Զոհերից խուսափելու համար Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը պետք է հասնեն խաղաղության

673

«Հեղափոխությունը բանակ չի հասել»․ Թաթուլ Հակոբյան

Հուլիս 29, 2019, Ազատություն

Զինված ուժերում հերթական զոհի մասին երեկ ուշ երեկոյան Ֆեյսբուքով տեղեկացրեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի սահմանին։ Հուլիսի 28-ին Տավուշում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, 24-ամյա Արման Բուլղադարյանը։

Նույն օրը՝ նույն վայրում, հակառակորդի կրակոցից վիրավորվել է 33-ամյա պայմանագրային զինծառայող Վլադիմիր Օսիպյանը։

Դեպքից նախօրդ օրը Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորվել է մեկ զինծառայող: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սահմանին էլ լարվածությունը բարձր չէ․ – «Ճշտված տվյալներով՝ 2018 թվականի մայիսը ներառյալ մինչև այս պահը ընդհանուր առաջնագծում ունեցել ենք 6 զոհ հակառակորդի կրակից։ Ինչո՞վ են պայմանավորված այս սրացումները՝ չեմ կարող ասել։ Զինվորականները քաղաքական դրդապատճառներ չեն կարող բերել։ Երկու օրվա կտրվածքով՝ գիտեք, Տավուշում այսպես է, բայց, ընդհանուր առմամբ, լարվածությունը ցածր է, եթե նայենք այլ տեղամասերն էլ հետը»։

Անցած տարի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի ղեկավարի հետ կարճատև քննարկումների արդյունքում սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմսնավորվածություն են ձեռք բերել։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև երկու երկրների ղեկավարների միջև օպերատիվ կապ ստեղծելու և սահմանային դեպքերը քննարկելու վերաբերյալ։

«Այդ պայմանավորվածությունը, մեծ հաշվով, գործում է», -«Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Սիվիլնեթի» մեկնաբան Թաթուլ Հակոբյանը։ – «Այլ բան, որ՝ այո՛, նման ցավալի միջադեպեր տեղի են ունենում։ Մենք չգիտենք ամբողջական պատկերը։ Ես նկատի ունեմ՝ չգիտենք այն իմաստով, որ Ադրբեջանը իր կողմից է հայտնում իր ունեցած կամ չունեցած զոհի կամ վիրավորի մասին, և դժվար է ասել՝ սա ադրբեջանական կողմի պատասխան գործողություն էր հայկական կողմի իրականացրած գործողության, թե այդպիսին չէր։ Բայց որ այդ պայմանավորվածությունը, մեծ հաշվով, գործում է և սահմաններում ավելի վերահսկելի և կանխատեսելի վիճակ է՝ դա ակնհայտ է։ Բայց եթե մենք ուզում ենք, որ վերջնականապես զոհեր չունենանք, դրա համար պետք է մի բան անել՝ պետք է հասնել խաղաղության»։

Առավել մտահոգիչ է ոչ մարտական գործողությունների հետևանքով մահացած զինծառայողների վիճակագրությունը: Գլխավոր դատախազության տվյալներով՝ Հայաստանի զինված ուժերում և Ղարաբաղի Պաշտպանության բանակում 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 մահվան դեպք: 2018 թվականին նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 31 դեպք: Այս վիճակագրությունը խոսուն փաստ է, որ հեղափոխությունը բանակ չի հասել, ասում է Թաթուլ Հակոբյանը․ – «Իհարկե, սա նշանակում է, որ բանակում բազմաթիվ անելիքներ կան, սա նշանակում է, որ այն հեղափոխությունը, որի մասին մենք խոսում ենք, ուղղակի բանակ չի հասել։ Պետությունը, բանակը մեղավոր է յուրաքանչյուր զոհի դեպքում։ Միայն բանակի վրա չպետք է էս ամեն ինչը թողնել, բայց վերջնական պատասխանատուն հենց բանակն է»։

Այսօր Տավուշի դեպքին է անդրադարձել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ տարածելով հայտարարություն, որտեղ, մասնավորապես, նշված է․ – «Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում: Դրանք անտեսում են նաև արտաքին գործերի նախարարների հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը և ձեռնպահ մնալ շփման գծում և պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից:

Խստորեն դատապարտում ենք մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված վստահության և անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ: Այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»: