Իսմեթ Ինյոնյուն Լոզանում՝ «Մենք հայերին որևէ խոստում չենք տվել, Դաշնակիցներն են տվել». 1922 թ

1956

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից

—–

Հուշագիր

Ներկայացված Լոզանի խորհրդաժողովին հայկական խառը պատվիրակությունների կողմից, նոյեմբեր, 1922

Թուրքահայաստանի ազատագրումը դաշնակիցների և Միացյալ Նահանգների պատերազմի նպատակներից մեկն է եղել, ինչպես այդ մասին պատերազմի ընթացքում հանդիսավոր կերպով հայտարարեցին կառավարությունների ներկայացուցիչները: Այս առթիվ եղած որոշումներ են.

  1. Ազգերի լիգայի կանոնագրի 22-րդ հոդվածը, որը լրացուցիչ մաս է կազմում խաղաղության բոլոր այն պայմանագրերի, որոնք ընդունվել են Սևրի դաշնագրով և Միացյալ Նահանգների նախագահի իրավարությամբ:
  2. Լոնդոնի խորհրդաժողովը, որ տեղի ունեցավ 1921 թվին, երբ Բարձրագույն խորհուրդը հայտարարեց Ազգային օջախի անհրաժեշտությունը Թուրքահայաստան համար:
  3. Մարտ 26-ի (1922) խորհրդաժողովը, երբ երեք պետությունների արտաքին գործոց նախարարները ևս մեկ անգամ հաստատեցին դաշնակիցների պարտականությունը հայերի հանդեպ:
  4. Ազգերի լիգայի գլխավոր ժողովը, որ տեղի ունեցավ 1921 թվին և որտեղ միաձայնությամբ քվեարկվեց անպայման իրականացումը այդ Օջախի:
  5. Եվ, վերջապես, 1922 թվի սեպտեմբերի 22-ին Ազգերի լիգայի գլխավոր ժողովի եզրակացությունը, այն է՝ «Թուրքերի հետ առևտրական դաշինք կնքելու ժամանակ չպետք է զանց առնել Հայկական օջախի հիմնումը»:

Վերոհիշյալ 22-րդ հոդվածը գործադրության անցավ Պաղեստինի, Միջագետքի և Սիրիայի նկատմամբ, որոնք ձեռք բերին իրենց ազատությունը, բայց հայերին տրված խոստումները տակավին չեն իրականացել՝ չնայած որ թուրքահայ ժողովրդի վիճակը ավելի դառն է, քան երբևիցե:

1914 թվականից ի վեր մեկ միլիոնից ավելի հայեր ոչնչացվել են ջարդերի, տեղահանության և զրկանքների պատճառով, հարյուր հազարներ գաղթել են օտար վայրեր: Ավելացրեք նաև 150 հազար որբերի հսկայական թիվը, որ իր գոյությունը պահում է միայն շնորհիվ ամերիկյան Նիըր Իսթ Ռիլիֆի և կամ այլ նման հաստատությունների: Ազգերի լիգային արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ 73.350 հայ կանայք ու մանուկներ բռնի ուժով տարվել են իսլամական հարեմները և մինչև այսօր այնտեղ են մնում:

Ի վերջո, երբ ֆրանսիացիները դատարկեցին Կիլիկիան, այնտեղ ապաստանած հայ ազգաբնակչությանը ստիպեցին գաղթել Սիրիա կամ այլ երկիրներ: Հայերի մի մասը, որ գտնվում էր Զմյուռնիա, Բուրսա և կամ Փոքր Ասիայի զանազան քաղաքներում, որտեղ ապաստանել էին վերջին դեպքերից հետո, ստիպված նորից բռնեցին գաղթի ճանապարհը:

Անկարայի կառավարությունը նոր հրահանգներ տվեց՝ արտաքսելու մնացյալ հայությանը ևս՝ մոտ 130 հազար, և, ի լրումն այս բոլորի, աքսորվեցին ու քշվեցին նաև Սև ծովի ափին գտնվող Զոնգուլտաք և Բարթն քաղաքների բնակիչները: Եվ վերջապես, հազարավոր հայեր այս վերջին օրերին, թողեցին Պոլիսը և հեռացան զանազան վայրեր:

Այսպիսով, 700 հազար հայ ներկայում զրկված է իր ունեցվածքից, քշված մայր երկրից և ապրում է աշխարհի զանազան կողմերում՝ անապաստան և ենթակա սոսկալի տառապանքների:

Պատերազմի ժամանակաշրջանում և զինադադարի ընթացքում Թուրքահայաստանի հայությունը 10 միլիարդ ֆրանկի կորուստ է ունեցել՝ եկեղեցիներ, դպրոցներ և զանազան բարեգործական հիմնարկություններ, որոնք հիմնահատակ կործանվել են:

Այս անօրինակ ավերծությունից հետո համաշխարհային խիղճը պահանջում է իբրև առաջին տուրք, հիմնել Հայակական օջախ, որտեղ հայ ժողովուրդը կարողանա անվտանգ տեղավորվել՝ պահպանելով իր ֆիզիկական գոյությունը, զարկ տալով իր քաղաքակրթությանը:

Թուրքերն իրենք իսկ ընդունել էին, որ հայ ժողովուրդը անկախություն ստանալու իրավունք ունի, բայց Անկարայի կառավարության անունից հայտարարվեց, որ այդ հարցը արդեն վճռված է, քանի որ Անդրկովկասում, Երևան, կազմվել է հայկական հանրապետություն և որ հիմա Անկարայի ազգային կառավարությունը հակառակ է որևէ հողամասի անջատմանը: Այսպիսով, Հայկական Հանրապետությունը, որ գտնվում է Անդրկովկասում և որի հողերը կրճատվեցին Կարսի դաշնագրով՝ 1921-ին, և որ ունի միայն 9.000 քառակուսի կիլոմետր մշակելի հող, հազիվ պիտի կարողանա կերակրել իր ժողովրդի երկու երրորդը, որի գումարը 1 միլիոն 260 հազար է: Մնացած մեկ երրորդը մնում է Նիըր Իսթ Ռիլիֆի, Լորդ Մեյըրսի և կամ ուրիշներու հոգատարության տակ: Այնպես որ, բոլորովին անհնար է տեղավորել այսքան փոքրիկ և աղքատիկ մի երկրում, որպիսին է Հայաստանի Հանրապետությունը, այն բոլոր գաղթականությունը, որ ցրված է Հունաստանում, Մակեդոնիայում, Սիրիայում, Բուլղարիայում, Պարսկաստանում, Կովկասի զանազան մասերում և այլուր:

Եզրակացություն՝ հայկական հարցը Թուրքիայից դուրս չի կարող ունենալ իր լուծումը:

Անկարայի Ազգային ժողովը չի կարող հակառակվել Ազգերի լիգայի կանոնագրին, ոչ էլ կարող է ընդդիմանալ դաշնակից պետություններին՝ հայերի հովանավորման պարագայում: Ներկայում թուրքերը իրենք էլ շահագրգռված են հաստատելու անկեղծ մտերմություն երկու ազգերու միջև, որպեսզի Արևելքում ստեղծվի հաստատուն խաղաղություն:

Արևելյան քաղաքականության վերաբերյալ ներկա փոփոխությունների պատճառով, մեր պատվիրակությանը անժամանակ է թվում պահանջել Միացյալ Նահանգների նախագահի կողմից գծված սահմանների լիակատար գործադրությունը:

Մեր պատվիրակությունը պատրաստ է, ուրեմն, ընդունել Հայկական օջախի կազմության ծրագիրը այն սահմաններով, որ նախատեսված է Միացյալ Նահանգների իրավարությամբ:

Խորհրդաժողովը, Հայկական օջախի սահմանների որոշումից հետո, ապահովելով նաև նրա ելքը դեպի ծով, համաձայն խաղաղության վերջին դաշնագրի կանոնադրության, կստեղծի հաստատուն և ապահով ապավեն Թուրքիայում բնակվող հարյուր հազարավոր հայության համար, որը ներկայում գտնվում է առանց հայրենի տան և որի անսահման թշվառությունը վիրավորանք է մարդկության արժանապատվության համար:

Ամեն պարագայում, եթե, հակառակ մեր սպասումների, այս հարցը չընդունվի, պետք է անդրադառնալ 1920 թվի կայացած վճռին, որով Հայաստանի Հանրապետության սահմանները պետք է լայնանար Թուրքիայի որոշ մասի կցումով՝ սահմանագծված Միացյալ Նահանգների նախագահի իրավարարությամբ: Այս վճիռը, բնականաբար, կգործադրվի Կովկասյան Հայաստանի Հանրապետության փոխադարձ զիջումով, ապահովելով ծովային ելքը: Այս պարագայում, Հայաստանի Հանրապետությունը, որ արդեն օրինավորապես ճանաչված է մեծ պետությունների կողմից, ներկայացնում է իր անհրաժեշտ պայմանները և, այդպիսով, կազմվում է Ազգային օջախ, որտեղ հայ ժողովուրդը հանգիստ և ապահով կապրի ու կզարգանա: Բոլոր հայերը ազատ պիտի լինին՝ վերադառնալու իրենց հայրենիքը:

Հակառակ պարագայում, եթե վերը հիշված վճիռները ձախողվեն, պետք է նախատեսել երրորդ պարագա, այն է՝ ստեղծել Ազգային օջախ Կիլիկիայում՝ հին Փոքր Հայքում:

Ինչ էլ որ լինի ընդունված վճիռը, պետք է միշտ նախատեսել, որ խորհրդաժողովը, համաձայն 1922 թվի մարտի 26-ի երեք նախարարների կայացրած վճռի, կդիմի Ազգերի լիգայի օգնությանը: Թույլ տվեք նկատել, որ այդ ժամանակ անհնար պիտի լինի շահավետ գործ կատարել և մանավանդ, խուսափել նոր հետաձգտումներից: Խորհրդաժողովն ինքը կդանդաղեցնի Օջախի հողային սահմանագծման խնդիրը և նրա կազմակերպման սկզբունքը:

Հայաստանի պատվիրակությունը միշտ պատրաստ է ներկայացնել խաղաղության խորհրդաժողովի բոլոր անհրաժեշտ լուսաբանությունները:

Մենք համոզված ենք, որ Լոզանի խորհրդաժողովում դաշնակից պետությունները վերջնականապես կորոշեն թուրքահայության բախտը, որովհետև մեզ անկարելի է թվում, որ արդարության և իրավունքի համար եղած պատերազմի պատմության վերջին էջը, որի հաջողության համար հայ ժողովուրդը հսկայական զոհեր տվեց, կարող է գրվել առանց արդար հատուցման:

***

Մեր պահանջները և հատուկ հուշագիրը ներկայացնելուց հետո, Փարիզի մեր աշխատանքները արդեն վերջացել էին:

Խորհրդաժողովը պիտի սկսվեր նոյեմբերի սկզբներին: Մենք մեկնեցինք Լոզան՝ Ահարոնյանը և ես ՀՀ պատվիրակության, Նորատունկյանը՝ Ազգային պատվիրակության կողմից:

Լոզանում մենք ունեինք մեր ընդհանուր գրասենյակը, որի վարիչը Լևոն Բաշալյանն էր, որ հմուտ, լուրջ, պատրաստված և լեզվագետ, միանգամայն համապատասխան էր իր պաշտոնին: Մեր մյուս խորհրդատուների մասին արդեն խոսել եմ:

Թուրքերը մտահոգված էին մեր ներկայությունից: Նրանք զգում էին, որ հայկական հարցը կարող է քննության առարկա դառնալ, ուստի վճռել էին չհամաձայնվել ոչ մի զիջման: Նրանց թերթերը դիմում էին անիմաստ սուտերի, ինչպես, օրինակ, գրում էին, թե Ժնևի մոտերը, Վեյնդիմիլ կոչված սահմանակից կայարանում, մի շարք հայեր, ի թիվս որոնց և Ահարոնյանը, Չոպանյանը, Բաշալեանը, վճռել են ահաբեկել թուրք պատվիրակներին:

Առաջին իսկ օրից մենք միջոցներ ձեռք առանք՝ հերքելու այդ առասպելը: Պարզ էր, որ այդ միջոցով նրանք ուզում էին դաշնակիցների աչքում վարկաբեկել մեզ:

Թուրքիայի առաջին ներկայացուցիչը Իսմէթ փաշան էր, երկրորդը՝ Ռիզա Նուրի բեյը: Անգլիայի ներկայացուցիչներն էին Լորդ Քըրզընը, Պոլսի գլխավոր կոմիսարը և Սըր Ռըմբոլտը, Իտալիայինը՝ Գորոնան, Մոնտանան, Հունաստանինը՝ Վենիզելոսը: Պատվիրակությունների մեջ կային այնպիսիները, որոնք լավատեղյակ էին հայկական խնդրին, ինչպես օրինակ, Բարժետոնը, Նիկոլսոնը և Ադամսը: Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն էին, որպես դիտորդներ, ծովակալ Բրիստոլը և Բեռնում դեսպան Չայլդզը:

Այս բոլորի հետ մենք հանդիպումներ ունեցանք: Առավոտից մինչև երեկո մենք տեսակցություններ էինք ունենում պատվիրակների հետ և ներկայացնում մեր պահանջները: Տեսակցությունների համար կազմել էինք ծրագիր և այդ ծրագրով առաջնորդվում էինք՝ ջանալով, որ դրսում ոչ ոք անծանոթ չմնա մեր պահանջներին:

Միևնույն ժամանակ ՀՀ՝ պատվիրակությունը հրատարակեց երկու հատոր «Հայաստանը տնտեսական տեսակետով» և «Հայկական հարցը»: Այդ երկու հատորները, որ լայնօրեն տարածում էինք պատգամվորների շրջանում, պարունակում էին Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի վերաբերյալ բոլոր գլխավոր փաստերը:

Սկսվեցին խորհրդաժողովի աշխատանքները, որի ամբողջ տևողության ընթացքում մեզ օգնում էին շվեյցարացի Կրաֆթ Բոնարը, Նավիլը, ամերիկացի Բերրին և Մոնգոմերին, անգլիացի Օլիվր Բոլդվինը, Բըքստընը, Հարիսը, Մըլոունը, Լորդ Սիսիլի քարտուղարը, ռուս Մանդելշտամը և ուրիշ շատ շատեր: Նրանք աշխատում էին մեծ եռանդով, առանց շահախնդրության, ամբողջ հոգով նվիրված մեր գործին: Խորհրդաժողովի տևողության ընթացքում, հինգ ամիս շարունակ, այս անձինք ցույց տվեցին մեզ ջերմ աջակցություն, խորհրդակցում էին մեզ հետ մեր անելիքների մասին, անվերջ դիմումներ էին հղում իրենց երկրների պատվիրակություններին և մեզ իրազեկ պահում նրանց տրամադրությունները:

Հայասերների միությունը շարունակ նիստեր էր ունենում և իր կողմից դիմումներ հղում բոլոր պատվիրակներին, մինչև իսկ՝ ռուսականին: Այդ անձնվեր աշխատանքը լավագույն ապացույցն է այն տաք բարեկամության, որ տածում էին դեպի մեզ Եվրոպայի մտավորակնության լավագույն ներկայացուցիչները:

Մեր բարեկամները հանդես էին գալիս որպես մեր դատի պաշտպաններ, հաղորդակիցներ և մեր պահանջները առաջադրողներ:

***

Մեր առաջին քայլերից մեկը եղավ տեսակցել թուրքական պատվիրակության նախագահ Իսմէթ փաշայի հետ: Այդ վերին աստիճանի հատկանշական տեսակցությունը, որ ստանձնել էին Թուրքիայի նախկին նախարար և Ազգային պատվիրակության անդամ Սինապյանը և Լևոն Բաշալյանը, մանրամասնորեն նկարագրված է վերջինիս կողմից, իբրև գրական կտոր, և երևի մի օր հանձնվի հրատարակության:

Հետաքրքրականն այն էր, որ Իսմէթ փաշան՝ Անկարայի կառավարության այսօրվա նախագահը, այնպիսի դիրք էր ընդունել, որ իբր թե իրեն բոլորովին ծանոթ չէ հայկական հարցը, որ հայերը Թուրքիայում ապրում են գոհ ու երջանիկ և որ դժգոհ տարրն է միայն, որ թողել է հայրենիքը և մեկնել արտասահման:

Մերոնց այն հայտարարությանը, թե հայերը իրենց բնակավայրերից բռնի քշվում են և նրանց ունեցվածքը խլվում է, Իսմեթը պատասխանում է.

– Դուք գիտեք, որ հայերը սիրում են ճամբորդել: Պատճառն այդ է, որ հաճախ թողնում են Թուրքիայի կետրոնները և մեկնում Պոլիս:

Օգտվելով իր ծանր լսողությունից, նա ցույց է տալիս, իբր թե չի լսում բոլոր այն հարցերը, որոնց համար պատասխան չուներ, կամ անհարմար էր գտնում պատասխանել: Իսմեթն անտեղյակ էր ձևանում անգամ հայերի հողային պահանջների գոյության մասին: Չէ՞ որ հայկական սահմաններին վերաբերող բոլոր խնդիրները արդեն լուծվել էին Թուրքիայի կողմից հատուկ դաշնագրերով:

Սա եղավ մեր և թուրքերի վերջին տեսակցությունը:

Բացի զուտ քաղաքական խնդիրները, Լոզանում առաջին օրից սկսած մենք պահանջում էինք նաև Թուրքիայի սահմաններից հայերի վտարման դադարեցումը: Մեր ձեռքում կային անհերքելի փաստեր, որոնք ապացուցում էին, թե ինչպես թուրքերը ամենաստոր ձևերով հայերին վտարում էին իրենց բնակավայրերից և գրավում նրանց ունեցվածքը: Այդ փաստաթղթերը ևս ներկայացրեցինք խորհրդաժողովին: Որևէ արդյունք չեղավ:

***

Մենք շարունակում էինք մեր տեսակցությունները բոլոր նրանց հետ, որոնք այսպես թե այնպես կարող էին օգտակար լինել մեզ և հայտնում էինք նրանց մեր պահանջները՝ տալով մեր մանրամասն հուշագիրը: Հանդիպեցինք նորվեգացի հայտնի գործիչ Նանսենի հետ, ով հանդիպել էր Իսմէթ փաշայի հետ և ստացել բացասական տպավորություն: Հանդիպեցինք նաև ամերիկացի ներկայացուցիչներ Չայլդի և Գրիյի հետ: Նրանք մեզ ասացին, որ թեև իրենք խորհրդաժողովին մասնակցում են կիսապաշտոն կերպով, լոկ իբրև դիտորդներ, բայց և այնպես, հրահանգ ունեն նպաստել հայկական հարցի լուծմանը:

Ես այցելեցի Պոլսի ամերիկյան բարձր կոմիսար ծովակալ Բրիսթոլին: Նա ևս ոչ մի հույս չուներ թուրքերի զիջողական քաղաքականության վրա, բայց խոստացավ շոշափել նրանց կարծիքը: Եղանք «Թանին»-ի նախկին խմբագրապետ և խորհրդարանի նախագահ Հյուսեյին Ջահիդի մոտ: Նա մեզ ասաց, որ ինքը ոչ մի հեղինակություն չունի թուրքական պատվիրակության մեջ և Լոզանում է ոսոկ լրագրողի հանգամանքով: Այցելեցինք ֆրանսիական ներկայացուցիչ Բոնարին, անգլիացի Ռումբոլտին, իտալացի Գարոնիին: Բոլորը միաբերան կրկնում էին գրեթե նույնը՝ թուրքերը չեն ուզում զիջել ոչ միայն հայկական, այլև դաշնակիցների անմիջական շահագրգռության առարկա մյուս բոլոր խնդիրներում, ինչպես, օրինակ, պարտքերի, մենաշնորհների, եվրոպական դատարանների, նեղուցների, Մոսուլի ուղղությամբ սահմանի որոշման և մյուս հարցերում:

Եվ հիրավի, բոլոր այս խնդիրներում եվրոպացիները ստիպված էին զիջել թուրքերին, և միայն Մոսուլի խնդիրն էր, որ անցավ Ազգերի լիգայի Խորհրդին և վճռվեցա հոգուտ Անգլիայի և Իրաքի:

Փոքր պետությունների ներկայցուցիչները որևէ արժեք չունեին խորհրդաժողովի աչքին: Պարտված հույները, որ տակավին չէին ճանաչում իրենց նախարարական դահլիճը, սերբերն ու բալկանյան մյուս մանր պետությունները, որ վախենում էին բոլշևիկներից և չէին ուզում նրանց հոգատարությանը հանձնել որևէ հողամաս, անկարող էին ազդեցություն գործել: Մինչդեռ Կարսի և թուրքական վիլայեթների մեր պահանջը նրանց աչքին դա էր նշանակում:

Հայոց Ազգային օջախ հիմնելու խնդիրը ևս հանդիպեց թուրքերի լուրջ դիմադրությանը: Մեր պահանջներին ավելի ուժ տալու նպատակով հայասեր բարեկամները ամեն կողմից Լոզան ուղարկեցին հազարավոր գրություններ: Դիմումներ արեցին Հայասերների միջազգային միությունը, ֆրանսացի մտավորականները, գերմանական քաղաքական գործիչներն ու մտավորականները, Շվեյցարիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի բազմաթիվ համալսարաններ ու գիտական հաստատություններ, հայկական ազգային և քաղաքական կազմակերպություններ:

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ոտքի ելավ՝ պահանջելու Լոզանի խորհրդաժողովից բավարարություն տալ հայկական բաղձանքներին: Եվ իրավունք ուներ Լորդ Քըրըզնը խորհրդաժողովում դիմել թուրքերին, ասելով.

«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը մեզ է նայում և սպասում, որ դուք բավարարություն տաք հայերին»:

Սակայն Իսմեթ փաշան պատասխանեց.

«Քաղաքակիրթ աշխարհը ավելի շատ ձեզ է նայում, որովհետև դուք եք, որ անվերջ խոստումներ եք տվել հայերին, իսկ մենք որևէ խոստում չենք տվել»:

Բացի մեզ, մեր բարեկամները ևս դիմումներ էին անում զանազան ուղղություններով և նրանց տպավորությունը նույնն էր, ինչ որ և մերը: Ամենուրեք լսում էինք համակրական խոսքեր, բայց չէինք տեսնում թուրքերի վրա ազդելու որևէ գործնական միջոց: