու նրա շրջապատը գաղափարական և արժեքային իմաստով բավականին հեռու է պահպանողական մտածողությունից, ինչին [իբր] դավանում է ՀՀԿ-ն: Ինքը՝ Մինասյանը, քննադատելով Փաշինյանին, փորձում է ամեն կերպ իրեն սահմանազատել աներոջ՝ Սերժ Սարգսյանի իշխանությունից և այսօրվա նրա շրջանակից: Ուշադրություն դարձրե՛ք, որ Մինասյանն ու նրա մեդիա հարթակները Փաշինյանին քննադատելու ընթացքում պահում են կոռեկտության գրված և չգրված սահմանները, ինչը չես ասի մյուս չորսի դեպքում:

Վեցերորդ, Հայ առաքելական եկեղեցին, թեև ոչ բացահայտ, բայց պետք է դասենք Փաշինյանին քննադատողների շարքում: Հիմնական դժգոհությունը գալիս է այն ժամանակներից, երբ ընթանում էր Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը: Եկեղեցական մեր հայրերի մոտ այն համոզմունքը կար, որ այդ շարժումը, որի նպատակն էր գահընկեց անել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, խրախուսվում և լռելյայն արժանանում էր Նիկոլ Փաշինյանի հավանությանը: Փաշինյանի դեմ չերևացող պայքար են մղում տարբեր աստիճանի անհատ հոգևորականներ, այդ թվում՝ Արարատյան հայրապետական թեմից:

Յոթերորդ, այս շրջանակը ներառում է այն մարդկանց և խմբերին, որոնք Նիկոլ Փաշինյանին քննադատում էին նաև այն ժամանակ, երբ նա ընդդիմադիր խմբագիր էր, ընդդիմադիր պատգամավոր և նրան ու համազգային շարժումը քննադատում էին Թավշյա հեղափոխության օրերին: Այս խմբակն ու նրանում ներառված մարդիկ համակրանք և որոշակի կապեր ունեն ռուսական իշխանական և հետախուզական շրջանակների հետ:

Ութերորդ, Նիկոլ Փաշինյանին քննադատում են նախկին՝ Սերժ Սարգսյանի ժամանակները քննադատող մի շարք անհատներ ու խմբեր, որոնք Թավշյա հեղափոխության օրերին լիովին աջակցում էին համաժողովրդական շարժմանը: Նրանք ակնկալում էին պաշտոններ Փաշինյանի կառավարությունում, սակայն երբ դուրս մնացին կառավարման նոր համակարգին մաս կազմելուց, սկսեցին քննադատել Փաշինյանին:

Իններորդ, Փաշինյանին քննատադում է ևս մի շրջանակ, որը Սերժի իշխանության ժամանակ հարմարավետության՝ կոմֆորտի գոտիում էր և իրեն պատկերացնում էր այլընտրանք Սերժի իշխանությանը: Այս խումբը և նրանում գտնվող անհատները, որոնք ունեն լավ կրթություն և բարձր վճարվող աշխատանք, պատկերացնում էին իշխանափոխություն՝ իշխանության ներսից սկզբունքով: Ինչ-որ տեղ այս խմբի մեջ կարելի է դնել նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որն այդպես էլ չկարողացավ ըմբռնել, թե ինչ է կատարվում Հայաստանում և Հանրապետության հրապարակում 2018-ի ապրիլին:

Եվ վերջապես, տասներորդ խումբը նախագահ Արմեն Սարգսյանի շրջապատն է. քննադատության հարցում այս խումբը ամենից զգույշն է և հաշվենկատը: Եթե քննադատում է, ապա անուղղակի: Նրանք բացահայտ հայտարարություններ չեն անում Փաշինյանի հասցեին՝ հասկանալով, թե ինչ կարգավիճակ ունի նախագահ Սարգսյանը, ընդ որում թե՛ սահմանադրորեն, թե՛ իրական կյանքում:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ