Նիկոլ Փաշինյանը Սինգապուրում հանդիպել է վարչապետի և նախագահի հետ

687

Եռօրյա պաշտոնական այցով Սինգապուրում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր, հուլիսի 8-ին, բանակցություններ է վարել այդ երկրի նախագահ Խալիմա Յակոբի և վարչապետ Լի Սյեն Լունի հետ:

Վարչապետների բանակցությունների ավարտին Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվեց հինգ փաստաթղութ՝ մեկ համաձայնագիր և չորս հուշագիր: Համաձայնագիրը վերաբերում է երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառող փաստաթղթին, իսկ հուշագրերը ընդգրկում են զբոսաշրջությունը, կրթությունը,գիտությունը, մշակույթը և սպորտը, ինչպես նաև՝ բնապահպանությունը:

Այսօր վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Temasek ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի և Սինգապուրի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսին: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը փոքր է: Այսպես, 2018-ին Հայաստանից արտահանումը կազմել է 700 հազար դոլար, ներմուծումը՝ 1,5 միլիոն դոլար:

Նախքան Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2012թ. մարտին, ինչպես նաև արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էդվարդ Նալբանդյանը համապատասխանաբար 2005-ի հոկտեմբերին և 2012-ի մարտին:

Սինգապուրի բարձրաստիճան պաշտոնյաներից Հայաստան այցելել են նախկին վարչապետ և այցի ժամանակ ավագ նախարար Լի Քուան Յուն 2009-ի սեպտեմբերին և առևտրի ու արդյունաբերության նախարար Դր Կոհը 2016-ի մարտին:

Այսօր վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Սինգապուրի գործարարների միության ներկայացուցիչների հետ, իսկ վաղը՝ հուլիսի 9-ին, այցի վերջին օրը, կհանդիպի Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինի հետ, ինչպես նաև կայցելի այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդի գրասենյակ:

Թաթուլ Հակոբյան

Սինգապուր