Հրայր Թովմասյանի դեպքը կամ երբ պետության զավթմանը չես տալիս քաղաքական գնահատական

800

Սահմանադրական դատարանի նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանի շուրջ իրավիճակի մասին ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

– Պարոն Սաքունց, Հրայր Թովմասյանի գործի շուրջ երկու կարծիք կա։ Առաջինը, որ սա քաղաքական գործընթաց է, ակնհայտ քաղաքական հետապնդում է Սահմանադրական  դատարանի նախագահի նկատմամբ, և երկրորդ, որ սա իրավական գործընթաց է։

– Այն իրավիճակը, որը ստեղծվել է Սահմանադրական դատարանի և, ընդհանրապես, դատական իշխանության շուրջ, պայմանավորված է իշխանության կողմից ոչ համարժեք գործողություններով, որոնք պետք է ուղղված լինեին դատական, նաև դատաիրավական համակարգում արմատական, համակարգային և կտրուկ փոփոխություններ կատարելուն։

Ըստ էության, ամբողջ դատական իշխանությունը՝ թե՛ Սահմանդրական, թե՛ ամբողջ դատական իշխանությունը, մնացել է կամ ձևավորված է արդեն իսկ Թավշյա հեղափոխությամբ հեռացված ավտորիտար կառավարողների կողմից։ Սա ելակետային դրույթ է, առանց որի արձանագրման գնահատական տալը կլինի ոչ հիմնավոր և ոչ էլ բովանդակային։ Այն, ինչ ի սկզբանե պետք է արվեր, որի  մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք, ցավոք, մինչ այժմ չի արվել։ Պետք է տրվեր քաղաքական գնահատական պետության զավթման մասին։ Պետության զավթումը կառավարող մի խմբի կողմից ոչ թե տեսական կամ փիլիսոփայական հասկացություն է կամ վերացական, այլ կոնկրետ բովանդակություն, որի միջոցով պետք է ցույց տրվեր պետության զավթման բուն քայլերը, գործիքները, մեխանիզմները և այն միջոցները, որոնց միջոցով պետությունը զավթվել է։

Պետության զավթման կարևորագույն ինստիտուտ է եղել դատական համակարգը, դատական իշխանությունը։ Սա այնքան պարզ ճշմարտություն է, որ մեր աչքի առջև է եղել և բառացիորեն մի քանի տարի առաջ։  Կառավարող այդ խումբը պետության զավթումը իրականացնում էր ոչ միայն քաղաքական որոշումներով, իրավական օրենքներով, այլև դատական իշխանության միջոցով իր շահերին համապատասխան դատական ակտերի ընդունման ձևով։ Այդ ամենը կատարողները եղել են այսօրվա դատական իշխանությունում գտնվողները՝ թե՛ Սահմանադրական դատարանում և թե՛ բոլոր ատյանի դատարաններում։

Կարող է հարց առաջանալ՝ բոլորի մասի՞ն է խոսքը: Իհարկե, եթե տեղի է ունեցել մարդասպանություն կամ գողություն, նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ մարդու նկատմամբ նման բնույթի հանցագործությունների համար կարող էր լինել օբյեկտիվ դատավարություն, բայց մենք գիտենք, որ դատական իշխանությունը ընտրողական էր մոտենում և օրենքը չէր կիրառում յուրայինների նկատմամբ։ Դատական իշխանությունը օրենքը կիառում էր քաղաքական ընդդիմադիրների, քաղաքական ակտիվիստների կամ իր սեփական շահերի համար։ Պետության զավթմանը քաղաքական գնահատական տալը մեկնակետը պետք է լիներ պետության զավթմանը մասնակցած դատավորներից դատական իշխանությունն ազատելու, դատական իշխանության գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կտրուկ փոխելու։ Քաղաքական այս գնահատականը չտալու հետևանքով նոր իշխանությունը, երբ փորձում է իրականացնել իր գործառույթները, անխուսափելիորեն առերեսվում է պետության զավթումը իրականացրած խմբի կողմից ձևավորված ինստիտուտի դիմադրությանը, ինչի ականատեսն ենք մենք։ Հիմա՝ այս պայմաններում, երբ չկա պետության զավթման մասին քաղաքական գնահատականը, դա համակարգային գնահատական է, որից տրամաբանորեն պետք է բխեին համակարգային լուծումները: Առանձին կոնկրետ դեպքերում անհատական լուծումների տարբերակը թողնում է հետապնդման տպավորություն:

– Նկատի ունեք Հրայր Թովմասյանի՞ դեպքը:

– Ինչո՞ւ միայն Հրայր Թովմասյանի։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ Հրայր Թովմասյանի դեպքի վրա են կենտրոնացել: Իսկ ինչո՞ւ Վանեցյանի հեռացումը չեն համարում քաղաքական հետապնդում, ինչո՞ւ Օսիպյանինը չեն համարում քաղաքական հետապնդում, Մանվել Գրիգորյանինը․․․ ինչո՞ւ չեն համարում։ Համակարգային լուծումներ չտալուց օգտվում են պետություն զավթածները, որպեսզի պաշտպանվեն։ Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանն իր այս կազմով չի կարող գտնվել սահմանադրականության տիրույթում։ Եվ օգտվելով ֆորմալ, օրենքով սահմանված ձևական անձեռնմխելության հնարավորությունից, դրսևորում է իրեն պետություն զավթածների նկատմամբ քրեական հետապնդումներից զերծ պահելու գործառույթը։ Սահմանադրական դատարանը, երբ որոշում չի կայացնում, այլ դիմում է, ասենք, Վենետիկի հանձնաժողովին կամ Եվրոպական դատարանին՝ կարծիք ստանալու համար, թվում է՝ ինքն իր գործառույթներից,  պատասխանատվությունից հրաժարվելու համար է անում, բայց իրականում գործընթացը դանդաղեցնելու տրամաբանությամբ է գործում։ Քանի որ համակարգային գնահատական չկա, ապա որևէ միջազգային ատյան գուցեև ոչ համարժեք գնահատի քրեական հետապնդումները։

– Հրայր Թովմասյանը սահմանադրություններ է «կարել» Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի համար։ Մյուս կողմից, մենք ունենք իրավիճակ, երբ նա մեղադրվում է կամ նրա ընտանիքի անդամները ենթարկվում են հետապնդման, և դա թողնում է տպավորություն, որ իրական հանցագոևծությունները թողած,- նկատի ունեմ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի համար սահմանադրություններ գրելը,- ընկել են մանր բաների հետևից։

– Պետք է վերադառնամ պետության զավթման ելակետին, որովհետև նման բնույթի հարցերը գոյություն ունենալ չէին կարող, եթե պետության զավթմանը քաղաքական գնահատականը տրված լիներ Ազգային ժողովի կողմից՝ օրենքի կամ որոշման ձևով, որովհետև դա այն մեկնակետն է, որ տարիներ շարունակ՝ անկախ պաշտոնից, ներգրավված են եղել համակարգային կոռուպցիայի մեջ։ Մեր աչքի առաջ է եղել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նրանց հարազատները, պաշտոնը ստանալուց որոշ ժամանակ հետո հետո հայտարարագրերով սկսում են ունենալ անհամեմատ ավելի գույք՝ իրենց պաշտոնական եկամուտների համեմատ։ Եթե գնահատականը լիներ, ապա, բնականաբար, նման հարցեր օրակարգում չէին լինի։ Երկրորդ, կոռուպցիոն եկամուտները, որոնք տեղաբաշխվել են, իրացվել կամ ձևակերպվել միայն հարազատների անուններով։ Այլ հարց է, որ ինչու չէին ավելի վաղ այդ քրեական գործերը հարուցվում: Եթե համակարգային այդ լուծումը լիներ, արդեն շերտ առ շերտ պետք է իջնեին ներքև։ Եթե այդպես չեն անում, առիթավորվում են, երբ անհատական են մոտենում, սկսում են կառուցել ակնհայտ կեղծ թեզը, որ իբր քաղաքական հետապնդում է։ Կոռուպցիոն ցանկացած փաստով քրեական հետապնդումը քաղաքական հետապնդում համարելն օրինականացնում է կոռուպցիոն հանցագործությունը։

– Պարոն Սաքունց, շատերի մոտ կա համոզում, որ Հրայր Թովմասյանն այսօրվա վիճակում է, քանի որ դուրս է եկել գործող համակարգի դեմ, աջակցում է նախկին իշխանություններին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին՝ Մարտի 1-ի գործում, ու որ եթե հլու հնազանդ ենթարկվեր Նիկոլ Փաշինյանի կամքին, ապա այսօր այս վիճակում չէր լինի։

– Համաձայն եմ այն տեսակետի հետ, որ եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր, հնարավոր է, որ նրա նկատմամբ քրեական գործ չհարուցվեր: Բայց մյուս հարցը կա՝ իսկ եթե բոլորը ենթարկվեին, արդյոք դա կբավարարե՞ր մեզ, մեր հանրությանը։ Չէ՞ որ մենք հարց էինք բարձրացնում՝ քրեական օլիգարխիա կա, թե ոչ։ Մենք ասում էինք, եթե քրեական չկա, բայց օլիգարխիա կա, որոնք կատարել են քրեորեն հետապնդելի արարքներ։ Այսինքն, ենթարկվածությունը խնդրի լուծում չի։ Օրվա իշխանությունների կողմից եթե հրահանգ լիներ, Սահմանադրական դատարանի դատավորները իրենց այնպես չէին պահի, ինչպես պահում են: Հրահանգ տվողի մեխանիզմն այն էր, որ ժամանակին պետություն զավթողները իրականացնում էին։ Խաղի այդ կանոնները չկան այլևս։

Կամ՝ եթե Հրայր Թովմասյանը հնազանդվի, արդյոք կհամարվի՞, որ նա պետության զավթմանը չի մասնակցել, կոռուպցիային չի մասնակցել։ Այդ դեպքում հեղափոխությունը կդառնար բովանդակազուրկ։

Համակարգային մոտեցման բացակայության պայմաններում, հատային՝ անհատական մոտեցումները, իհարկե, խոցելի են, բայց դրանք ամենևին քաղաքական նպատակ չեն հետապնդում, որովհետև մարդկանց նկատմամբ քրեական գործերը հարուցվում են արածների համար, չարածների համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում:

ՍիվիլՆեթ