Վանո Սիրադեղյան. Ահա թե ինչի է ընդունակ հոգեգարների խումբը՝ 1996-ի սեպտեմբերի 26-ի ելույթը

4506

Վանո Սիրադեղյանը 1996-ին Հայաստանի ներքին գործերի նախարարն էր և լուրջ դերակատարություն ունեցավ նախագահական ընտրություններում: Ներկայացնում ենք նրա՝ սեպտեմբերի 26-ի կեսգիշերային ելույթի սղագրությունը: Նրանից բացի և նրանից առաջ ելույթ էին ունեցել Տեր-Պետրոսյանին հավատարիմ մյուս երկու ուժայինները՝ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը: 

Ես ուզում եմ ավելացնել, որ փորձ եղավ երկրորդ գրոհը ձեռնարկելու, այս անգամ՝ նախագահի շենքի վրա, և միայն հզոր կրակահերթերը օդ ետ մղեցին ամբոխին: Այնպես որ, նրանք չեն բավարարվել միայն Ազգային ժողովի շենքը գրավելով: Եվ ես ուզում եմ հիշեցնել. դուք տեսաք կադրերը, որ ԱԺ շենք են մտել միայն մի քանի հարյուր մարդ: Ցուցարարները թեեւ բորբոքված, բողոքով, այնուամենայնիվ մեծ մասը խաղաղ ցուցարարներ էին և, բնականաբար չգնացին հանցագործության, շենքեր ջարդելու, ինչպես մի քանի հարյուրը իրենց առաջնորդող բախտախնդիրների նման: Ամբողջ նենգությունը կայանում է նաև նրանում, որ այսօր Դավիթ Վարդանյանն իր անունից իշխանություններին տեղեկացրել էր, որ ոչ միայն չեն պատրաստվում բռնության դիմել, այլև կկանխեն ուրիշներին, եթե այդպիսի փորձ արվի:

Հասկանալի է, որ մենք առաջին հերթին գրոհը սպասում էինք նախագահի շենքի, ռադիոյի, հեռուստատեսության շենքերի, և բնակաբար, Ազգային ժողովի պատգամավորների և նախագահի թեկնածուներից չէի սպասում պառլամենտի վրա գրոհը: Սա անսպասելի բան էր, մենք այստեղ մեղք ունենք, որ չէինք սպասում: Այդպիսի արկածախնդրություն, որը վերջ է դնում այս բոլոր կազմակեպիչների քաղաքական կարիերային, նրանք որպես քաղաքական գործիչ մեկընդմիշտ դիակ դարձան: Բնակաբար, մարդկային ուղեղը չէր կարող պատկերացնել այդպիսի քայլ: Եւ դուք տեսաք, թե ինչպես, առանց հրազենի, ազգային անվտանգության և ոստիկանության ուժերը ինչպես էին դիմադրում և ինչպես ծեծվեցին, փաստորեն, այդ մի քանի հարյուր դագանակներով զինված ամբոխի առաջ:

Ես նաև ավելացնեմ, որ կարծում ենք շատ երկար ժամանակ թույլ տվեցինք օրինախախտումներ, չթույլատրված միտինգներ, երթեր, վաղվանից դա չի լինելու: Հիշեցնեմ, որ այսօր արդեն ձերբակալվել են երեք հոգի կազմակերպիչներից: Եվ կձերբակալվեն բոլոր ղեկավարները, հրահրողները: Բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են այդ ջարդը և ծեծը: Եվ դուք հեռուստատեսությամբ կտեսնեք, թե ինչի են ընդունակ հոգեգարների մի խումբ, որոնք իրենց  քաղաքական գործչի տեղ են դնում, և քաղաքացիների մի տոկոս էլ նրանց քաղաքական գործչի տեղ են դնում: