Հայաստանի «թավշյա» իշխանությունները` Ամուլսարի և երկու քարի արանքում

954

Ամուլսարի հարցում կուսակցությունների ամուլ կեցվածքը

Ամուլսարի հանքի շահագործում-չշահագործումը դարձել է վերջին օրերի քննարկման թիվ մեկ թեման Հայաստանում և սփյուռքում։

Չպետք է բացառել, որ եթե «Լիդիան Արմենիան» Ամուլսարը շահագործի, ապա դա կարող է դառնալ պատասխանատու հանքարդյունաբերության օրինակ Հայաստանի և Արցախի ընդերքը փորող մյուս կազմակերպությունների համար։ Հայաստանում տասնյակ հանքեր են շահագործվում, որոնց մեծագույն մասը չի համապատասխանում միջազգային բնապահպանական չափանիշներին։

Բայց ինչո՞ւ է բոլորի ուշադրության կենտրոնում հենց «Լիդիան Արմենիան» և Ամուլսարը։ Ո՞վ է ասել, որ այս կազմակերպությունը իր հետևից թողնելու է բնապահպանական այն աղետը, որ տեսնում ենք Թեղուտում և Ախթալայում։

Խնդիրը «Լիդիան Արմենիան» չէ, թեև Հայաստանում, առաջին հերթին բնապահպանների մոտ, այս կազմակերպության ծագումնաբանության հետ կապված ևս կան հարցեր։

Խնդիրն Ամուլսարի աշխարհագրական դիրքն է և Հայաստանի նոր իշխանությունը։

Ամուլսարի մոտ լինելը Ջերմուկ առողջարանային քաղաքին ինքնին մարտահրավեր է։ Ենթադրենք, որ հանքի շահագործումը որևէ ձևով չի ազդելու Ջերմուկի ջրերի վրա։ Բայց ինքնին փաստը, որ Ջերմուկի հարևանությամբ հանք է մշակվում, արդյոք դա մարդկանց չի՞ ստիպելու հանգիստն անցկացնել առողջարանային այլ քաղաքներում, ասենք Վրաստանի Բորժոմիում։

Տասը տարվա կտրվածքով, ենթադրում ենք, որ Ամուլսարի շահագործումը Հայաստանի բյուջե փող է բերելու, հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ տասը տարի միջինից բարձր եկամուտով աշխատանք են ունենալու։ Իսկ հաշվարկ կատարել ե՞նք, թե 100 տարվա կտրվածքով քանի մարդ հրաժարվելու է Ջերմուկում հանգստանալուց և դա որքան գումար է արժենալու։

Հայաստանի իշխանությունները վերահսկելո՞ւ են, որ չաղտոտվեն Ամուլսարի հետ կապ ունեցող Որոտան, Արփա և Դարբ գետերը։ Եթե այո, ապա ինչո՞ւ նույն իշխանությունները չեն վերահսկում Ախթալայի հանքը։ Ամիսներ շարունակ Ախթալայի պոչամբարը թափվում է Դեբեդ գետը, որը սնում է Նոյեմբերյանի դեղձի այգիները։ Հիմա դուք ասում եք, որ վերահսկելու եք Ամուլսարը, բայց չենք վերահսկում բնապահպանական աղետ Ախթալան և Թեղուտը։ Ինչո՞ւ պետք է հավատանք։ 

Ամենավտանգավորը․ դուք պատկերացնո՞ւմ եք՝ Ամուլսարը թունավորում է Սևանը։

Եթե Ամուլսարի շահագործումը, որ արդեն սկսվել էր, լիներ Սերժի ժամանակ, ապա այսօրվա շատ հարցադրումներ այլ կերպ կդրվեին կամ չէին դրվի ընդհանրապես։ Ցավալի է, բայց փաստ, որն արտահայտվում է հայտարարություններով, որ այսօրվա իշխանության ամենավերին օղակներում կան պաշտոնյաներ, որոնք ունեն կեղեքիչ մտածելակերպ, այն է՝ հանքը փորենք, վաճառենք, բյուջեն փող լցնենք։

Ամուլսարի հարցում որոշում կայացնելը հեշտ չէ։ Գուցե, իրականում, Հայաստանի «թավշյա» իշխանությունները մնացել են երկու քարի արանքում և ստիպված են լինելու վատի ու վատթարագույնի ընտրություն կայացնել։ Բոլոր ռիսկերից բացի նրանք, սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից, պետք է մի բան էլ հիշեն՝ այս պատմությունը նրանց կարող է չներվել։

Ամուլսարը համահայկական քննարկման թեմա է դարձել, սակայն կուսակցությունների մեծագույն մասը լռում է։ Այս պահի դրությամբ միայն երեք-չորս կուսակցություններ են դիրքորոշում արտահայտել, բոլորն էլ՝ դեմ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը «խիստ մտահոգիչ» համարեց այն իրողությունը, որ հրապարակված եզրակացությունները բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում և իշխանություններին կոչ արեց «հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում»։

Այսօր իշխանություններին ընդդիմադիր Դաշնակցությունը, սակայն, հերթական անգամ հայտնվեց քննադատությունների թիրախում, քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերության առաջ կանաչ լույս էր վառվել նաև այն ժամանակ, երբ Բնապահպանության նախարարը ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էր։

Բացի այդ, 2016-ի դեկտեմբերին «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որով «Լիդիան Արմենիան» առաջիկա 5 տարիների ընթացքում ներդնելու է ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլար: Այդ հուշագիրը ստորագրել էին Արծվիկ Մինասյանն ու «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը (նկարում)։ 

Մեկ այլ ավանդական ուժ՝ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որն իր հայտարարություններով ու մամուլի միջոցներով մշտապես Նիկոլ Փաշինյանի կողքին է, դեմ է արտահայտվել Ամուլսարի շահագործմանը։

Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված «Քաղաքացու որոշում» կուսակցությունը արժանահավատ չի համարում այն պնդումները, թե եղած ռիսկերը հնարավոր է կառավարել։

«Դեմ ենք հանքի շահագործմանը։ Ամուլսարը մնալու է սար։ Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, առանձին հանրային գործիչներին, քաղաքական խմբերին և ՀԿ-ներին հրապարակային արտահայտել իրենց դիրքորոշումը։ Կարծում ենք՝ ոչ մեկն իրավունք չունի թաքնվել այլոց որոշումների հետևում»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Դեմ է արտահայտվել նաև «Երկիր Ծիրանի» կուսակցությունը․ «Ամուլսարի շահագործման գործարքը ակնհայտ կոռուպցիոն գործարք է: Այս գործարքի կողմերից են նախկին իշխանությունը` ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ներկայիս իշխանությունը` ի դեմս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի»:

Ամուլսարի  շահագործման  գործարքը  ակնհայտ  կոռուպցիոն  գործարք  է: Այս  գործարքի  կողմերից  են  նախկին  իշխանությունը`  ի  դեմս  ՀՀ նախագահ  Սերժ  Սարգսյանի  և  ներկայիս  իշխանությունը` ի  դեմս  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի

Այս կուսակցություններից բացի, որոնք ներկայություն չունեն խորհրդարանում, մյուս ուժերը լռում են։ Չկա խորհրդարանում ներկայացված և ընդդիմադիր համարվող երկու ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» պաշտոնական հայտարարությունը։ Լռում է նաև Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն, թեև հանրապետականները պիտի որ պաշտպանեն Ամուլսարի շահագործումը։

Կուսակցությունները՝ իշխանական կամ ընդդիմադիր, պետք է խոսեն երկրի համար դժվար որոշումներ կայացնելու ժամանակ։ Ի դեպ, կուսակցությունների հայտարարությունները՝ լինեն դեմ կամ կողմ, կարող են օգտակար լինել որոշում կայացնողների, տվյալ դեպքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և թիմի համար, որը, թվում է, հաշվի առնելով բոլոր վտանգները, հակված է «այո» ասելու Ամուլսարին։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ