Այսօր, օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակները:
Ահա դրանք.
Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու,
ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ,
լուծել 2․5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը,
Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր,
տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը,
ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ,
յոթնապատկել միջին աշխատավարձը,
բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում,
ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը,
ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել,
կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել,
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի,
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր,
25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։
«Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ: Պատասխանը շատ պարզ, որովհետև Արցախը Հայաստան է և վե՜րջ»,- ասաց Փաշինյանը: