Լույս ու խավար․ վարկաբեկում և նվաստացնում են Թավշյա հեղափոխությունը, այն է՝ Հայաստանն ու նրա քաղաքացուն

1342

1988 թվականի հոկտեմբերի 1-ին սփյուռքում գործող հայկական երեք ավանդական կուսակցությունները՝ Հնչակյան, Դաշնակցություն և Ռամկավար, համատեղ հայտարարություն տարածեցին՝ քննադատության ենթարկելով Հայոց համազգային շարժումն ու նրա առաջնորդներին։ Նույն տեքստում անուղղակի հորդոր էր հնչում՝ դուրս չգալ Խորհրդային Միության դեմ։

Այս երեք կուսակցությունները, որոնցից յուրաքանչյուրն իր չափով անուրանալի ներդրում էր ունեցել և այսօր էլ ունի սփյուռքում հայապահպանության, Խորհրդային Հայաստանին, այսօրվա Հայաստանին ու Արցախին ձեռք մեկնելու գործում, միմյանց հետ ունեին խորը, երբեմն թշնամության ու մարդասպանության հասնող հակասություններ (ավանդական կուսակցությունների միջև տեղի ունեցած սպանությունները շարունակում են տաբու մնալ)։

Ապշեցնող էր՝ հենց Հայոց համազգային շարժումը և Մոսկվային հակադրվելը քննադատե՞լը պետք է դառնար ավանդական կուսակցությունների հոկտեմբերի 1-ի նախադեպը չունեցող միասնության ակտի հիմքը։ Սրան հետևեցին այդ կուսակցությունների առաջնորդների սթափության կոչերը, այն է՝ զգո՜ւյշ, երբ խոսում եք ԽՍՀՄ-ից անջատվելու մասին, Ախուրյանից ու Արաքսից այն կողմ թուրքերն են, Մոսկվան չլինի, խորհրդային զորքերը չլինեն, թուրքերը կներխուժեն Հայաստան, այո՛, անկախությունը մեր երազն է, բայց դեռ ժամանակը չէ։

Այս նույն ուժերը, բայց նաև հայ կոմունիստները, Հայաստանի ռուսախոս ինտելիգենցիան, մինչև 1990-ականների կեսերը վերապահություններ ունեին ԽՍՀՄ-ից անջատվելու և անկախ պետություն ունենալու հարցում։

Ամիսներ անց, երբ ԽՍՀՄ-ի փլուզումը դարձավ անշրջելի, վերոնշյալ ուժերը, բացառությամբ թերևս կոմունիստական նոմենկլատուրայի, ոչ միայն դեմ չէին Հայաստանի անկախությանը, այլև իրենք դարձան առաջամարտիկներ, լծվեցին պետականակերտման գործին, ամբողջ ուժերով նվիրվեցին Արցախյան ազատամարտին։ Ու նաև դրա շնորհիվ էր, որ հարյուրամյակներ անց մենք ունեցանք պետականություն ու հողահավաք, թեև, իմ համոզմամբ, պատերազմում նախ և առաջ հաղթում է պետությունը, պատերազմում նախ և առաջ պարտվում է պետությունը։

30 տարի անց՝ 2018-ի ապրիլին, երբ Հայաստանի գրեթե ամեն սիրտ, ամեն տուն, ամեն փողոց, ամեն գյուղ, ամեն քաղաք վարակվեց Թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ, Հայաստանում, Արցախում և սփյուռքում եղան ուժեր, որոնք կասկածի տակ դրեցին հեղափոխությունը, ապա, շունչ առնելուց հետո սկսեցին վարկաբեկել և նվաստացնել այն՝ դրա համար ներդնելով հսկայական ֆինանսական միջոցներ։

Իմ այս գրությունը Նիկոլ Փաշինյանի մասին չէ։

Իմ այս գրությունը Հայաստանի գրեթե ամեն սրտում, ամեն տան, ամեն փողոցում, ամեն գյուղում, ամեն քաղաքում տեղի ունեցած հավաքական հրաշքի մասին է, որ լույս էր, նաև՝ հույս, Հայաստանի ապագայի ճանապարհին։

Ես չգիտեմ՝ 10-20 տարի անց որտեղ է լինելու Հայաստանը, ինչպես 1988-ի հոկտեմբերի 1-ին չգիտեի, թե ուր է գնում։ Բայց ինչպես 1988-ին Հայաստանի փողոց դուրս եկած ժողովուրդը, այնպես էլ 2018-ին քայլ անող և Սերժին մերժող ժողովուրդը խորը, անպարտելի հավատ ուներ։

Եթե 1988-ի հոկտեմբերի 1-ին սփյուռքյան կուսակցությունները միակամ էին ու միասնական, ապա այսօր այդպես չէ։ Դաշնակցությունը, ավելի ճիշտ՝ կուսակցության ղեկավարությունը և հատկապես այն գործիչներրը, որոնք Սերժի ժամանակ հանգիստ, կոալիցիոն կյանքով էին ապրում, լծված է Նիկոլ Փաշինյանին և Թավշյա հեղափոխությունը նսեմացնելու, կասկածի տակ դնելու, երբեմն՝ նվաստացնելու գործին։

Ռամկավարների կեցվածքը պառակտված է, ճիշտ այնպես, ինչպես կուսակցությունն է պառակտված։ Ռամկավարական մամուլը կարդալով՝ տպավորություն եմ ստանում, որ Սերժի ժամանակ լավ էր, հիմա՝ վատ։ Ռամկավարների շրջանում և ոչ միայն, տարածված է սորոսականների թեման, այն է՝ կյանքի մայրամուտին մոտեցած ծագումով հրեա այդ ամերիկացին զօր ու գիշեր հայ ազգն է պառակտում, քայքայում Հայաստանի հիմքերը։

Հնչակյանները գրեթե 100 տոկոսով Թավշյա հեղափոխության ու Հայաստանի գործող իշխանությունների կողքին են։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունը վարկաբեկելու գործում ֆինանսական հսկայական միջոցներ են ծախսում Սերժ Սարգսյանի՝ երբեմնի ամենազոր փեսան Միքայել Մինասյանն իր մեդիա և այլ շրջանակով, Ռոբերտ Քոչարյանն իր շրջանակով և Արցախի գործող իշխանությունները, ինչպես նաև դատաիրավական համակարգի մի մասը և ուղն ու ծուծով ռուսամետները։

Միայն ժամանակը ցույց կտա, թե որն էր լույսը և որը՝ խավարը։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ