Գուսանագյուղը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 21 կմ հեռավորության, Երևան-Գյումրի երկաթուղու վրա, Ախուրյան գետի ձախափնյակում` ծովի մակարդակից գրեթե 1500 մետր բարձրության վրա:
Բնակչության նախնիների մի մասը այստեղ են գաղթել 1829-1830 թթ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բուլանըղի, Մուշի շրջաններից: Գյուղում պահպանվել է միջնադարյան եկեղեցի և ամրոց:
Սահմանակից է Բայանդուր, Շիրակավան և Լուսակերտ համայնքներին:
Գուսանագյուղը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում է, մաս է կազմում խոշորացված Անի համայնքի:
Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:
Անի համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագարան (Խարկովի հետ միասին), Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:
Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:
Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:
Գուսանագյուղը նախկինում ունեցել է Ղափուլի և Ղափլի անվանումները: Ղափլիից Գուսանագյուղ է վերանվանվել 1947 թվականի փետրվարի 3-ին:
Այսօր գյուղի բնակչության թիվը 900-ի սահմաններում է:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Գուսանագյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 138 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 956 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 1216 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 1466 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1904 թվական – 1711 հոգի,
1904 թվական – 1802 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 1882 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 1529 հոգի,
1919 թվական – 1895 հոգի,
1922 թվական – 941 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 1062 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 1268 հոգի, բոլորը՝ հայ:
Արթիկի շրջանի գյուղերը 1831 թվականին