Սերժ Սարգսյան. Միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել [Գյուլի, Թուրքիայի] օժանդակությունից

1764

2008թ. սեպտեմբերի 6-ին Երևան Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլի այցից երեք օր անց Սերժ Սարգսյանը բառացիորեն ասաց.

– Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան: Մենք նպատակ ունեինք բարելավել մթնոլորտը, եւ կարծում եմ, որ մեր նպատակին հասանք: Բանակցությունների ժամանակ պրն Գյուլը մի քանի անգամ ասաց, որ Թուրքիայում այսօր կա քաղաքական կամք` անդրադառնալու մեր միջեւ գոյություն ունեցող խնդիրներին: Շատ էական եմ համարում, որ նա իր այդ խոսքերը որեւէ այլ հանգամանքով չէր պայմանավորում, սա մեզ համար չափազանց կարեւոր է: Նաեւ ուրախ եմ, որ պրն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, եւ կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Հանդիպման ժամանակ պրն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եւ ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետեւ միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից: Օժանդակությունը պետք է տարբերել միջնորդությունից: Ես վստահ եմ, որ ցանկացած քայլ, որը կարող է օգնել Մինսկի խմբի համանախագահներին` լուծելու այս հարցը, միայն ու միայն պետք է դրական գնահատել: Մենք պրն Գյուլի հետ խոսեցինք նաեւ թուրքական մեկ այլ նախաձեռնության` Կովկասյան պլատֆորմ ստեղծելու մասին: Այստեղ էլ եմ ուզում, որ հստակություն լինի: Թուրքերն այն գլխից (ի սկզբանե) էլ ասել են, որ իրենց նախաձեռնությունն այլընտրանք չէ որեւէ այլ կառույցի կամ ձեւաչափի, այլ ուղղված է մթնոլորտի բարելավմանը: Բնական եմ համարում, որ մենք այդ նախաձեռնությունը պետք է ողջունենք, մենք իրավունք չունենք ընդհանրապես խուսափելու որեւէ քննարկումից, մանավանդ եթե այն ուղղված է մեր անվտանգության էլ ավելի ամրապնդմանը: Շփումներից, խոսակցություններից խուսափում են մարդիկ, ովքեր ասելիք չունեն եւ կոմպլեքսավորված են: Մենք որեւէ կոմպլեքս չունենք, մենք ապրում ենք այս տարածաշրջանում, ունենք հարեւաններ, որոնց մի մասի հետ ունենք շատ լավ հարաբերություններ: Մեկ հարեւանի հետ հարաբերություն չունեինք մինչեւ պարոն Գյուլի այցը, մյուս հարեւանի հետ մենք պետք է վերականգնենք, բարելավենք մեր հարաբերությունը: Եւ այս առումով մենք պետք է եւ նախաձեռնող լինենք, եւ բոլոր շփումներին պետք է ակտիվ մասնակցենք: Մենք ասելիք ունենք, մենք մեզ երբեք թերարժեքության կոմպլեքսով չենք սահմանափակել եւ չենք սահմանափակելու: Որեւէ մեկից պակաս չենք, որեւէ մեկից մեզ չենք գերադասում, բոլորին վերաբերվում ենք հարգանքով, եւ ցանկություն ունենք, որ մեզ էլ հարգանքով վերաբերվեն: Հավելեմ, որ երեկ ես նամակ եմ ստացել պրն Գյուլից, որտեղ նա շատ բարձր է գնահատել մեր բանակցություններն ու խոսակցությունը, եւ ընդհանրապես իր այցելությունը եւ նաեւ ֆուտբոլային խաղին հաջորդած` արտգործնախարարների բավական տեւական հանդիպումը: Սա կարծում եմ, Ձեզ համար պետք է ինչ-որ բան նշանակի:

Աղբյուրը՝ http://www.president.am/events/press/arm/?year=2008&pn=1&id=14, Սարգսյանի պատասխանները լրագրողների հարցերին, Լոռու մարզ, Շիրակամուտ համայնք, 9 սեպտեմբեր, 2008թ.