Անին՝ Ախուրյանի այս ափից

1223

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին:

Շատ գարուններ բոլորեցին կյանքիս վրայով, բայց ես մնացի կարոտը սրտիս. ես այլևս չտեսա Անին:

Իմ մանկական ու պատանեկան կյանքի ամռան ամիսները կապված են եղել այդ նվիրական քաղաքի հետ: Ես այնպես ձուլվել էի նրան, որ իմ բացակայությունը Անիից երազանքների ու տառապանքների ծայր էր բաց անում իմ անհանգիստ հոգու մեջ:

Անիից հետո սկսվում է իմ անդատսական կյանքը՝ լի արկածներով ու նեղություններով: Ես էլ չգիտեմ, թե ինչո՞վ բացատրել այն, ինչ կատարվում էր իմ ներաշխարհում: Մի տեղ չէի կարողանում հանգիստ մնալ՝ թափառումներ, պանդխտություն:

Եվ այդ հոգեմաշ վիճակում ինձ հետ պատահեց սոսկալին. նա ցնցեց իմ ամբողջ էությունը: Ես ներկա եղա ու վշտակից զարհուրելի մի մեծ եղեռնի, որ մարդուս երևակայությունն անգամ անզոր է պատկերել: Արյունով հեղեղված Իզմիրի ահասարսուռ դեպքերն էին դրանք 1922 թվականի օգոստոսի վերջերին: Մի կողմից մահաշունչ ահռելի հրդեհը՝ բռնկված քաղաքի ամբողջ երկարությամբ իր կործանիչ շնչով առաջ էր շարժվում դեպի ծովափ, ճանապարհին լափելով, հուր ու մոխիր դարձնելով ամեն ինչ, մյուս կողմից՝ առևանգում, խոշտանգում ու բնաջնջում հայ տարաբախտ ժողովրդի: Եվ այդ բոլորը կատարվում էր «քաղաքակիրթ» եվրոպացիների աչքերի առջև: Իզմիրի ծովախորշում կանգնած անգլիական, ամերիկյան, ֆրանսիական և այլ պետությունների ռազմանավեր սոսկ հանդիսատեսի դերում էին:

Այդ օրերին Իզմիրում էր գտնվում «Աբելյան-Սուրաբյան» թատերախումբը, որի ամդամներից մեկն էր տողերիս գրողը:

Տասներեք մղձավանջային ծանր օրեր ու անքուն, տանջալից գիշերներ անցկացրի արյունի ու սարսափների աշխարհում: Տնքում էր հոգիս ցավատանջ վշտերի ու տառապանքների մեջ:

Վերջապես մենք ազատվեցինք այդ դժոխային կառափնատնից ու անցանք Հունաստան:

Հունաստանում երկար չմնացի: Հրաժեշտ տալով իմ արվեստակից ընկերներին, անցա Բուլղարիա:

Մոտ երեք տարի ես թափառում էի Բուլղարիայի քաղաքներն ու ավանները՝ պոլսահայ դերասան Խաչիկ Պալյանի հետ կազմակերպելով ներկայացումներ:

 Մի օր Պլովդիվ քաղաքում՝ Փարիզում հրատարակվող հայկական թերթում կարդում եմ.

«Մոտ օրերս պրոֆ. Մառը Փարիզի հայ ուսանողներու համար պիտի բանախոսե… նյութի շուրջ»:

Անին ամբողջ հասակով կանգնեց իմ աչքիս առջև:

Ես նամակ գրեցի պրոֆ. Մառին: Հասցեն չգիտեի: Գրեցի այսպես՝ Փարիզ, Հայոց եկեղեցի, պրոֆեսոր Մառին:

Այսպես են գրում հասցեները սփյուռքի բոլոր պանդուխտները իրենց հարազատներին, ծանոթնրին և ընկերներին, երբ ստույգ հասցեն չեն իմանում:

Որոշ ժամանակից հետո ես ստացա պրոֆեսորից նամակ սրտառուչ, ջերմ տողերով գրված:

Ստորև բերում եմ պրոֆ. Մառի նամակը:

«Սիրելի Արտաշես (վնաս չունի եթե Արա ես):

 Ձեր նամակը ստացա: Իմ մեջ արթնացան անցյալի քաղցր հիշողություններ՝ կապված Անիի հետ:

Դուք գրում եք Վոլոդյայի և Յուրիի մասին: Վոլոդյան այլևս չկա, Յուրին պրոֆեսորացու է: Նա այս ամառ պետք է մեկնի Պարսկաստան, երևի միասին կերթանք:

Ես գնացել էի Սպանիա՝ բասկերի լեզուն ուսումնասիրելու: Մոտ օրերս վերադառնալու եմ Լենինգրադ:

Ինձ շատ զարմանք պատճառեց Ձեր ստորագրության նախորդ բառը:

Ներեցեք, իհարկե, եթե հարցումովս Ձեր վշտի վրա նոր վիշտ եմ ավելացնում:

Ինչո՞ւ ողբացյալ: Դուք չեք գրում Ձեր ծնողների առողջության մասին:

                                                                                           Հարգանոք Ն. Մառ»:

Որքան անկեղծություն ու ջերմություն զգացի այս թանկագին նամակի տողերի մեջ: Իմ առջև կանգնեց Անին լուռ ու սգավոր…

Պանդուխտությանս օրերին ես իմ ստորագրությանը ավելացրել էի մի բառ՝ «Ողբացյալ Վրույր-կրտսեր», և որոշել էի, որ այդ «ողբացյալ» տիտղոսը չհանել մինչև որ պանդխտության ցուպը վայր չդնեմ: Եվ Մառին գրած նամակում այդպես էլ մեքենայաբար ստորագրել էի՝ ողբացյալ Վրույր-Կրտսեր, և հարգելի գիտնականը իր գրած նամակում զարմանքով հարց է տալիս ինձ- «ինչո՞ւ ողբացյալ»:

– Այո, հարգելի պրոֆեսոր – «ողբացյալ», այդքան դառն տառապանքներից ու վերաբերմունքից հետո «ողբացյալը» միայն կհարմարի: Նա մի կողմ կշպրտվի, երբ ես ոտք կդնեմ հայրենի հողի վրա, փույթ չէ, թե այնտեղ մի փոքրիկ հյուղակում կապրեմ, ահա այն ժամանակ դեն կշպրտեմ պանդխտության ցուպս ընդմիշտ:

Եվ ահա 1925 թվականի վերջերին հունական «Խարալամբոս» նավը, որը բերում էր հայրենակարոտ մեր եղբայրներին ու քույրերին իրենց հայրենի հանգրվանը՝ Խորհրդային Հայաստան, ես ևս հայրենադարձվեցի:

1926 թվականի մայիս ամսին ես մի կողմ նետեցի պանդխտության ցուպը և քայքայված ու հյուծված մեկնում եմ հայրենիք: Եվ երբ գնացքը Աղին կայարանից շարժվեց Դեպի Անի կայարան, ես գնացքի վագոնի լուսամուտին կառչած անթարթ հայացքով սրտատրոփ սպասում էի իմ սիրելի Անիին: Նա պետք է երևար Աղին-Անի երթուղու ընթացքին:

Շոգեքարշը հևալով առաջ էր սլանում, և հանկարծ բացվում է բլուրների արանքը և վաղ առավոտի մեղմ ճառագայթների ներքո հեռվում երևում է Անին

Ես փշաքաղվեցի, գլուխս պտտվեց. մի պահ աչքերս մթագնեցին և ապա մշուշապատ, աղոտ գույներով անապատում անուրջի նման, որպես քաղցր երազ, երևույթացան տեսիլքներ, ականջիս հնչող Անիի Աստվածամոր տաճարի խոշոր զանգի դյութիչ ղողանջների ներքո որպես զարթոնքի շեփոր…

Եվ շարժանկարի ժապավենի նման արագ, մեկը մյուսի ետևից գալիս անցնում էին տարբեր երևույթներ քաղցր ու դուրեկան, հիշողությանս մեջ արթնացնելով դեռ մոտ անցյալի շնչող նոր Անին

Ահա ավագ անեցին, բազմահմուտ գիտնականը , նա համընթաց քայլում է քաղաքի ավերակների ու փլատակների մեջ խորասուզված ծանր խոհերով: Նրա ոտներին բարձրավիզ կոշիկներ կային, գլխին անգլիական ճերմակ գլխարկ, ձեռքին եղեգնյա երկար գավազան…

Իսկ այստեղ, Մայր տաճարի մոտ քարակույտերի վրա նստած է ևս մի անեցի, նա թավ հոնքերի տակից իր խորթափանց հայացքը ուղղած տաճարին, խուզարկելու աչքերով պրպտում է մի ինչ-որ բան: Նրա կողքին կանգնած է Կարապետը չափագրական երկար ձողերը ձեռքին:

Ահա և նոր Անիի հին անեցին՝ խանդավառ արվեստագետը. նա կանգնած է խորախորհուրդ վիշապակիր բուրգի կողքին լուսանկարչական գործիքը ձեռին…

Դեպի Առաքելոց ձգվող շավղով կայտառ քայլերով ընթանում է երիտասարդ գիտնականը՝ Հովսեփ Օրբելին, ձեռքին բռնած ունի մի մատյան՝ դա Անի քաղաքի «Քարե մատյանն» է…

Ահա քայլում է հայր-Միքայելը գավազանը ձեռին դեպի Մայր տաճար…

Այնտեղ, քարակույտերի թմբերի միջով, դեպի Իգաձոր տանող շավղով, ձգվում է մի քանի ավանակներից կազմված փոքրիկ քարավանը, ավանակների մեջքերին ամրացված տակառիկներով: Նրանց առջևից պոչը տնկած զվարթ խայտում է փոքրիկ «Բոչկան»: Քարավանի ետևից քայլում է ծերունի ջրկիրը մխացող չիբուխը բերանին, որ ետևից ծանրաքայլ ընթանում է զառամյալ մի գամփռ: Այդ «շքախումբը» Իգաձորի վրայով պետք է գնա Ծաղկոցաձոր՝ ջուր կրելու անեցիների համար:

Հյուսիսային ամրությունների Ավագ դռան մոտ աշակերտական համազգեստով կանգնած է մի պատանի՝ վրձինը ձեռքին՝ դա Միքայելն է, Անիի արվեստի ուխտավորը: Նա հայացքը ուղղել է Անի քաղաքի խորհրդանշանին…

Տատասկներով ծածկված ամայի դաշտերի միջից դեպի մայրաքաղաք ձգվող ճանապարհով, փոշու ամպերի մեջ կորած, սուրում է կարմիր երիվարին հեծած մի մարդ: Վաղորդյան արևի ճառագայթների տակ նրա կռնակին փայլում է հրաշունչ զենքի մետաղյա փողը. ես ճանաչեցի նրան, Անիի սուրհանդակն է նա…

Այնտեղ միջաբերդի բարձունքում, ավերակների մեջ, շարժում կա: Բազմաթիվ բանվորներ, զինված բահերով ու բրիչներով՝ աշխատում են…

Ես տեսա շատ անեցիների. ահա եղբայրս՝ Արան, Վահրիճը, Վոլոդյան, իմ մանկա-պատանեկան օրերի ընկերները Անիում: Տեսա Տարագրոսին, Ն. Բունիաթյանին, Աշխարհբեկ Քալանթարին, Տոկարսկուն, Ագոյին, Օհանին, Արամին, փոքրիկ Այծեմնիկին, Հեղինեին, Արեգնազին, Արաքսիին, Ծաղիկին և շատ ուրիշների…

Ես կփափագեի, որ հարատևեին այդ քաղցր տեսիլները, կցանկայի լինել նոր անեցիների հետ, ես կբաղձայի շնչել նվիրական ավերակների ստեղծագործ շնչով…

Շոգեքարշը ծանր հևոցով իր ուղին բռնած շարժվում էր առաջ: Արանքը անցավ, գորշ բլուրները թանձր վարագույրների նման եկան, ծածկեցին ամեն ինչ…

Շոգեքարշը սուլեց. ես սթափվեցի: Անին անհետացել էր իմ տեսադաշտից: