Վիետնամը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Նիկոլ Փաշինյան

922

Վիետնամը Հայաստանի համար կարևոր գործընկեր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հանոյում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վիետնամցի գործընկեր Նգույեն Սուան Ֆուքի հետ հետ այսօր, հուլիսի 5-ին կայացած հանդիպումից հետո:

«Մենք տպավորված ենք Վիետնամի տնտեսական առաջընթացով, մակրոտնտեսական ցուցանիշներով: Վիետնամը լուրջ տնտեսություն ունեցող երկիր է, որի հետ համագործակցությամբ հետաքրքրված են աշխարհի բոլոր տարածաշրջանների երկրները»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը նույնպես առաջարկելու բան ունի. «Մեր արտաքին տնտեսական հարաբերությունների լայն շրջանակը կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել վիետնամական արտադրողների համար: Հայաստանը կարող է ծառայել որպես հարթակ, որը հնարավորություն է ընձեռում դուրս գալ Եվրոպական միության, ԱՊՀ երկրների, Վրաստանի, Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների տնտեսություններ»:

Վիետնամը Հայաստանից տարածքով մեծ է ավելի քան 10-ն անգամ, բնակչությամբ՝ 30 անգամ: Երկրի տարածքը 329 247 քառակուսի կիլոմետր է, բնակչությունը՝ 92 միլիոն։

 Վերջին տարիներին Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը աճում է: Ճիշտ է, այդ ապրանքաշրջանառությունը հիմնականում մեկ ուղղությամբ է: 2018-ին Հայաստանը Վիետնամ է արտահանել ընդամենը 566 հազար դոլարի արտադրանք, մինչդեռ նույն տարում ներմուծումը կազմել է ավելի քան 46 միլիոն դոլար:

«Մենք կարևորություն են տալիս Վիետնամ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը և ուրախ ենք, որ Հայաստանը հաղթահարել է վերջին ներքաղաքական ճգնաժամը»,- ասաց Նգույեն Սուան Ֆուքը՝ ընդգծելով, որ բանակցությունների ընթացքում Հանոյն ու Երևանը պայմանավորվել են միմյանց հետակետները հաշվի առնել ու հարգել միջազգային տարբեր հարթակներում:

 Բարձր մակարդակով հայ-վիետնամական բանակցությունների ընթացքում քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության առկա խնդիրները:

Կողմերը վերահաստատել են, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում կկայանա հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ հանդիպումը (առաջինը կայացել է 2017-ին), ինչպես նաև միաժամանակ՝ բիզնես-ֆորում:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ ֆորումին ներկա կլինեն վիետնամցի գործարարներ:

Վաղը, հուլիսի 6-ին, Փաշինյանը հանդիպելու է Վիետնամի Առևտրի պալատի ղեկավարության և գործարարների հետ:

Թաթուլ Հակոբյան

Հանոյ