Ծանոթ.- 1935 թվականի ամռանը անակնկալ այցով` մի քանի ժամով, Խորհրդային Հայաստան է այցելում Թուրքիայի վարչապետ, ապա նախագահ դարձած Իսմեթ Ինոնյուն: Արաքսի ափին հայ և թուրք պաշտոնյաները խմում են Ստալինի ու Աթաթուրքի կենացը:
1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով գծվել էին Խորհրդային Հայաստան-Թուրքիա սահմանները, սակայն սահմանազատում և սահմանագծում չէր կատարվել: Այդ նպատակով 1924թ. դեկտեմբերի վերջերին Թիֆլիսում հանդիպեցին խորհրդային և թուրքական խառը հանձնաժողովը, որի նպատակն էր “մանրամասնորեն պարզել երկու երկրների պետական սահմանները և նշանակել սահմանային նշանակետերը”:
Հետագա ամիսներին շարունակվեցին այդ աշխատանքները: “Շատ հավանական է, որ մի քանի մասերում, մանավանդ այնտեղ, որտեղ սահմանագիծը չի անցնում բնական դիրքերով, սահմանային հանձնաժողովը հանդիպի վիճելի հարցերի: Դա բնավ չի նշանակում, թե հանձնաժողովը կփորձի փոփոխել ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև կնքած դաշնագիրը”- գրեց խորհրդահայ մամուլը: “Հանձնաժողովը պետք է քաշի պետական սահմանի ճշգրիտ գիծը և դնի սահմանային նշացույցերն այն ձևով, որպեսզի դաշնագրով որոշված սահմանը կասկածներ չառաջացնի ոչ սահմանապահների և ոչ էլ ազգաբնակչության շրջանում: Տեղերում պտտվում են լուրեր, որ իբր եկել է մի հանձնաժողով, որը պետք է մի ինչ-որ մաս միացնի, ինչ-որ բան կտրի և ինչ-որ ուղղում մտցնի Կարսի պայմանագրի մեջ: Այսպիսի լուրերն անհիմն են և բխում են երկու բարեկամ ժողովուրդների թշնամիների (շահերից) կամ թե դրանք տարածում է սահմանամերձ շրջանների անտեղյակ ազգաբնակչությունը”:
Վարչապետ Իսմեթ փաշան (Ինոնյու) 1925թ. նոյեմբերի կեսերին խորհրդարանում հայտարարեց, որ Թուրքիայի և ԽՍՀՄ-ի միջև սահմանազատման աշխատանքները շուտով կավարտվեն:
1927թ. հունվարի 8-ին Կարսում ստորագրվեց խորհրդա-թուրքական կոնվենցիա սահմանային գետերի ջրօգտագործման և լրացուցիչ արձանագրություն Արաքս գետի վրա Խորհրդային Միության կողմից Սարդարապատում ամբարտակ կառուցելու մասին: Ջրային կոնվենցիան կնքվեց հինգ տարով:
“Բարեկամական ոգով” խմբագրականում “Խորհրդային Հայաստան”-ը գրեց, որ “Խորհրդային Միության և Թուրքիայի միջև կնքված Կարսի դաշնագրից հետո անցնող ամեն տարին իր հետ բերում է փաստեր, որոնք ավելի ևս ամրապնդում են երկու երկրների բարեկամական կապը”: “Այս տեսակետից խոշոր տնտեսական և քաղաքական նշանակություն ունեցող նորագույն փաստը Կարսում ստորագրված ջրային կոնվենցիան էր` հավելված արձանագրություններով: Սահմանային ջրերից օգտվելու այս ակտը, առաջին հերթին, խոշոր տնտեսական նշանակություն ունի Խորհրդային Հայաստանի համար: Նույնքան կարևոր է ջրային կոնվենցիայի քաղաքական նշանակություն”,- գրում էր թերթը, հավելելով, որ երկու երկրների “այս բարեկամական քայլը խոշոր ապտակ է հակախորհրդային բոլոր տեսակի էմիգրանտների երեսին, մանավանդ մեր դաշնակցական էմիգրանտների”, որոնք ոչ մի առիթ բաց չեն թողնում խորհրդային իշխանությունը վարկաբեկելու աշխատավոր զանգվածների աչքում արտասահմանում` հարձակվելով Թուրքիայի հանդեպ վարած “մեր բարեկամական քաղաքականության վրա”:
Տարիներ անց` 1935թ. ամռանը, երբ հայկական կողմում կառուցվում էր Սարդարապատի ամբարտակը, մի քանի ժամով Հայաստան այցելեցին Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը: Վարչապետ Իսմեթ Ինոնյուի և արտգործնախարար Թեվֆիկ Ռյուշթյու Արասի Հայաստան կարճատև այցը ինչպես թուրքական, այնպես էլ հայկական լրատվամիջոցները համարեցին “Խորհրդային-թուրքական բարեկամության մի հաստատում ևս”: Նախաճաշը և ողջույնի ճառերի փոխանակումը, թուրքական մամուլի բառերով, կրում էին “միանգամայն անկեղծ բարեկամական բնույթ”, “տեսակցությունը վերածվեց խորհրդային-թուրքական բարեկամության դեմոնստրացիայի, որ ամբողջ Թուրքիայում ընդունվեց մեծ բավականությամբ”:
Հաջորդ օրը “Խորհրդային Հայաստան”-ը առաջին էջում տեղադրեց Թբիլիսիից ստացված տեղեկատվությունը. “Թուրքիայի Մինիստրների խորհրդի նախագահ Իսմեթ Ինոնյուն, որն ուղևորություն է կատարում Արևելյան Անատոլիայում, Թուրքիայի արտգործնախարար Թևֆիկ Ռյուշթյու Արասի, ինչպես նաև Կարսի նահանգապետի ու տեղական զինվորական և քաղաքական բարձր իշխանությունների ուղեկցությամբ, այցելեց Սարդարապատի ջրանցքը` Խորհրդային Հայաստանի տարածքում: Պարոն Իսմեթ Ինոնյուն մեկ ժամվա ընթացքում դիտեց ամբարտակը և զրուցեց խորհրդային ինժեներների ու Հայաստանի ջրային տնտեսության վարչության պատասխանատու աշխատողների հետ, մեծ հետաքրքրություն ցուցաբերելով սահմանամերձ Արաքս գետի ջուրը Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի գյուղատնտեսության կարիքների համար օգտագործելու նկատմամբ: Թուրքիայի Մինիստրների խորհրդի նախագահին և նրան ուղեկցող անձանց խորհրդային տարածքի վրա դիմավորեցին ՀՍԽՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալը, ՀՍԽՀ Հողագործության ժողկոմը, Ջրային տնտեսության վարչության պետը և Արտգործժողկոմի դիվանագիտական գործակալը: Թուրք հյուրերի պատվին նախաճաշ տրվեց, որի ընթացքում ներկաները խմեցին ԽՍՀՄ և Թուրքիայի ժողովուրդների բարգավաճման և երկու բարեկամ երկրների առաջնորդների կենացը: Ժամը 12-ին պարոն Ինոնյուն և նրան ուղեկցող անձինք վերադարձան թուրքական տարածք”:
Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից
Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի
Հայերը և թուրքերը
Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:
Փափուկ կազմ, 485 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
2012, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-365-2