«Հայաստանը և Օսմանյան կայսրությունը՝ պարտադրված դաշնակիցներ. 1918-ի հունիս-նոյեմբեր»

1095

Հուլիսի 22-ին Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում կայացավ հանդիպում-քննարկում լրագրող, ԱՆԻ հիմնադրամի համակարգող Թաթուլ Հակոբյանի հետ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում ներկայացնում է դասախոսությունների շարք, թվով՝ 12, որոնք ունեն թեմատիկ բնույթ և վերաբերում են Հայաստանի և հայ ժողովրդի վերջին 100-130 տարիների պատմության վիճահարույց, քիչ լուսաբանված, տաբու դրվագներին:

Աշտարակի քննարկումը այդ շարքի առաջին հանդիպումն էր: Թեման էր՝ «Հայաստանը և Օսմանյան կայսրությունը՝ պարտադրված դաշնակիցներ. 1918-ի հունիս-նոյեմբեր»:

Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց քաղաքական և տարածաշրջանային այն իրավիճակը, որի պայմաններում ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը 1918-ի մայիս-հունիս ամիսներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ արտաքին քաղաքականությունը հանրապետության հիմնադրման առաջին վեց ամիսներին՝ 1918-ի հունիս-նոյեմբեր հատվածում:

Դասախոսության և հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին ինչպես Առաջին Հանրապետության շրջանում, այնպես էլ՝ խորհրդային տարիներին և 1991-ից հետո:

Ներկաներին հետաքրքրում էր նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պատմությունը 1918-1920 թվականներին:

Հանդիպումը տևեց 1 ժամ և 30 րոպե, որի ավարտին եղավ նաև սուրճի հյուրասիրություն։ Առաջիկա օրերին այս քննարկման ամբողջական տեսագրությունը կտեղադրվի ԱՆԻ-ի Յություբի ու Ֆեյսբուքի էջում և կայքում:

ԱՆԻ հիմնադրամի հաջորդ՝ թվով երկրորդ թեմատիկ քննարկումը նախատեսված է օգոստոսին, Արարատի մարզում:

ԱՆԻ հիմնադրամի 12 թեմատիկ դասախոսությունները հնարավոր է դարձել իրականություն դարձնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում։

Հունիսի 20-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը բավարարել է ԱՆԻ-ի դիմումը և հիմնադրամի հետ ստորագրել 4.8 միլիոն դրամ (10 հազար ԱՄՆ դոլար) տրամադրելու պայմանագիր: