Լաս Վեգասից՝ Դովեղ. Էնդի (Ատրուշան) Արմէնեան, մեր ակումբի լավ բարեկամներից

919

Էնդի (Ատրուշան) Արմէնեանը Լաս Վեգասի հայկական համայնքի ներկայացուցիչներից է՝ Լաս Վեգասում ՀՀ պատվո հյուպատոսը:

Նրա հետ իմ ծանոթությունը 2016-ի մայիսից է: Մեկնել էի Միացյալ Նահանգներ՝ դասախոսություններ կարդալու Ապրիլյան Քառօրյայի թեմայով: Լոս Անջելեսում էի, երբ նամակ ստացա Էնդիից: Գրում էր, թե կարող ե՞մ մեկ օրով թռչել Լաս Վեգաս:

Ես, ինչպես շատերը, գիտեն, որ Լաս Վեգասը կազինոների համաշխարհային կենտրոնն է, որ Քըրք Քրքորյանը գործել է այդ քաղաքում: Բայց ես չգիտեի, որ անապատի այդ քաղաքում 17 հազար հայ է բնակվում, գործում է երկու հայկական եկեղեցի՝ Անթիլիասական և Էջմիածնական:

Սիրով ընդունեցի հրավերը, թեև Էնդիին երբեք չէի հանդիպել: Մեկ օր անցկացրի Լաս Վեգասում, ծանոթացա Էնդիի, նրա ընտանիքի, քաղաքի, հայ համայնքի, կազինոների հետ, իսկ երեկոյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եկեղեցու սրահում ելույթ ունեցա, պատասխանեցի հարցերի:

Այդպես սկսվեց մեր ծանոթությունը Էնդիի հետ:

2018-ի աշնանը, երբ հերթական այցով Հայաստանում էր, միասին մեկնեցինք Տավուշ, իմ մեքենայով անցանք Հայաստան-Ադրբեջան սահմանը, այցելեցինք սահմանային բնակավայրեր, զրուցեինք գյուղացիների հետ: Ընթրեցինք և գիշերեցինք մեր գյուղում՝ Դովեղում:

Էնդին ոգևորված է այն ամենով, ինչ լավ բան կա, կատարվում է Հայաստանում, հատկապես գյուղական, սահմանային համայնքներում: Նրան ուրախացրել էր, որ ես, լրագրության կողքին, զբաղվում եմ գյուղատնտեսությամբ և ֆուտբոլով:

Հենց առաջին նվիրատվությունը Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբին կատարեց, երբ Տավուշից վերադարձանք Երևան: Այդ ժամանակ մենք ունեինք մեկ թիմ:

Այսօր մեր թիմերի թիվը հասցրել ենք երեքի՝ ներգրավելով ավելի քան 50 մանուկ և պատանի ֆուտբոլիստների Բերդի, Նոյեմբերյանի և Ալավերդու շրջանների շուրջ երկու տասնյակ գյուղերից: Դա հնարավոր է դարձել շնորհիվ «Դովեղ» ֆուտբոլային ակումբի բարեկամների, ովքեր մեզ տրամադրել են 1000-ից մինչև 100 հազար դրամ:

Էնդի Արմէնեանը մեր ակումբի լավ բարեկամներից է: Այսօր ևս նա մեր ամենօրյա կարիքների համար աջակցեց «Դովեղ» ֆուտբոլային ակումբին:

Շնորհակալություն, Էնդի:

Այդ շնորհակալությունը Ձեզ ու մեր ակումբի մյուս բարեկամներին ասում են ավելի քան 50 մանուկ և պատանի ֆուտբոլիստները:

Ո՞վ գիտի՝ գուցե նրանցից մեկը կամ մի քանիսը դառնան նշանավոր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, և մենք ուրախանանք, որ օգնել ենք նրանց:

Թաթուլ Հակոբյան

«Դովեղ» ՖԱ-ի հիմնադիր