35-րդ կալանավայր. Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը»

730

Ձեզ ենք ներկայացնում խորհրդային 8 տարիների քաղկալանավոր Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» հատորից մի կտոր: Գիրքը 2018-ին հրատարակել է ԱՆԻ կենտրոնը: 

Ինչքան էլ որ կալանավայրերն իրարից մեկուսացված են, տեղեկությունները բավականին արագ տեղ էին հասնում։ 35-ում արդեն գիտեին իմ, մեր ստատուսի եւ իմ կարցերային ոդիսականի մասին։ Հիվանդության սրացման պատճառով Մարզպետին պատժիչ մեկուսարանից դեռ դեկտեմբերին հիվանդանոց էին տարել, իսկ հիվանդանոցը կից էր 35-ին։ Նա էր պատմել իր հետ նույն սենյակում գտնվող 35-ից մի հիվանդ կալանավորի։ Սա էլ իր հերթին կալանավայրում էր պատմել։ Այստեղ էր Վանյա Իզվեկովը՝ մեր ընկերը, որը մեզ հետ պատժիչ մեկուսարանում էր։ Շատ շուտ պարզվեց, որ Իվան Իզվեկովն այլեւս նախկինը չէ։ Թե ինչ էր պատահել, ինչ զրույցներ էին  վարել նրա հետ, ինչ համաձայնության էր եկել՝ չցանկացա նույնիսկ տեղեկանալ։ Սկսեցի քիչ շփվել նրա հետ։ Մնացել էր միայն դեպքից դեպք «բարեւ, ո՞նց ես»-ը, որն էլ ժամանակ անց դադարեցրի։

35-րդ կալանավայրը բոլորովին նման չէր 37-ին։ Նախ՝ մեծ էր ու գեղեցիկ։ Եթե, իհարկե, կարելի է «գեղեցիկ» բառն այս դեպքում օգտագործել։ Անտառի մի հատվածը ցանկապատերով ու փշալարերով առանձնացրել ու կալանավայր էին սարքել։ Կալանավայրի ներսի մի հատվածում ծառեր էին պահպանվել, տարածքն էլ կանաչ էր։ Ճիշտ է, այդ ծառերն էլ իրենց հերթին էին փշալարերով առանձնացրել, այնպես՝ որ մենք դրանց տակ չնստենք ու դրանց տակով չքայլենք, բայց ծառերի գոյությունն ինքնին հաճելի էր։ 37-ը նույնպես անտառի մեջ էր, բայց ժամանակին ինչ-որ հանքի տարածք էր եղել, կալանավայրի կողքը դեռ պահպանվել էր հանք իջնելու աշտարակն՝ իր ճախարակներով հանդերձ, իսկ կալանավայրի տարածքում նոր տնկած ու դեռ կարճլիկ եղեւնիները չհաշված, կար մեկ ոչ մեծ կեչի։ 35-ում ամենահաճելին տարածքի մեծությունն էր։ Կալանավորներն էլ էին շատ։ Մոտավորապես 60-70 մարդ կլիներ։ Այստեղ կալանավորները տեղավորվում էին բնակելի հատվածի տարբեր սեկցիաներում։

Մեր էտապից անմիջապես հետո այս կալանավայրում էին Եղիազարյան Սամվելը եւ Ալեքսանդր Մանուչարյանը։ Ինձ այստեղ բերելու պատճառով երկուսին էլ հենց նույն օրը տեղափոխեցին 37-րդ կալանավայր։ Հսկիչը ցույց տվեց մահճակալը, որի վրա պետք է քնեի։ Ծանոթացա իմ սեկցիայում ապրող կալանավորների հետ։ Երեկո էր արդեն, բոլորը՝ հատկապես տարեցները, մի տեսակ հետաքրքրությամբ էին նայում ինձ։ Առավոտյան արթնանալուց ու լվացվելուց հետո, երբ մահճակալիս մոտեցա, կրկին ինձ ուղղված հայացքներ նկատեցի։ Մեր սեկցիա մտավ Ալեքսանդր Նիլովը, որն ինձ գիտեր դեռ 37-ից։ Նա 37-ի փոքրից էր։ Հարցրեց․

-Ինչպե՞ս քնեցիր, վատ երազներ չե՞ս տեսել։

Փայլուն քնել էի ու վատ երազներ տեսնելու տրամադրություն չունեի։

-Գիտես, քո մահճակալին քնողը, որ տարեց մարդ էր, քո գալուց կարճ ժամանակ առաջ մահացավ։ Կարծիք կա, որ նոր մահացածի մահճակալին քնելը վտանգավոր է, վախճանվածը գալու է ու սարսափեցնելու է անկոչ հյուրին, պահանջելու է հեռանալ։

Նոր հասկացա հետաքրքրասեր հայացքների իմաստն ու կատակի տվեցի․

-Չէ, այս գիշեր մահացածը չի եկել, երբ գա՝ նրա հետ մահճակալի հարցով լեզու կգտնեմ։

Պատերազմի ծերունի հանցագործներից եւ մերձբալթյան անտառային եղբայրներից բացի, մեր սեկցիայում էին հակախորհրդային ագիտացիայի եւ պրոպագանդայի համար դատապարտված վրացի Զուրաբ Գոգիան եւ հրեա Լյովա Շեֆերը։ Սեկցիաներում մարդկանց տեղաբաշխում էին ըստ աշխատանքի բնույթի։ Ձեռնոցներ կարողները մի սեկցիայում էին, խառատները եւ ընդհանրապես մետաղամշակմամբ զբաղվողները՝ մեկ այլ, հնոցապանները եւ այլ կարգի արհեստանոցների աշխատողները՝ այլ ու այսպես շարունակ։ Ժամանակ անց ինձ հանձնարարվեց աշխատել հնոցում, եւ տեղափոխվեցի հնոցապանների սեկցիա։ Բայց այդ աշխատանքս կարճ տեւեց։ Ինչ-որ թյուրիմացություն էր տեղի ունեցել։ Իմ գործի վրայի կարմիր գծի առկայությունը թույլ չէր տալիս, որ գիշերային հերթափոխում աշխատեմ։ Հնոցից ինձ տեղափոխեցին հյուսնի արհեստանոց։ Այս սեկցիայում նույնպես պատերազմի համար դատապարտվածները մեծամասնություն էին, իսկ «հակախորհրդային ագիտացիա ու պրոպագանդա» հոդվածով, որքան այսօր հիշում եմ, միայն ես ու Անատոլի Մարչենկոն էինք։