Փաշինյանի ելույթը քայլ էր հեղափոխական հովերը Արցախում հաստատելու առումով

1243

Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթը ևս մեկ քայլ էր հեղափոխական հովերը Արցախում հաստատելու առումով: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Սիվիլնեթ»-ի քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը՝ շեշտելով, սակայն, որ դա դեռ բավարար չէ:

«Բայց ասել, որ Նիկոլ Փաշինյանը ընդունելի ֆիգուր է արցախյան իշխանությունների և հասարակության համար, վերջնականապես ես չեմ կարող նման բան օգտագործել։ Երեկվա հանրահավաքը, եկեք անկեղծ լինենք, որքան էլ մարդաշատ լիներ, դա բացարձակապես նման չէր էն հանրահավաքներին, որը ունենում է Նիկոլ Փաշինյանը Երևանում և Հայաստանի վայրերում։ Չեմ կարող ասել, որ սառույցը վերջնականապես կոտրվեց, Փաշինյանը ընկալելի դարձավ արցախյան հասարակության համար վերջնականապես, դա այդպես չէ։ Դա այդպես չէ, որովհետև բավականին լուրջ աշխատանք է տարվել՝ մարդկանց փորձելու համոզել, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը եկել են հայ ընտանիքը քանդելու, հայ եկեղեցին քանդելու, հայ ավանդական արժեքները քանդելու, ավելին՝ Արցախի հողերը ծախելու», – նշեց Հակոբյանը։

2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի ներքաղաքական ուղերձները վերլուծաբանը հստակ է համարում, այն է՝ Հայաստանը կլինի Արցախում արդար ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը: Բայց Հայաստանի իշխանություններն, ըստ Հակոբյանի, բացահայտ աջակցություն և ոչ մի թեկնածուի չպետք է ցուցաբերեն:

«Այս հարցում Փաշինյանն ու նրա թիմը հավանաբար պետք է զգույշ լինի, բայց բնական է, որ նրանք կունենան իրենց համար ցանկալի թեկնածուներ, ցանկալի կուսակցություններ», – ասաց Թաթուլ Հակոբյանը։ Օրինակ, վերլուծաբանը պատահական չի համարում հարթակին՝ Նիկոլ Փաշինյանի թիկունքում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ներկայությունը:

Ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին բարձրաձայնած և այդ նպատակով սահմանադրական փոփոխությունների համար ստորագրահավաք նախաձեռնած Սամվել Բաբայանին, որի անունը հանրահավաքի ընթացքում պարբերաբար վանկարկում էր հանրահավաքի մասնակիցների մի հատվածը, Հակոբյանը նկատում է՝ նրան ուղղված մեսիջներ ևս Փաշինյանի ելույթում կային։

Նաիրա Նալբանդյան

Ազատություն, 6 օգոստոս, 2019թ