Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ. Փաշինյանի պատասխանը Ալիևին

1635

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև բանավեճ է ծավալվել Գարեգին Նժդեհի թեմայով։ Աշխաբադում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում Իլհամ Ալիևը Նժդեհին անվանել է նացիստների աջակից, որին հերոսացրել է Հայաստանի նախկին իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Ալիևին և հիշեցրել, որ Նժդեհը պայքարել է թուրքական շրջափակման դեմ։ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ստորև․ 

«Հարգելի նախագահ,
Պետությունների և պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք,

Ես կցանկանայի իմ ելույթն սկսել՝ երախտագիտության խոսքեր հայտնելով հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիևիին և մեր բոլոր թուրքմեն գործընկերներին մեր նիստի գերազանց կազմակերպման և այն ջերմության ու ոգևորության համար, որով մեզ դիմավորեցին թուրքմենական հյուրընկալ հողում: Չեմ կարող չնշել, որ չափազանց տպավորված եմ Աշխաբադով, ի դեպ, ես առաջին անգամ եմ այս քաղաքում, նրա հոյակապ ճարտարապետությամբ և ժամանակակից տեսքով:

Կցանկանայի նաև երախտագիտություն հայտնել Անկախ Պետությունների Համագործակցությունում նախագահության շրջանակում Թուրքմենստանի կատարած աշխատանքի համար՝ ուղղված ԱՊՀ հետագա զարգացմանը: Ձեր արդյունավետ աշխատանքն արտացոլվել է մեր համագործակցության օրակարգում ընդգրկված հարցերի շարքում:

Այսօրվա քննարկմանը ներկայացված հարցերի կապակցությամբ կցանկանայի նշել հետևյալը՝ մենք ողջունում ենք Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը և աջակցում ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ԱՊՀ երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը և ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը: Փաստաթուղթը սահմանում է համագործակցության ռազմավարական նպատակները, որոնց իրականացման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է հետևողական և համակարգված աշխատանք՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով:

Մենք աջակցում ենք Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիայի ստորագրմանը: Կարծում եմ, որ Կոնվենցիան կօգնի, մասնավորապես, զարգացնել մեր համագործակցությունը կատարված հանցագործությունների համար ազատազրկման այլընտրանքային միջոցների կիրառումն ընդլայնելու ուղղությամբ:

Մեր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շարքում կցանկանայի առանձնացնել Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ընդունված համատեղ ուղերձը՝ ուղղված մեր երկրների ժողովուրդներին և միջազգային հանրությանը: Կարևոր ենք համարում ինչպես մեր երկրներում, այնպես էլ արտասահմանում ապրող ժամանակակից երիտասարդներին ակտիվ իրազեկումն այն վճռորոշ դերի մասին, որ մեր ժողովուրդներն ունեցել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում:

Տարբեր գնահատականներով, այդ պատերազմում զոհվել են հայկական ծագում ունեցող մինչև 300 000 տղամարդ և կին: Մեր ժողովրդի ներկայացուցիչները ոչ միայն պայքարել են խորհրդային բանակի շարքերում, այլև ակտիվ մասնակցություն են ունեցել ֆաշիստների կողմից գրավյալ երկրներում գործող դիմադրության շարժմանը: Իմիջիայլոց, ֆրանսիական դիմադրության շարժման ղեկավարներից մեկը՝ Միսաք Մանուշյանը, հայ է եղել։

Մենք աջակցում ենք այդ տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը միտված ցանկացած կառուցողական քայլի և դեմ ենք դրանց սուբյեկտիվ մեկնաբանության փորձերին։

Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպես ե՞ս եմ ավերել։ Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ։

Եվ ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել՝ իսկապես շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը։ Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, և ի՞նչ, բոլոր նրանց, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել։

Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը։

Ցանկանում եմ նշել, որ Հայաստանում նույնպես, մեր կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում պատերազմի վետերաններին. ընդամենը մի քանի ամիս առաջ մենք կրկնապատկել ենք Հայրենական Մեծ պատերազմի բոլոր վետերաններին տրվող սոցիալական նպաստները։ Կարծում եմ, որ դա իսկապես շատ կարևոր որոշում է։

Մեր կողմից այսօր ստորագրվելիք Հռչակագրից կցանկանայի, մասնավորապես, առանձնացնել այն հատվածները, որոնք ընդգծում են համատեղ ջանքերի անհրաժեշտությունը միջազգային լայն երկխոսության վերականգման ուղղությամբ՝ միտված միջազգային անվտանգության ամրապնդմանը և ընդդեմ բաժանարար գծերի, անվստահության, լարվածության և առճակատման ձևավորմանը նպաստող գործողություններին։ Եվ կարծում եմ, որ նաև այսպիսի գագաթնաժողովներում մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդների, մեր երկրների միջև լարվածությունը ոչ թե աճի, այլ, հակառակը, մենք կարողանանք գտնել երկխոսության, փոխադարձ զիջման, փոխադարձ վստահության և փոխադարձ հարգանքի ուղիներ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից են հայ ժողովրդի համար։ Եվ կարծում եմ, որ դա անհարգալից է նաև երկրների ղեկավարների նկատմամբ և այն ժողովուրդների նկատմամբ, որոնց նրանք այստեղ ներկայացնում են։

Եզրափակելով ելույթս՝ հարգելի գործընկերներ, կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Թուրքմենստանի ղեկավարությանը հաջող նախագահության համար և հույս հայտնել, որ ԱՊՀ շրջանակում բազմակողմանի համագործակցության կատարելագործմանն ու ամրապնդմանը միտված համատեղ ջանքերը շարունակական կլինեն:

Ցանկանում եմ նաև վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ 2020 թվականին ԱՊՀ-ում նախագահության շրջանակում մեր ուզբեկ գործընկերներին հնարավորինս աջակցելու առնչությամբ։

Շնորհակալություն ուշադրության համար»։