Ստեփան Խմարա. Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը»

638

Ձեզ ենք ներկայացնում խորհրդային 8 տարիների քաղկալանավոր Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» հատորից մի կտոր: Գիրքը 2018-ին հրատարակել է ԱՆԻ կենտրոնը: 

Ստեփանն իմ ճանաչած ամենաամուր ու կոմպրոմիսի չգնացող մարդկանցից մեկն էր։ Այսօր էլ նույնն է մնացել։ Կալանավայրում սկսված մեր բարեկամությունը շարունակվում է։ Առիթի դեպքում, երբ լինում եմ Կիեւում, մենք հանդիպում ենք։ 1990-ից հետո մի քանի անգամ նա ընտրվեց Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր։ 2006 թվականից Ուկրաինայի հերոս է։ Այս ամենաբարձր կոչմանն են արժանացել ուկրաինացի մի քանի քաղբանտարկյալներ՝ բանաստեղծ եւ 36-րդ հատուկ ռեժիմի (զոլավոր) կալանավայրում մահացած Վասիլ Ստուսը, ավտովթարի զոհ դարձած հայտնի այլախոհ Վյաչեսլավ Չերնովոլը, 30 տարուց ավելի ազատազրկման վայրերում անցկացրած Յուրի Շուխեւիչը, ընդհանուր հաշվարկով 26 տարի ազատազրկված Լեւկո Լուկյանենկոն։

Ստեփանը ծնվել է 1937-ին, մասնագիտությամբ ստոմատոլոգ էր։ 1960-ական թվականներից զբաղվել է ինքնահրատ գրականության տարածմամբ։ 1972-ին, Վյաչեսլավ Չերնովոլի  կալանավորումից հետո, նախաձեռնում է Չերնովոլի հիմնադրած «Ուկրաինական նորություններ»(Український вісник)  հանդեսի հրապարակման գործը։ Նրան են միանում ազգանվանակիցներ՝ լրագրող Օլես Շեւչենկոն եւ Վիտալի Շեւչենկոն։ 1974-ին նրանք ոչ միայն հրապարակում են հանդեսը, այլեւ հրապարակած հանդեսի ֆոտոժապավենը կարողանում են արեւմուտք փոխանցել, որը հրապարակվում է ուկրաիներեն, ապա նաեւ անգլերեն եւ անմիջապես դառնում 1970-ականների առաջին կեսին Խորհրդային միությունում ընթացող բռնությունների ուսումնասիրման կարեւոր աղբյուրներից մեկը։ Նրանք հասցնում են նաեւ հանդեսի հաջորդ համարների հրապարակման համար բավականաչափ նյութ կուտակել։ 1975 թ․ պետանվտանգության կոմիտեն փորձում է կալանավորել Ստեփանին, բայց որեւէ կերպ մեղադրանքը հաստատող ցուցմունքներ հայթայթել չի կարողանում։ Միայն 1980-ինէ ՊԱԿ-ը հաստատուն տեղեկություններ ստանում այն մասին, որ «Ուկրաինական նորությունների» թողարկումները պատրաստել է Ստեփան Խմարան՝ Օլես եւ Վիտալի Շեւչենկոների հետ, եւ կալանավորում է նրանց։ Ստեփանի պատժաչափը խիստ ուկրաինական էր՝ հոդվածով նախատեսված առավելագույնը՝ 7 տարի ազատազրկում եւ 5 տարի աքսոր։

Այս առումով ուկրաինացիները տարբերվում էին մյուսներից։ Հայերիս պատժաչափերն էլ էին մեծ լինում։ Հատկապես 1978-ից՝ Մոսկվայի մետրոյի պայթյունից հետո։ Բայց, միեւնույն է, ուկրաինացիներն այս հարցում մրցակից չունեին։ Նրանց պատժաչափերը շատ քիչ դեպքերում էր, որ հոդվածով նախատեսված առավելագույնը չէր լինում։

Ուկրաինացիները կալանավայրերում շատ էին ու ակտիվ։ Չնչին դեպքեր էին լինում, որ ուկրաինական ազգային շարժման ներկայացուցիչները հայտնվեին կալանավայրերում եւ ակտիվ կալանավորի համարում չունենային։ Հատուկ վտանգավոր ռեցիդիվիստների ճամբարում, որտեղ գտնվում էին երկու եւ ավելի անգամ քաղաքական հոդվածով դատապարտված քաղբանտարկյալները, ուկրաինացիները մեծամասնություն էին կազմում։ Հայերից այնտեղ միայն երկուսն են եղել՝ Աշոտ Նավասարդյանը եւ Ազատ Արշակյանը։ Ուկրաինացիներըշատ էին նաեւ Մորդովիայում գտնվող կին քաղբանտարկյալների գաղութում։

Նրանք պարտադիր գալիս էին մեծ պատժաչափերով ու դրսում սկսած իրենց պայքարը կալանավայրում շարունակելու հաստատակամությամբ։ Ուկրաինական ահա այս փայլուն սկզբունքների կրողներից էր նաեւ Ստեփանը։

35-րդ կալանավայրում մենք շատ արագ մտերմացանք։ Ժամանակ անց՝ շատ կարճ ժամանակով, ինձ տեղափոխեցին 37-ի փոքր, ապա՝ 36-րդ կալանավայր, որտեղ 35-ից արդեն տեղափոխել էին Ստեփանին, ու մենք կրկին միասին էինք։