Արտագաղթի լուսավոր երեսը. Սարգիս Ադամյան և Խորեն Բայրամյան

1209

Հայաստանի անկախությունից ի վեր ավելի քան 1 միլիոն հայաստանցիներ բռնել են պանդխտության ճամփան, քանի որ հայրենիքում ապագա չկար, լույս չկար, ցուրտ էր, դրամ չկար, փոխարենը կար ընտանիք մտնող պատերազմ, անհուսություն ու անարդարություն:

Բայրամյանների ընտանիքը Տավուշի մարզի սահմանային Կոթի գյուղից Ռուսաստան արտագաղթեց հենց պատերազմի տարիներին: Ադամյանների ընտանիքը Երևանի Կոմիտաս թաղամասից Գերմանիա հեռացավ պատերազմի ավարտից չորս տարի անց:

Անցնող շաբաթ օրը Սարգիս Ադամյանը գերմանական ու համաշխարհային մարզական լրատվամիջոցների կիզակետում էր: Գերմանական «Հոֆենհայմ» ֆուտբոլայի  ակումբի հարձակվողը Մյունխենում երկու անգամ գրավեց աշխարհի գրանդ ակումբներից մեկի՝ «Բավարիայի» և աշխարհի լավագույն դարպասապահներից Մանուել Նոյերի դարպասը:

Սրանք Ադամյանի առաջին գոլերն էին Բունդեսլիգայում:

«Դեռ չեմ հավատում կատարվածին: Մարզիչն ինձ այսօր հնարավորություն էր տվել, և ես ուրախ եմ, որ առաջին րոպեներից մասնակցում էի այս հիանալի մարզադաշտում տեղի ունեցող խաղին: Ես պետք է արդարացնեի սպասելիքները և կարծում եմ, որ ինձ մոտ ստացվեց անել դա»,- ասել է Ադամյանը:

2013-ին, երբ 20-ամյա Սարգիսը առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, նա խաղում էր Գերմանիայի հինգերորդ լիգայում: Երկու տարի առաջ Ադամյանը խաղում էր Գերմանիայի երրորդ լիգայում: Առաջին անգամ նա Բունդեսլիգայում խաղաց այս տարի, երբ երկրորդ լիգայի թիմից հրավիրվեց «Հոֆենհայմ»: Այս ակումբը Ադամյանի համար վճարեց 1,5 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը:

Ադամյանը առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց սեպտեմբերի վերջերին «Վոլֆսբուրգի» հետ խաղում: Եվս մեկ անգամ նա փոխարինման դուրս եկավ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում: Երրորդը «Բավարիան» էր: Սա առաջին խաղն էր, որ Ադամյանը մեկնարկային կազմում էր:

Այս պահին Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը՝ ֆուտբոլիստի գինը, 3 միլիոն եվրո է: Նա հայ ամենաթանկ երկրորդ ֆուտբոլիստն է «Ռոմայի» Հենրիխ Մխիթարյանից հետո, որի տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է:

Երեկ, կիրակի, ռուսական «Ռոստով» ակումբը Մոսկվայում 3-1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին: Երկու գոլի հեղինակ դարձավ Խորեն Բայրամյանը: Այս հաղթանակի շնորհիվ «Ռոստովը» միավորներով հավասարվեց «Լոկոմոտիվին»:

Խորեն Բայրամյանը ֆուտբոլով զբաղվել սկսել է Ռոստովի մարզային Օլիմպիական ռեզերվի ուսումնարանում, որի ավարտից հետո խաղացել է Դոնի Ռոստովի «Ռոստով» թիմի երիտասարդական կազմում: Խաղացել է մինչև 21 տարեկանների Ռուսաստանի հավաքականում, Ռուսաստանի քաղաքացի է: Միակ պատճառը ՌԴ քաղաքացիություն է, որ նա չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական:

Բայրամյանը «Ռոստով» ակումբի հիմնական կազմի խաղացող է: Այս տարի նա խփել է 4 գնդակ:

Այս պահին նրա տրանսֆերային արժեքը 1,8 միլիոն եվրո է: Թիմի հետ նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսը:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ