Հանգուցյալ Ռաֆայել Ղազարյանը եղել է ՂԱՐԱԲԱՂ կոմիտեի անդամ, 1989-ի հունվարին ձերբակալվել և մինչև հունիս պահվել է Մոսկվայի Բուտիրյան բանտում։ 1990 թ. փետրվար-հուլիսին եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի փոխնախագահ, 1990-1995 թթ.՝ ՀՀ ԳԽ կրթության, գիտության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ:1991-ին մասնակցել է նախագահական ընտրություններին, տարիներ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը: Ղազարյանը մահացել է 2007-ի նոյեմբերին:
ԱՆԻ կենտրոն
—-
ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ ԳԻՏԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ, ՀՀ ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ
ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ
Այն, ինչ կատարվում է հանրապետությունում սեպտեմբերի 23-ից հետո, ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական հեղաշրջում` ընդդեմ օրինաբար ընտրված նախագահ Վազգեն Մանուկյանի: ԵՎ դա իշխող հանցախմբի կողմից իրագործվում է խունտա-ֆաշիստական եղանակներով` կամակատարների եւ քրեական տարրերի ներգրավմամբ: Իրոք, ինչպես Մանուկյանի ընտրական շտաբը, այնպես էլ իշխանությունները իրենց տրամադրության տակ ունեն բավականաչափ տեղեկություն (առաջինը քվեարկության իրական պատկերի, երկրորդը` իրականացված կեղծիքների չափի վերաբերյալ), որպեսզի ճանաչեն Մանուկյանի հաղթանակը:
Սեպտեմբերի 23-ից հետո ստեղծված եւ հետզհետե սաստկացող լարվածությունը սադրել են իշխանությունները` համառորեն մերժելով մի քանի պատահաբար ընտրված քվեատուփերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ ստուգումների անցկացման բնական պահանջը: Դա է՛լ ավելի համոզեց ժողովրդին, որ այնտեղ ամեն ինչ չէ, որ մաքուր է: Չինովնիկական եւ ուժային կառուցներում արմատավորված կամայականությունների եւ համատարած կաշառակերության պատճառով կուտակված դժգոհությունը արտահայտվեց բուռն կերպով: Պակաս գրգռիչ չէր նաեւ այն հանգամանքը, որ ինչպես միջազգային հասարակության, այնպես էլ նախագահին հնազանդ տեղական իրավական կառույցների կողմից այդպես էլ վճռականապես չդատապարտվեց ժողովրդի իրավունքներին եւ արժանապատվությանը հասցրած այն անարգանքը, որը նախորդ տարի իշխանությունների կողմից կազմակերպվել էր Ազգային ժողովի կեղտոտ ընտրարշավի եւ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ: Հայտնի չէ, թե ինչն էր գերակշռում այն օրերին, սպառնալիքնե՞րը, շանտա՞ժը, կաշա՞ռքը, թե՞ ուղղակի մեքենայությունները:
Անհեթեթ է իշխանությունների պնդումը ընդդիմության նախաձեռնած պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ: Հինավուրց, որքան եւ հեղաշրջումների պատմությունը, ճշմարտության համաձայն, բռնազավթիչներն առաջին հերթին, գրավում են ռադիո-հեռուստակենտրոնները եւ կառավարությունը, բայց բողոքագրերը ձեռքներին չեն գլխավորում կիսով չափ տարեց մարդկանցից բաղկացած երթը դեպի ԿԸՀ:
Անկեղծ ափսոսանքով հայտնելով սեպտեմբերի 25-ին ԱԺ շենքում տեղի ունեցած տհաճ միջադեպի կապակցությամբ` չեմ կարող տարակուսանք չհայտնել մի փաստի առթիվ: Ժամանակակից ռազմական տեխնիկայի ներգրավմմամբ քիչ թե շատ կարեւոր օբյեկտների զգոն պահպանությունը կազմակերպելով հանդերձ, գործնականորեն չէր պահպանվում հատկապես ԱԺ շենքը, ուր աշխատում էր ԿԸՀ-ն: Ակամա տպավորություն է ստեղծվում, որ նախագահը եւ ուժային ղեկավարները գիտակցաբար դավել էին իրենց գործընկերներին, որպեսզի ձեռնարկեն մեծ մասամբ միջադեպի հետ առնչություն չունեցող մարդկանց որսը եւ ծեծով ուղեկցվող ձերբակալություները, եւ դա ընդդիմությանը մեկընդմիշտ վերջ տալու նպատակով:
Դժվար է պատկերացնել մի քաղաքակիրթ երկիր, ուր պաշտպանության նախարարն անձամբ, զենքը ձեռքին հետապնդեր անզեն ամբոխին:
Էթիկայի տեսանկյունից առնվազն անընդունելի էր ընտրությունների հաջորդ գիշերը նախագահի կողմից իր վերընտրության մասին հայտարարությունը, երբ դեռեւս չէր ավարտվել ԿԸՀ աշխատանքը: Եվ նա իր շնորհակալությունն էր հայտնում ոչ թե ժողովրդին, այլ իր թիմին:
Զայրույթ ու զզվանք է առաջացնում սեպտեմբերի 26-ին Աժ-ում խաղարկված պատգամավորներին ծեծելու սցենարը, երբ վերջինների ձեռքերը ոլորում էին` չթողնելով, որ սեղմեն քվեարկության կոճակները: Անազնիվ ճանապարհով ընտրված ԱԺ-ն համայն աշխարհին ցույց տվեց իր դեմքը:
Սեպտեմբերի 26-ից հետո սկսվեց բռնապետական տեռորը` ընդդիմության եւ բնակչության ահաբեկման, նվազագույն բողոքի ցույցերը վերջնականորեն ճնշելու նպատակով: Կալանավորվում են ոչ միայն ընդդիմադիր կազմակերպությունների անդամները, այլեւ Մանուկյանին համակրող ուսանողներն ու քաղաքացիները մայրաքաղաքում եւ շրջաններում: Մատնագրերի օգնությամբ բացահայտվում են բանակի այն սպաները, որոնք համարձակվել են չհնազանդվել պաշտպանության նախարարի հրամանին եւ իրենց ձայնը տվել են Մանուկյանին: Ձերբակալվածների թիվն արդեն կազմում է ավելի քան 200 մարդ:
Շարադրվածի կապակցությամբ դիմելով կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին`
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ
- Հայաստանի ղեկավարությունը վաղուց ի վեր դավաճանել է ժողովրդական իդեալներին, որոնց նախագահը երդվել է հավատարիմ մնալ: Բոլոր ուժային իրավական, ֆինանսական եւ տեղեկատվական կառույցները անվերապահորեն հնազանդվում են նախագահին, նրա կամայականությանը: Ոչ լեգիտիմ խորհրդարանն իրենց ներկայացնում է սովետական ժամանակների ամորձատված Գերագույն խորհրդի ճշգրիտ պատճենը: Երկրում հաստատված ավտորիտար վարչակարգը անցում է կատարում դեպի բռնապետություն:
- Վճռականապես չդատապարտելով նախագահի եւ իր թիմի գործողությունները` Դուք նպաստում եք Հայաստանում բռնապետական վարչակարգի հաստատմանը եւ, բացառված չէ, նաեւ այն քաղաքացիական պատերազմի սանձազերծմանը, որով անընդհատ սպառնում է նախագահը:
- Ծայրաստիճան անհրաժեշտ է եւ անհետաձգելի ձեր միջնորդությունը.
ա) բոլոր թեկնածուների ներկայացուցիչների եւ միջազգային դիտորդների մասնակցությամբ նախագահական ընտրությունների արդյունքների ստուգման գործում,
բ) անհապաղ վերջ տալ ձերբակալություններին եւ ազատ արձակել ապօրինի կալանավորված ընդդիմության գործիչներին եւ քաղաքացիներին (ոչ լրիվ ցուցակը ուղարկված է դեսպանատներ),
գ) պատասխանատվության կանչել ընտրական օրենքի խախտման , ինչպես նաեւ սեպտեմբերի 25-ի միջադեպը հրահրելու մեջ մեղավոր անձանց,
դ) մայրաքաղաքից անհապաղ դուրս բերել բանակը եւ վերացնել ժողովրդի կամքի արտահայտման օրինական եղանակների սահմանափակումը:
ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ