Ձեզ ենք ներկայացնում խորհրդային 8 տարիների քաղկալանավոր Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» հատորից մի կտոր: Գիրքը 2018-ին հրատարակել է ԱՆԻ կենտրոնը:
Ժենյա Անդրյուշինը ֆիզիկոս էր, գիտությունների թեկնածու։ Նաեւ փիլիսոփայություն էր ուսումնասիրել։ Բազմաբնույթ հետաքրքրություններով, բազմակողմանի զարգացած մարդ էր։ Նստած էր հակախորհրդային ագիտացիայի ու պրոպագանդայի համար։ Մոսկվայից էր։ Ծնվել էր 1951-ին, իսկ 1982-ին դատապարտվել էր 3 տարի ազատազրկման եւ 2 տարի աքսորի։
35-րդ կալանավայրում ես նորեկ եմ։ Անդրեյ Շիլկովի հետ կալանավայրի տարածքով քայլում ու զրուցում ենք հայ ժողովրդի պատմությունից։ Անդրեյը պատմաբան է ու ահագին բան գիտի մեր պատմությունից։ Խոսում ենք Եղեռնից, Հայաստանի կորսված տարածքներից։ Մեզ է մոտենում Ժենյան։ Անդրեյը կարճ տեղեկացնում է նրան մեր զրույցի բովանդակության մասին։ Զրուցում ենք միասին։ Միանգամից պարզում եմ՝ Անդրյուշինը հետաքրքիր զրուցակից է ու մտքում որոշում եմ՝ հաճախ եմ հետը քայլելու։
Գիտի, որ ինքնակրթությամբ եմ զբաղվում ու հետն էլ մարքսիզմ-լենինիզմ եմ ուսումնասիրում։ Պարզվում է՝ ինքն այս ամենը վաղուց, դեռ ուսանողական տարիներին, անցել է։ Բերում է երկու գիրք՝ Ալբերտ Շվեյցարի մասին եւ Շվեյցարի «Նամակներ Լամբարենեից»-ը, որոնք կարդում եմ մեծ հետաքրքրությամբ։
Հաջորդ օրերին սկսում ենք կարդալու եւ ուսումնասիրելու ենթակա գրականության նոր ցուցակ կազմել ինձ համար։ Ցուցակը շատ մեծ է ստացվում։ Ոչ մի կերպ չի տեղավորվում իմ ազատազրկման ժամկետի մեջ։
-Դիմում գրիր Հայաստանի ՊԱԿ, թող պատժաչափդ ավելացնեն, – ծիծաղում է Ժենյան։
Մեր ցուցակը հարուստ էր, մեծ, ու սրան զուգահեռ՝ հետաքրքիր, անչափ հետաքրքիր զրույցներ ու քննարկումներ։ Վստահորեն կարող եմ կյանքիս այս շրջանը իմ վերաձեւավորման շրջան անվանել։ Այն Հարությունյան Վարդանը, որ կար մինչեւ 1983 թվականը, էական փոփոխություններ կրեց այդ շրջանում, ու այսօրվա Հարությունյան Վարդանն ավելի շատ 1983-ի արդյունք է։
1985-ին, մի քանի ամսվա տարբերությամբ, մենք աքսորավայրում էինք։ Ես՝ Մագադանում, իսկ Ժենյան՝ Կոմի ինքնավար մարզում։ Իրար նամակ էինք գրում։ Ժենյան 1987-ին ազատ արձակվեց, իսկ մեկ տարի անց եկավ իմ ազատվելու ժամանակը։ Ժենյան գիտեր, որ Մոսկվայով եմ Հայաստան վերադառնալու եւ ինձ հրավիրեց իր տուն։ Խառը, բայց նաեւ անչափ հետաքրքիր ժամանակաշրջան էր 1988 թվականը։ Մեկ շաբաթ, գուցեեւ ավելի, մնացի Ժենյայենց տանը՝ մինչ Մոսկվայում նախաձեռնած մի քանի գործ ավարտելս։ Հիմա էլ մեր կապը խզված չէ։ Ժենյայի հետ բարեկամությունս իմ կարեւորագույն ձեռքբերումներից է։